elada petrosyan

Ինչու լրագրող

Սիրում եմ տարբեր հարցերի շուրջ հոդվածներ գրել և հարցազրույցներ անել: Հոդվածները գրում եմ գյուղիս խնդիրների, սովորությունների և ավանդույթների մասին, իսկ հարցազրույցները հիմնականում անցկացնում եմ տարեց մարդկանց հետ, ովքեր իրենց բնորոշ խոսակցական լեզվով պատմում և վերհիշում են իրենց կյանքը, երիտասարդ օրերի նիստուկացը: Այս ամենի մասին գրելիս փորձում եմ վերականգնել և մոռացությունից փրկել մեր գյուղի արդեն հիշողություն դարձած սովորությունները, նաև տեսնում եմ, թե ինչքան են ոգևորվում ու իրենց կարևոր զգում իմ համագյուղացի տատիկ-պապիկները: Իսկ երբ նյութերս հրապարակվում են Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կայքում, մեծ արձագանքներ եմ ստանում: Ընթերցողները տարբեր կարծիքներ են հայտնում, մեկնաբանություններ թողնում, շնորհակալություն են հայտնում:

Սկզբում գրում էի, որովհետև հաճելի էր առավոտյան արթնանալ և նյութս հրապարակված տեսնել: Հետո, երբ համագյուղացիներն ինձ տեսնելիս խորհուրդ էին տալիս մի նոր թեմա, առաջարկում էին գրել գյուղի խնդիրների մասին, ասում, որ անտեսված են, իրենց ձայնը ոչ ոք չի լսում, հասկացա, որ կարող եմ նաև շատ կարևոր հարցեր բարձրացնել, իմ կարողացածի չափով լսելի դարձնել մարդկանց խնդիրները: Իմ համագյուղացիները միշտ ասում էին.

-Էլադա ջան, որ դու չգրես, ո՞վ է Երևանից գալու, մեր բողոքը լսելու:

Այսպես իմ մեջ ձևավորվեց և հաստատվեց լրագրող դառնալու որոշումը:

Այո, ուզում եմ դառնալ լրագրող, ուզում եմ սովորել այդ մասնագիտության հմտությունները, որովհետև այժմ արդեն հասկացել եմ և համոզված եմ. լրագրողի մասնագիտությունը մեր օրերում անչափ կարևոր ու պատասխանատու մասնագիտություն է: Լրագրողն է բարձրաձայնում այս կամ այն խնդրի մասին, լրագրողն է, որ իրազեկում է մարդկանց, հաճախ բացահայտում ու նախազգուշացնում: Հետևաբար լրագրողն առաջին հերթին պետք է լավ կրթություն ստանա, հմտանա, զարգացնի իր կարողությունները: Կարծում եմ՝ պակաս կարևոր չեն նաև անձնական հատկանիշները: Ես առաջին հերթին կարևոր եմ համարում մարդկանց լսելու, օգտակար լինելու պատրաստակամությունը, համառությունը, պատասխանատվությունը և համարձակությունը:

Եվ ինձ համար լրագրողի իրական կերպար է Հրանտ Դինքը, քանի որ նա մտածում էր ոչ թե իր կյանքի, այլ արդարության մասին: Չէր վախենում իր տեսակետներն արտահայտել և առաջ էր քաշում Հայկական հարցը, այն էլ Ցեղասպանությունն իրագործած երկրում:

Բայց ավաղ… Դինքը սպանվեց խաղաղ պայմաներում՝ ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու համար: Ինձ թվում է՝ այսպիսի լրագրողները քիչ չեն աշխարհում: Եվ ամեն զոհված լրագրողի փոխարեն «առաջնագիծ» են դուրս գալիս նորերը:

Ես էլ ուզում եմ Հրանտ Դինքի պես ասել. «Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը»:

Ահա, թե ինչը դրդեց ինձ դառնալ լրագրող: