Ի՞նչ տվեց ինձ 2017-ը: Հը՜մ, որտեղի՞ց սկսեմ, երևի ճիշտը սկզբից գալն է, դե ուրեմն գնացինք: Տարին այդքան էլ ուրախ չսկսվեց: Մեր ընտանիքում մեծ կորուստ ունեցանք, և հիմա տատիկս մեզ հետ չէ: Բայց ինչևէ, պետք չէր կոտրվել, ու ես շարունակեցի աշխատանքային տեմպով նպատակներիս իրականացմանը գնալ: Վերջապես կարողացա իմ ամենա-ամենա երազանքը իրականացնել, և հիմա իմ անբաժան մասնիկը՝ ֆոտոապարատս, ինձ հետ է:
Ապարատը կա, ի՞նչ մնաց անելու: Դե իհարկե, անդադար նկարել, բայց մինչև դասերի սկսվելը, քանի որ ես այս տարի վերջապես հասկացա, որ ուզում եմ դառնալ լրագրող ու որոշեցի, որ արդեն պետք է սկսեմ ընդունելության քննությունների համար պարապել:
Սկսել եմ ու ասեմ, որ բավականին հաճելի է, գիտե՞ք: Քեզ շատ պատասխանատու ու լուրջ ես սկսում պահել: Դե դու պատրաստվում ես ուսանող դառնալ: Օ՜, այո, ես պարապում եմ հայոց լեզու: Մի երկու բառ ասե՞մ՝ զարմանաք: Բայց չէ, թող մնա մի ուրրշ նյութի մեջ հետաքրքիր բաներ կբացահայտեմ հայոց լեզվից:
Իսկ հիմա հասանք ամենակարևոր իրադարձությանը: Յուհո՜ւ… Ինձ հնարավորություն ընձեռվեց Հայաստանից դուրս, Վրաստանում ներկայացնել իմ «Մանանա»-ն Tbilisi Sunrise միջազգային կինոփառատոնի ժամանակ: Այդ մասին ռեպորտաժների շարք եմ գրել, կարող եք կարդալ 17-ում: Հա, առիթից օգտվեմ ու ասեմ, որ «թույն» օրեր էին, որ մի օր հանդիպենք, ավելի շատ կպատմեմ: Մենք վերադարձանք սպասվածից էլ լավ արդյունքով՝ երկու գլխավոր մրցանակ երկու տարբեր անվանակարգերում: Հանդիպել աշխարհի տարբեր երկրների կինոաշխարհի ներկայացուցիչների, մեկ շաբաթ անընդհատ ապրել կինոյով, ի վերջո ոգևորվել, որ մենք էլ իրենցից պակաս չենք, նույնիսկ իրենց մեջ լավագույնն ենք, շատ ոգևորիչ էր, շատ մեծ փորձ ու առաջ շարժվելու ևս մեկ օգնող քայլ:
2017թ-ի իմ լավագույն ձեռքբերումների համար ինձ միայն մնում է ևս մեկ անգամ շատ մեծ շնորհակալություն հայտնել իմ միակ ու անկրկնելի և իհարկե, անփոխարինելի «Մանանա» կենտրոնին: