leyli tadevosyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Լեյլի Թադևոսյան

Չնայած ուշ – ուշ եմ գրում ու գրեթե ամեն օր սրտնեղում ժամանակ չունենալուս համար, բայց հիշում եմ, որ իմ 17-ը արդեն 5 տարեկան է… Առաջին հիշողությունները 17-ի մասին տանում են հայրենի Գյումրի, երբ պատրաստում էինք Թագուշի ու Մհերի մասին պատմող «Մի սիրո պատմություն» ֆիլմը: Թագուշն ու Մհերը արդեն բաժանվել են, բայց ֆիլմի մասին վառ հիշողությունները երբեք չեն բաժանվի մեզանից… Գիտեք, երբևէ իմ հանդիպած ամենաֆանտաստիկ էջն է 17-ը…Պետք չէ փնտրել լուրեր Հայաստանի որևէ քաղաքի ու գյուղի մասին այլ տեղ, քան 17-ում, ինչո՞ւ, որովհետեւ այստեղ են խոսում իրական Հայաստանի մասին, այստեղ այդ մասին խոսում են պատանիները, ում աչքից երբեք և ոչինչ չի վրիպում…Իսկ հիշողությունները, վառ պահերը 17-ի հետ շա~տ են: Ո՞ր մեկն ասեմ. գուցե մեդիա ճամբարները, երբ ամեն օր հավաքվում էինք, քննարկումներ անում, ֆիլմեր նկարում, գրում, սովորում, գուցե մեր առաջին ցուցահանդեսը, երբ չէինք հավատում, որ էկրանին տեսնում էինք մեր նկարած ֆիլմը ու ապշում դահլիճի թնդացնող ծափերից, գուցե նյութ գրելու պահերը, երբ երկար նստում էինք համակարգչի առաջ ու մի ամբողջ ժամ փնտրում ամենահարմար բառը ու երջանկանում այն գտնելուց…Տեսնում եք` հիշելու արժանի պահերը շատ են ու դեռ շատանալու են:
Շնորհավո~ր տոնդ, 17 ջան…