sargismelknyan12

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սարգիս Մելքոնյան

Չգիտեմ, թե քանի-քանիսին եմ պատմել Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի, «Մանանա» կենտրոնի ու 17.am-ի մասին, ու թե քանի մարդ է կարդացել մեր նյութերը ու միացել մեզ, բայց մի բան հաստատ է. այս ամենը անչափ հաճելի մի զգացողություն է։

Այս ապրիլին լրանում է իմ թղթակից դառնալու երեք տարին։ Անընդմեջ սովորելու երեք տարի, հարյուրավոր ընկերներ ամբողջ Հայաստանից (մեր մեջ ասած, ամենաթույն դեմքերը), ինքնահաղթահարման և քաղաքացիական գիտակցության սկիզբ։ 17-ով սկսվեց նաև իմ հասարակական գործունեությունը, գիտակցեցի իմ դերն ու կարևորությունը համայնքումս։

Ինձ նման հազարավոր պատանիներ կան Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ Մեզ բոլորիս միավորում է մեդիան` 17.am-ը, որը մեզ հնարավորություն տվեց հասկանալ ուրիշներին և ինքներս մեզ։ Պատմել այդ մասին աշխարհին, պատմել ու ներկայացնել, թե ինչքան գեղեցիկ է իմ գյուղը` Ագարակը գարնանը, թե ինչքա՜ն ջրափոսեր կան Գավառի ճանապարհներին, թե ինչքան ենք կարոտում Վանաձորը հեռանալիս, թե որտեղից է սկսում Հրազդանը, թե ինչքան հին են Գյումրու փողոցները, թե ինչքան գործ կա գյուղերում գարնանն անելու…

17-ը մի հարթակ է, որտեղ մենք թողել ենք մեր մի մասնիկը, ու որի շնորհիվ մենք կերտել ենք մեզ։ Շնորհավորում եմ մեզ` բոլորիս, 17.am կայքի ծննդյան 5-ամյակի կապակցությամբ։

Շնորհավորում եմ բոլորիս` ինքներս մեզ գտնելու կապակցությամբ։