anush davtyan

Իմ սիրելի Բելգիայում

Բելգիա՝ երկիր, ուր վերջապես տեսա գովազդի միջի կովերին, որ սև ու սպիտակ խալերով են, շատ մաքուր ու խնամված։

Բրյուսել՝ քաղաք, ուր ցանկացած ազգի մարդ կգտնես, ուր հայերը միշտ ունեն հայ հարևաններ, և ուր բոլորը խմում են տեղական գարեջուր՝ օրը մի տեսակի, որովհետև շատ տարբեր են, չես հասցնում բոլորը փորձել։

Մեսեն (Մեսին, Մեսինես, Մեյսեն, Միսեն կամ ոնց հարմար է)՝ քաղաք, որին բոլորը ասում են գյուղ, որովհետև մոտակա դեղատուն հասկացություն ուղղակի չկա, ասում են՝ 3կմ-ի վրա է։

Իսկ ընդհանուր առմամբ, Բելգիա՝ երկիր, որտեղից ուղղակի չէի ուզում հետ գալ։

 

Իմ սիրելի Բելգիայում կայացած ծրագրի` 18-ը 18-ին, որի մասին արդեն պատմել ենք ես ու Սուրենը, իմ մտերիմ դարձած մարդիկ չեն բացի էս նյութը, չեն կարդա ու չեն իմանա, որ ես անդրադարձել եմ իրենց, բայց առանց իրենց՝ Բելգիան լրիվ ուրիշ կլիներ ինձ համար։ Իմ ընկերներին լատինոսներս եմ ասում, որովհետև բոլորը Լատինական Ամերիկայից են. Պերու, Արգենտինա ու Նիկարագուա։ Իրար մեջ իրենք իսպաներեն էին խոսում, իսկ ես, կողքից կանգնած, գլխով էի անում կամ ասում էի՝ ահա։ Չգիտեմ՝ իրականում էդպես է, թե՝ չէ, բայց ասացին, որ լատինաամերիկյան արտաքին ունեմ։ Ու դրա համար խոսքի մեջ ինձ հետ էլ էին իսպաներեն խոսում պատահաբար։ Ես էլ ամեն անգամ ծիծաղում էի ու ասում, որ բան չեմ հասկացել։

Ընթացքում փորձում էի իսպաներեն սովորել, բայց ժամանակ չէր մնում դրա համար։ Իսպանական թեմայի մեջ մնալով՝ նոթատետրիս մեջ լատինոսներս իսպաներեն գրառումներ թողեցին։ Շնորհակալություն Անետին, որ թարգմանեց, թե չէ մենակով չէի վերծանի։ Նոթատետրեր, իրականում, բոլորս ունեինք, որովհետև ծրագրի ավարտին բաժնել էին ամեն մեկիս։ Ու հրաժեշտից առաջ ամեն մեկը մի քաղցր խոսք գրեց մյուսի համար։ Երևի էդ միակ բանն է, որ մնում է ծրագրերից հետո, եթե հաշվի չառնենք նկարները։ Իհարկե, բոլորը խոստացան, որ հանդիպելու են էլի, բայց մենք շատ տարբեր աշխարհներից ենք, ու դժվար բոլորով նորից մեկտեղ հավաքվենք։

Չնայած հենց էդ տարբերությունն էր ամենահետաքրքիր բանը։ Ես երբևէ չէի մտածի, որ Արգենտինայում ինձ սպասող կլինի, ով պատրաստ է իր տանը տեղավորել ինձ, եթե միայն հասնեմ էնտեղ։ Ու չէի պատկերացնի, որ ողջ Լատինական Ամերիկան, մեղմ ասած, զզվում է Violetta սերիալի գլխավոր դերասանուհուց։

Իմ սիրելի Բելգիայում խաչվեցին 61 հոգու ճանապարհ, ու մեզնից հետո էլ նույնը կշարունակի ուրիշների հետ։ Բելգիայի համար մենք միշտ փոխվելու ենք, նորերն են գալու։ Իսկ մեզ համար Բելգիան մեկն է մնալու։