Իմ «Տարվա մարդը». Իմ շարժիչ ուժը

Tamara Galstyan erexaiov

Գիտեք, բոլորիս կյանքում էլ կա այնպիսի ժամանակահատված, երբ հայտնվում է ինչ-որ մեկը, և մեր կյանքը այդ րոպեից սկսած համարում ենք փոխված: Կարծես մենք դառնում ենք ուրիշ  մարդ, փոխվում է մեր հայացքը կյանքի նկատմամբ` կամ հիասթափվում ենք կյանքից, կամ` ավելի ուժեղ դառնում: Հիասթափություններ միշտ էլ լինում են, ավելի լավ է խոսեմ ինձ ավելի ուժեղ դարձնող էակի մասին:

2019 թվականը իսկապես ինձ համար որոշիչ տարի էր: Ես ունեցա բալիկ,  և նրա շնորհիվ դարձա մայր:  Ես միշտ պաշտել եմ մորս, մորը նվիրված բանաստեղծությունները անգիր էի սովորում և նվիրում մայրիկիս, կամ ինքս էի բանաստեղծություն գրում նրա համար, բայց երբեք չէի մտածում, թե ես ինչ կզգամ, երբ մայր դառնամ: Երբ տեսնում էի, թե ինչպես է մայրս հորս հետ միասին, օր ու գիշեր աշխատում, որ մեզ պահեն:  Ճիշտ է, հասկանում էի, որ դժվար է, բայց դրա հետ միասին նաև հանգիստ էի, որ ունեմ ծնողներ, որոնք հոգ են տանում ինձ:

2019 թվականին իմ կյանքում հայտնվեց այն էակը, որի համար ես եմ հոգ տանում: Մայր դառնալը շատ պատասխանատու գործ է, բալիկս իր ծնունդով ինձ դարձրեց էլ ավելի պատասխանատու անձ, այստեղ հիշեցի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» խոսքերը. «Ընդմիշտ պատասխանատու ես բոլոր նրանց  համար, ում ընտելացնում ես»: Մենք ընտելացնում ենք նրանց և պատասխանատվություն կրում նրանց հանդեպ ողջ կյանքի ընթացքում:

Նա սովորեցրեց ինձ լինել ուժեղ, հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, տխուր ժամանակ նայել նրա քաղցրիկ ժպիտին և մոռանալ բոլոր հոգսերը: Նա մի աշխարհ է, որ փոխեց իմ աշխարհը, դարձնելով այն ավելի լուսավոր ու հետաքրքիր: Ես ամեն բան անում եմ, որ ապագայում օրինակելի ծնող լինեմ նրա համար, որ ինչ-որ բան չիմանալով գլուխս չկախեմ նրա առաջ: Նա ինձ համար դարձել է նպատակներիս իրականացման շարժիչ ուժը:

Այո, մենք կարող ենք շնորհակալ լինել նաև փոքրիկ մանկիկից, նա նույնպես կարող է մեզ անասելի ուժ ու եռանդ տալ փորձությունները հաղթահարելու համար, իր գոյությամբ դառնալով մեր տարվա մարդը: