Իմ «Տարվա մարդը». Դու միշտ ինձ հետ ես

anna vardanyan

Շատ ուրախացա 17-ի կազմակերպած մրցույթի համար, ինձ ևս մեկ հնարավորություն էր կիսվելու և ներկայացնելու մարդկանց` Իմ «Տարվա մարդուն»։ 2019 թվականի ընթացքում շատ քիչ մարդիկ են, որ ազդեցություն են ունեցել ինձ վրա։

Երբ փոքր էի, նա ինձ օրորում էր, երբ մի քիչ մեծացա, ինքն էր ինձ տանում-բերում մանկապարտեզ: Հետո միասին մի երկու տարի գնացինք դպրոց: Մի պատմություն հիշեցի, երբ ձմռան ցրտին ինքը ինձ «քարշ» էր տալիս դպրոց, որովհետև իմ կոշիկները, իմ ներկայացնելով, սառույցին սահում էին, և նա ինձ ստիպված քարշ պետք է տար դպրոց։

Համալսարան ընդունվեց, դե փոքր էի, չէի հասկանում, ասում էի` գյուղ չգաս շաբաթ-կիրակի, բայց որ մի շաբաթ չէր գալիս, ասում էի.

-Ինչի՞ չես եկել, տան գործերը ո՞վ պիտի անի: Ես փոքր եմ, չեմ կարա անեմ…

Տարիներ անցան, ու երևի հատուկ օրեր կային, որ մենք չկռվեինք: Ես մեղավոր չէի, որ տանը միշտ ինքն էր գործ անում, ու ես սովորել էի, որ ինքը պիտի անի, իսկ ես ինձ համար ավելի հետաքրքիր բաներով զբաղվեմ։

15 տարեկանս լրացավ, ու երեք օր հետո նա ամուսնացավ: Եվ ինչպես ասում են, սկսվեցին իմ «սև ու մութ» օրերը։ Մինչև հիմա չեմ համակերպվում, որ ինքը էլ մեզ հետ չի մնում: Ինչպես հասկացաք, ես իմ «տարվա մարդ» եմ համարում իմ ավագ քույրիկին։

Քույրիկիս շնորհիվ ես ինքնուրույնություն ձեռք բերեցի: էս մեկ ամսում պատասխանատվության զգացումս ավելի մեծացավ։ Շատ մտածեցի ու հասկացա, որ եթե եղել է փոփոխություն կյանքումս, ուրեմն այդ փոփոխությունը արել է քույրիկս։

Քույրիկիս գնալը ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ թե դրական, և՛ թե բացասական առումով։  Դրական այն մասով, որ աշխատանք անելիս արդեն սովորում եմ մենակ անել… Բացասական, երբ դասից տուն եմ գալիս, մի բաց հատված կա տան մեջ առաց Հասուլի (ինչպես ես եմ սիրում իրեն դիմել)։

Զուտ իմ և ձեր քույրիկական իրավունքով ուզում եմ դիմել մեզ հետ չապրող մեծ քույրիկներին.

-Մենք միշտ կարոտում և սպասում ենք ձեզ, սիրելի քույրիկներ։ Ուզում եմ, որ բոլորդ ձեր քույրիկներին համարեք «Տարվա մարդ», չնայած գիտեմ, որ դուք մեր բոլոր տարիների Մարդն եք։