arusik

Իմ երեք վախերը

Պատահում է, որ ցանկանում ես լսել կարծիքներ, տեսնել քեզ ուրիշի աչքերով, հասկանալ, թե իրո՞ք քեզ ճանաչում են քո ընկերները, թե ոչ: Հազվադեպ կարող ես համակարծիք լինել նրանց հետ, բայց որքան էլ նրանք փորձեն մեզ ճանաչել՝ մենք վստահ ենք, որ մեզնից բացի ոչ-ոք չի ճանաչի մեզ այնպիսին, ինչպիսին մենք իրոք կանք:
Սովորական հինգշաբթի էր՝ յոթերորդ ժամ, դասը՝ Հայոց եկեղեցու պատմություն: Ընկեր Փիրումյանը՝ ուսուցչուհիս, հանձնարարություն էր տվել, և բոլորով աշխատում էինք: Երբ դասաժամը ավարտվեց, մենք հանձնեցինք թերթերը, ընկեր Փիրումյանը նայեց թերթիս ու մտածեց, թե կատարել եմ առաջադրանքը, բայց ես դրա փոխարեն գրել էի նամակ:
Հաջորդ շաբաթ նույն օրը, ընկեր Փիրումյանը սպասվածիս պես ինձ չհարցաքննեց: Բայց փոխարենը ասաց.
-Ես Արուսիկից շատ եմ վախենում:
Բոլորը զարմացան, իսկ ես հարցրի.
-Ինչո՞ւ ընկեր Փիրումյան:
-Որովհետև դու էլ ես վախենում:
Ես մի պահ զարմացա, չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս նա գլխի ընկավ, որ ես ինքս ինձնից վախենում եմ, կամ ինչո՞ւ է նա ինձնից վախենում: Մի քանի վայրկյան անց ես հարցրի.
-Ինչի՞ց, կամ ումի՞ց:
-Դու միայն քո ուժերից ես վախենում, ուրիշ ոչ մեկից:
Ես լռեցի: Զանգին մնացել էին հաշված րոպեներ:
-Լավ, հաջորդ դասի համար ինձ կներկայացնեք շարադրություն «Ով եմ ես» վերնագրով,- ասաց նա:
Ես հասկացա, որ նա փորձում է ճանաչել մեզ ավելի լավ: Հիշեցի Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը: Գրեթե նույն պատմությունն էր որոշ տարբերություններով:
Երբ հասա տուն, դեռ մտածում էի անցած դասի մասին ու հասկացա, որ ես նույնպես վախենում եմ ուսուցչուհուցս, ինչպես որ ինքն էր վախենում ինձնից: Նա հազվագյուտ ուսուցիչներից է, ով սիրում է փորփրել և ճանաչել մարդուն: Ես վախենում էի, որ նա կճանաչի ինձ: Փաստորեն ես, բացի ինձնից և իմ ուժերից, նաև վախենում եմ ուսուցչուհուցս: Երեկոյան ես սկսեցի գրել շարադրությունը և խոստովանեցի իմ այդ երեք վախերը, որոնք դեռ ոչ մեկին հայտնի չէին: Արդեն երեք շաբաթ է, ինչ ես գրել եմ այդ շարադրությունը, բայց դեռ չեմ հանձնել, գուցե երբեք էլ չհանձնեմ: