jemmapetrosyan

Իմ հասակակիցներին

Վաղուց չեմ գրել, իսկ հիմա ամենալավ առիթն է, որ մի փոքր ժամանակ տրամադրեմ ու գրեմ այն ամենը, ինչ հիմա հուզում է ինձ։

Ես ինքս ՀՀԿ-ի մի մասը չեմ կազմում։ Այն ժողովրդից եմ, ով այսքան ժամանակ ցույց էր անում, այն մարդկանցից եմ, ովքեր ապրում են գյուղում, այն երեխաների թվին եմ պատկանում, որոնց ծնողները իրենցից հեռու գտնվելով՝ աշխատում են, և այն մարդն եմ, ով այսքան ժամանակ չի նեղվել իր ապրելակերպից։ Ընդհակառակը, միշտ փորձել եմ թեկուզ և շրջապատումս ցույց տալ ավելին, քան եղել եմ։ Ապրում եմ իմ կյանքով։ Չեմ նախանձում այն երեխաներին, ովքեր ինձնից ավելին ունեն։ ՀՀ հպարտ քաղաքացի եմ, որ ունեմ ծնողներ, հարազատներ ու ընկերներ։ Այսքանն էլ ինձ բավարար է, չնայած նրան, որ հայրս ինձանից հեռու է, ու ես նրան չորս ամիսը մեկ եմ տեսնեմ, կամ վեց։

Այսօր ամեն աշխատանք էլ ունի իր դժվարությունը։ Այսքան ժամանակ լուռ հետևել եմ այն ամենին, ինչ կատարվել է հայրենիքումս։ Գիտե՞ք՝ ամաչում եմ ասել, որ այս ընթացքում քաղաքում չեմ եղել, չեմ մասնակցել քաղաքում տեղի ունեցող ցույցերին, որտեղ ամբողջ ժողովուրդը մի մարդ դարձած` պայքարել է ընդհանուր գաղափարի համար։ Փոխարենը, ամեն վայրկյան հետևել եմ սոցիալան ցանցերով, հեռուստատեսությամբ` ինչ-որ բան իմանալու նպատակով։ Հնարավորություն չեմ ունեցել, և բացի այդ` փորձել եմ գյուղում ինչ-որ բան անել։ Գիտեմ` ասածս զարմանալի չի թվա, բայց մենք գյուղի երեխաներով էլ ցույց արել ենք, բայց միևնույն է` ես ամաչում եմ քաղաքում ցույցերին չմասնակցելու համար։

Այսօր բոլորը իրենց անհատական կարծիքը ունեն։ Չի կարելի դիմացինին զրկել իր սեփական կարծիքից, չի կարելի դիմացինին վիրավորել կամ սին տեղեկություն տարածելով` փորձել մեկ ուրիշի աչքին բարձր երևալ։ Մի՞թե լեզվակռիվ տալով, մեկը մեկից հետ չմնալով` հարցին լուծում կտան, երևի որ լավ մտածենք, ավելի լավ ճանապարհներ կգտնենք։

Այսօր ես ժողովրդիս կողքին եմ հոգով և սրտով, բայց չեմ մեղադրում նաև այն մարդկանց, ովքեր ՀՀԿ-ից են։ Նրանք են ընտրել իրենց ճանապարհը, ինչքան էլ մեզ դժվար լինի կամ դուր չգա, դա նրանց ընտրությունն է, մենք պետք է ընդունենք։ Նրանք նույնպես պետք է ընդունեն ու համակերպվեն այն մտքի հետ, որ այսօր, պարոն Փաշինյանի գլխավորությամբ, մենք՝ հայերս համախմբված ենք, ինչի համար ես շատ-շատ ուրախ եմ։ Եվ համակարծիք չեմ, որ այսօր թշնամին ուրախանում է՝ այս ամենը տեսնելով, հակառակը՝ սարսափում է։ Թշնամին ուրախ կլինի այն ժամանակ, երբ տեսնի, լսի կամ կարդա՝ ոնց են հայերը, մեկ ազգ լինելով, «ուտում» իրար։ Ես համարելով ինձ երեխա՝ ուզում իմ մտածելակերպին հասու մի բան ասել. եթե այսօր ուզում ենք պայքարել վաղվա ապագայի համար, ուրեմն պետք է թույլ տանք դիմացինին արտահայտել նաև իր կարծիքը, որքան էլ դա մեզ դուր չգա։ Բոլորս էլ հայ ենք, բոլորիս նպատակը մեկն է՝ ապրել այնպիսի մի երկրում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ ազնիվ մի ճանապարհով մարդը կարող է հասնել իր նպատակին։

Շատ շուտով կգտնենք մեր երկար սպասված խնդրի լուծումը։