Ինձ գերիների մեջ չփնտրեք…

Ներե՛ք մեզ, տղե՛րք, ներեք, եթե իհարկե, կարող եք…

Ներե՛ք, որ չկարողացանք…  Արծրուն Ատոմի Հակոբյանը ծնվել է 2001 թվականին Եղվարդ քաղաքում։ Զբաղվել է ֆուտբոլով, նաև ուներ գեղեցիկ ձայն։ 2020 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ Ծառայության մեկնելուց առաջ ասել է, որ ուզում է ծառայել Արցախում. այդպես էլ եղել է. ծառայության է անցել Հադրութում։ Ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում։

Թեժ մարտերի ընթացքում հրամանատարներից գրեթե մարդ չի մնացել, մի մասը զոհվել են, մյուս մասը՝փախել։ Հրամանատարությունը իրենց վրա են վերցրել սերժանտները, այդ թվում` Արծրունը: Հրամանատարությունը վերցնելով իրենց վրա, մտել են կռվի մեջ, կյանքի ու մահվան կռվի մեջ։ Ավտոմատներով կրակելով պահել են դիրքը, որպեսզի զինվորները՝ ընդամենը 2 ամսվա ծառայող, հետ նահանջեն, – պատմել է Արծրունի հայրը հարցազրույցներից մեկի ժամանակ։

«Մենք կմնայինք, պա՛պ, բայց ընդամենը 2 ամսվա ծառայող տղան, ով նույնիսկ նորմալ զենք պահել չգիտի, միայն տուն վերադառնալու մասին է մտածում», – ասել է նա։ Արծրունը հորն ասել է նաև, որ իրենց ջոկատը տանկ է խոցել։ Ընկերների հետ հազվադեպ զանգերի ժամանակ ասում էր. «Նստած անօդաչուների կռիվ ենք նայում»: Նրանք կռվել են ռոբոտների դեմ, որոնցով փոքր ժամանակ խաղում էին։ Ով կպատկերացներ, որ մի օր կհայտնվեն իրական պատերազմում, որ կկռվեն իրենց երբեմնի խաղալիքների դեմ, որ իրենց կյանքը կտան ուրիշի համար, մեզ համար։

Մինչև պատերազմը հայրենիք պաշտպանելը այլ էր բոլորիս համար. մեկը մտածում էր դա իր սովորելու մեջ է, մյուսը՝ լավ աշխատանք կատարելու, մեկ ուրիշը՝ ամուր ու երջանիկ ընտանիք կազմելու։ Պատերազմը շատ բան փոխեց: Ստիպեց հասկանալ, որ հայրենիք պաշտպանելը շատ ավելի բարդ է, որ «հայրենիք պաշտպանել նշանակում է` ստիպված լինել սպանել, վիրավորել, տեղափոխել վիրավոր կամ արդեն անշնչացած ընկերոջդ մարմինը, նրան հողին հանձնել ամբողջական կամ` մաս֊մաս»։

Իսկ ի՞նչ էինք ասում մենք. «Պատերազմ հանուն խաղաղության, այնինչ խաղաղության համար հարկավոր է խաղաղություն տալ», բայց ցավոք, խաղաղությունը միակողմանի չի լինում։ Զանգերից մեկի ժամանակ նա ասել է. «Պա՛պ, մեզ նահանջ են տվել։ Մեր դիրքերը, առանց որևիցե կրակոցի, հրաման են տվել, որ հանձնենք»: Այս ընթացքում հայրը փորձել է սիրտ տալ, ասելով, որ հնարավոր է շրջափակման մեջ ընկնելու խնդիր է եղել, դրա համար են նահանջի հրաման տվել, որ անպայման հետ են բերելու դիրքերը, որ ինքը հետ է գալու, ինքն ունի սիրած աղջիկ, ով սպասում է իրեն, իրեն են սպասում բոլորը։

-Գալու՛ եմ, անպայման կգամ,- ասել է Արծրունը։

- Հետ ենք բերելու, Ա՜րծ, հետ ենք բերելու… Թուրքը չի կարող ապրել այն հողին, որը ձեր կյանքով եք պահել, որտեղ ձեր արյունն է թափվել, որտեղ հավերժացել եք դուք։ Նոյեմբերի վեցի առավոտյան զանգել է տուն և ասել, որ իրենք Շուշիում են։ Հարազատները մտածել են, որ երեխեքին տարել են Շուշին պահելու համար։ Նույն օրը մոտավորապես 20։30 զանգել է վերջին անգամ և երկար խոսել. «Պապ ջան, քրոջս լավ կնայես, մորս նորմալ տեր կկանգնես, ու էն քո ասած գրանատի մոմենտը ուժի մեջ ա։ Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս»:

-Ես չէի հասկանում` ինչ ա կատարվում ընդեղ: Հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ իրանք շրջափակման մեջ էին ընկել, ու որևէ շանս չկար դուրս գալու, – ասում է հայրը, – Ես հպարտ եմ, աշխարհի ամենահպարտ մարդն եմ, որ ունեմ Արծրունի նման որդի։

Այն օրից, ինչ Արծրունը մեկնել էր հայրենիքին պարտքը կատարելու, տանը չէր եղել։ Սկզբից կորոնավիրուսը, հետո՝ պատերազմը։ Անմահացավ հերոսը՝ բոլորի կարոտը սրտում, և կարոտած թողնելով բոլորին։

- Աստծուն երևի, Արծրունն ավելի շատ էր պետք, Աստծուն՝ իր բանակի համար, Արծրունի պես զինվոր էր պետք: Նա երկնքից հիմա նայում է մեզ, երևի նայում ու ծիծաղում է մեզ վրա, թե` էս ի՞նչ ենք անում։

Արծրունն ասել է, որ իր մասին դեռ շատ են լսելու։ Հա, Հերո՛ս, քո մասին միշտ են լսելու ու բոլորը։ Դու միշտ ես ապրելու։ Ընկերը՝ Հայկ Սարգսյանը, գրել է նովել նվիրված Արծրունին. «Եղվարդի Արծիվը»: Նովելի բոլոր դեպքերն ու հերոսները իրական են։ Արծրունը հետմահու արժանացել է Արիության մեդալի։