tatevik aramyan

Իմ տատիկի Արծվաշենը

-Տատ, արդեն 26 տարի է, ինչ  լքել եք Արծվաշենը։ Գիտեմ, որ հեշտ չի հիշել, բայց մի քիչ կպատմե՞ս Արծվաշենի մեր տան մասին։

-Մեր տա՞ն։

-Հա, էն տունը, որտեղ ապրել եք նախքան Արծվաշենից դուրս գալը։

-Երկու հարկանի, վեց սենյակներ, դուրսը` լրիվ բետոնապատ, դարպասները սիրուն դրած, 1/4հա հող, ընտիր տնամերձ բաղ ու բախչով։ Առաջին, երկրորդ հարկերում` ամեն տեսակի հարմարություններ։ Էդ ժամանակ գյուղում գազ չկար, բայց առաջին հարկում լիցքավորած գազ կար։ Բաղնիք կար, սեփական քաշած ջուր։

-Վերանորոգումից հետո քանի՞ տարի եք ապրել  այդ տանը։
- 5 տարի ենք վայելել վերանորոգումը, դրանից հետո երբ գյուղում արդեն բնական գազ էին քաշում` պատերազմն ընկավ։

-Իսկ տնամերձ փոքր հողատարածքում ի՞նչ մրգեր էիք աճեցնում։

-Դեղձի ծառ կար, խնձորը` պարտադիր, մեծ-մեծ տանձեր էին աճում։

-Տա՛տ, լսել եմ, որ Արծվաշենում լիճ է եղել։

-Բա, վերջում մի լիճ էին սարքել, մենակ Սևանին կզիջեր (ժպտում է): Էլ իշխան կար մեջը, էլ սիգ կար։ Մեր ամենալավ հանգստյան գոտին էր։ Էհ, բալա ջան, 50 տարվա աշխատանք, հո մենակ մերը չէ՞ր, բա մեր նախնինե՞րը։
-Ե՞րբ սկսեցին ռմբակոծել գյուղը։

-Որ արդեն Սումգայիթի ջարդերը եղան, դրանից հետո սովետական բանակի զորքերը եկան, եկան մեր առաջին բլրի վրա կանգնեցին։ Աշունքն էր։ Վախեցանք, ասեցինք` պատերազմն ընկավ։ Արդեն արծվաշենցիներին ասեցին` զենքերը հանձնեք, թե չէ մոխիր ենք սարքելու Արծվաշենը։

-Այդ ժամանակ մարդիկ խուճապի մատնվեցին, չէ՞։

-Հա,  բա ինչ։ Դե գյուղի մեծամեծերը բանակցություններ վարեցին դրանց հետ, վերջը, էդ ժամանակ ռմբակոծել բան թողեցին, բայց դե, պետք ա ազատեինք գյուղը։

-Պաշտպանվելու համար ապաստարաններ շա՞տ կային։

-Դե, տների առաջին հարկերը, խոր հորեր կային։ Վերջը, էլի, պաշտպանվում էին մարդիկ։ Բայց ինչքան էլ պաշտպանվեին, մեկ ա, ով ոնց կարում, արդեն իրա երեխեքին հանում էր։ Հանիլից էլ ամանքն իրանց ավտոներով էին հանում, ճիշտ ա, ոչ բոլորն ունեին ավտո, բայց ով ուներ` կարաց իրա վեշերը հանի։

-Երբ դուրս էիք գալիս, մտածո՞ւմ էիք, որ էլ չեք վերադառնալու։

-Չէ, մենք ժամանակավոր էինք դուրս գալիս, դրա համար շատ վեշ չէինք կարացել հանենք։ Պապիկդ ու հայրիկդ հլը Արծվաշենում էին։

-Զինվորագրվել է՞ին։

-Բա նո՞ր էին զինվորագրվել, հենց սկզբից գյուղի տղամարդիկ սահմանին են եղել։

- Հիշում եմ, որ պատմում էիք, որ պապիկի եղբայրներից մեկը մնացել ա գյուղում։

-Հա, չի ուզեցել գա, զոռով բերել են ավտո նստացրել, բայց մեկ ա, իջել ա ու ասել, որ ինքը իր երեխեքի ու կնոջ գերեզմանը չի թողնի ու գա։ Իրան որպես գերու Ղարաբաղ են տեղափոխել, ընդեղ էլ մահացել ա կամ սպանել են։

-Հիմա  որ սենց պատմում ես, ի՞նչն ես ամենաշատը կարոտում։

-Ամենաշատը կարոտում եմ մեր ստեղծագործ աշխատանքի արդյունքը։ Տունը, որ մեր 50 տարվա աշխատանքի արդյունքն էր։ Մեր հույսերը, մեր աշխատանքն էինք ներդրել։

-Ո՞րն ա ամենաքաղցր հուշը կամ պատմությունը Արծվաշենի հետ կապված։

-Ամենաքաղցր հուշը էն էր, Տաթև ջան, որ ուղարկում էինք խոպան ու սրտատրոփ սպասում, թե երբ են գալու։ Որ աշունը սկսվում էր, տերևաթափը սկսվում էր, մեր սիրտը բաբախում էր շատ ավելի արագ: Սպասում էինք, որ մեր երեխաների համար սիրուն շորեր կբերեին ու այդպես շարունակ։

-Լավ, իսկ երբ եկաք Ճամբարակ, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք։

-Դե հետներս շատ սնունդ-մնունդ չէինք վերցրել, մենակ շորեղեն: Որ եկանք, պետությունը տարավ մի քանի անգամ հաց տվեց, մի ամիս Սևանի պանսիոնատներում ենք մնացել։ Պետությունը հոգում էր հիմնականում սննդի հարցը։

-Իսկ որտե՞ղ էիք գիշերում։

-Դե ով բարեկամ ուներ, իրա տանն էր մնում։ Մենք քրոջս տանն ենք մնացել։ Ով որտեղ կարացել ա։ Վթարային շենքեր կային, բացեցին ու ժողովրդի մի մասը ընդեղ էր մնում։ Վարձ-մարձ չէինք տալիս։

-Իսկ գումար կա՞ր ձեր մոտ։

-Չէ, չկար։ Հետո պետությունը վարկ տվեց, կարացինք տուն առնենք։ Կամաց-կամաց ոտքի կանգնեցինք։ Էհ, հազար երազանքով էինք տուն շինել, ուրախացել էինք, որ տենց տուն ունենք, մի անառիկ ամրոց ոնց որ լիներ։ Միանգամից թող ու սկզբից ամեն ինչ սարքի։

-Դժվար ա, տատ, գիտեմ։
-Եկանք ու ընկանք ավելի մեծ  դժվարությունների մեջ։Բայց դե լավից-վատից սարքեցինք ու տուն դառանք։

-Հա, տա՛տ, էսօր քեզ գցեցի տխուր հիշողությունների մեջ, կներես։

-Ոչինչ, բալա ջան, մեր պատմությունն ա, բա պետք ա իմանաս։