milena movsesyan

Ինձ հեքիաթ պատմեք

Ինձ հեքիաթ պատմեք: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ առանց բացասական կերպարների, վախեցնող դեպքերի, չար հերոսների ու փորձությունների, առանց մութ անտառների ու կորած երեխաների: Եթե չգիտեք աշխարհի ամենախաղաղ վայրի ու հանդարտ սյուժեի մասին, ուրեմն հեքիաթը հորինեք հենց սկզբից: Հնարեք ամենասուտ ու մտացածին աշխարհն ինձ համար: Իսկ հետո ցածր, հանդարտ ձայնով սկսեք պատմել…

Պատմեք ինձ խաղաղ ծովերի, լուսավոր անտառների, բարձր լեռների ու գրավիչ մայրամուտների մասին: Համոզեք, որ այդ աշխարհի կենդանիների բոլոր տեսակները անվտանգ են, որ անգամ առյուծն է նուրբ ու հոգատար։ Ասեք, որ այնտեղ չեն լսվում տագնապի ազդանշաններ` ո՛չ բնական աղետների, ո՛չ հեռախոսի զանգերի և ո՛չ էլ շտապօգնության մեքենաների: Այնտեղ թող շշնջան միայն չարաճճի ալիքները, մեղմ շոյող քամին, բազմերանգ տերևներն ու թռչունները:

Հավաստիացրեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն ծաղիկներ կբացվեն։ Թե բարձր ժայռից ցած նետվեմ, քամին ինձ դանդաղ ներքև կիջեցնի։ Իսկ եթե սուզվեմ ծովի խորքերը, ջուրը ինձ արագ վերև կհանի։ Ու ես այս հրաշքներով հիացած, գլուխս կորցրած ժամանակի և իրական կյանքի մասին շուտ կմոռանամ։

Ինձ մենակ թողեք այդ անիրական վայրում: Խնդրում եմ, թող այդ հեքիաթում ինձանից բացի ուրիշ հերոսներ չլինեն: Որպեսզի ես ընկերներ ձեռք չբերեմ, չմտերմանամ շատ մարդկանց հետ, որպեսզի հետո ստիպված չլինեմ նրանց կորցնել, հրաժեշտ տալ ու էլ չտեսնել:

Զրկեք ինձ մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու կարողությունից: Անջատեք իմ գիտակցությունը, զգացմունքներն ու հույզերը: Թող արցունքներս թափվեն, խառնվեն ծովին, բայց թույլ մի տվեք, որ ներսս ցավի: Թող ես լինեմ այդ հեքիաթի ամենաթույլ ու ենթարկվող հերոսուհին: Հոգնել եմ ներկայիս ուժեղ կերպարից: Ուզում եմ վերջապես ընկնել ու ջանք չթափել կանգնելու համար․․․

Երբ ես վերջապես թիթեռի հետևից վազելով կհասնեմ աշխարհը ձեր հորինած, խնդրում եմ, ինձ այնտեղ կողպեք։ Էլ ոչ մի դեպքում դուռը չբացեք․․․