Ինչպես անցկացնել աշնանային արձակուրդները

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են դպրոցական աշնանային արձակուրդները, որոնք մեկ շաբաթ են տևելու: Մեզ շատ հետաքրքիր էր, թե ինչով կարող է զբաղվել դպրոցականը իր արձակուրդի ընթացքում: Այդ պատճառով մեր թղթակիցները հարցումներ անցկացրին տարբեր մարզերում, քաղաքներում և գյուղերում: Տեսնենք, թե ինչ են խորհուրդ տալիս ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ դպրոցականներին. ինչ անել, ուր գնալ, ինչով զբաղվել աշնանային արձակուրդների ժամանակ: 

Տավուշի մարզ, գ. Ներքին Կարմիրաղբյուր 

-Խաղերով զբաղվի, դասերով զբաղվի, էլ ինչո՞վ զբաղվի, թող ծնողին օգնի (Լաուրա Սազբանդյան, 71տ., վաճառողուհի):

-Էս սահմանի՞ն, ստեղ րեխա կա՞, վեր մեկ էլ հանգստանա: Եթե սահմանըմ ենք` վետներս մեր կարպետնու գորա պետք ա մեկնենք (Ռոմիկ Ադամյան, 80 տ.):

-Պետք ա քնան՝ մի տեղով մակարդակնիքը փոխեն, ես 50 տարի աղաք եմ դպրոցը պրծել: Էն ժամանակ կոմունիստների վախտն ա լել, էն ժամանակ սկի ծնողնիքը հիլ չեն արել՝ րեխեքը տանից տուս կան: Իրավունք չեն ունեցել, վեր կինո քնան, էն վախտ նոր էր «վեչեր-մեչերը» ադաթ ընգնըմ: Բայց հմի կարան րեխեքը ազատ էքսկուրսիա քնան, տա շատ լավ ա (ժենյա Առաքելյան, 67 տ.):

-Մեծերի տուն գնացեք, օգնեք իրենց, հնարավոր է՝ փայտերը կոտրած լինեն, դասավորած չլինեն, գնացե՛ք օգնեք, ձեզ էլ լավ կզգաք (Էմմա Ադամյան, 53 տ.):

-Ֆիզկուլտով թող զբաղվեն, տատիկ-պապիկին էլ չմոռանան (Վեներա Ադամյան, 69 տ.):

-Տասերո՛վ, տասերո՛վ, ջա՜ն, մաթեմը, մաթեմը շատ եմ սիրըմ (Արտյոմ Գալստյան, 9 տ.):

-Եթե դրսում մարդ ունեն, թող գնան՝ հանգստանան, օդը փոխեն, մեր էս գյուղիցը մի շաբաթով կտրվեն, իսկ եթե չկա էդ մարդը, թող ծնողներին օգնեն, գյուղում տհենց հետաքրքրություն չկա, վեր րեխեն դպրոցից դուրս զբաղվի (Նարգիզ Հովհաննիսյան, 44 տ.): 

-Թող գրականություն կարդան, թող Աստվածաշունչ կարդան, ամենալավ պանն ա (Սվետա Չոբանյան, 47 տ.):

-Գործ արեք ծեր տներըմը, ընկերների հետ խաղ արեք, վատ գործերով չզբաղվեք, ծեր ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեք (Վերա Ադամյան, 83 տ.):

-Գիրք կարդան առաջինը, ամենավստահելին գիրքն է, շախմատ թող խաղան, միտք զարգացնեն (Աստղիկ Առաքելյան, 33 տ.):

Լիա Ավագյան

***

Երևան

-Առաջարկում եմ, որ դպրոցականները գնան կինո կամ թատրոն, կարդան գրքեր և ամեն առավոտ գնան վազելու (Էսթեր Մխիթարյան 28տ., գրող, հրապարակախոս):

-Գիտե՞ք` արդեն աշնանային տոներին գումարվել է ևս մեկ, այն էլ մեկ շաբաթ տևողությամբ աշնանային արձակուրդը: Բայց դե, եկեք լիարժեք չտրվենք «տոնին»: Վերջապես հիշենք վերոնշյալ տոնի իմաստը. hանգստանալ դպրոցական առօրյայից, ոչ թե ուսումից: Հետևաբար, չմոռանանք օրվա որոշակի, թեկուզ չնչին հատվածը տրամադրել դասերի կրկնողությանը կամ ամրապնդմանը: Նաև մի՛ մոռացեք, որ դրսում ամենագեղեցիկ եղանակն է ընկերների հետ հավաքվելու, կինոթատրոն կամ թատրոն գնալու ու պարզապես միմյանց հետ լավ և առողջ ժամանակ անցկացնելու համար (Լիլիթ Խլոյան, 26տ., ուսուցիչ):

Լուսանկարը` Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը` Անուշ Աբրահամյանի

-Միանշանակ, ազատ ժամանակ թող շատ կարդան: Դա կարևոր է: Ես չեմ կարդացել, գոնե իրենք թող կարդան (Անդրանիկ Հարությունյան 35տ., դերասան, հումորիստ):

-Իմ փորձից ելնելով՝ հորդորում եմ, որ ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնեն խաղահրապարակում և հաճախեն սպորտային մարզումների (Հովհաննես Բաչկով, 25տ., բռնցքամարտիկ):

-Ես կարծում եմ, որ հանգիստը լավ բան է, երբ տրվում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Խորհուրդ եմ տալիս դպրոցականներին էդ մի շաբաթը հանգստանալ: Ուղղակի հանգստանալ: Ուրիշ բան անել պետք չի: Նաև կառաջարկեի աշնանային զբոսանքներ, արշավներ, ընկերների հետ անտառային պիկնիկներ: Նաև ուղեղի հանգիստ` բառախաղերի և գրադարաններ այցելությունների միջոցով: Հայրենասիրական, մայրական քնարերգության թեմաներով ասմունքի երեկոներ կան: Ցանկալի է, որ գան լսեն ու հարստացնեն իրենց գիտելիքների պաշարը (Լիանա Զուրաբյան, 38տ., ասմունքող):

-Թող միանան ԱԿԿ-ին (ակտիվ կամավորների կազմակերպություն) և մեզ հետ անցկացնեն արձակուրդները պրոդուկտիվ, ընկերական ու զվարճալի միջավայրում: Դպրոցականները ձեռք կբերեն աշխատանքային փորձ և իհարկե, նոր ընկերներ (Արեգ Գալոյան, 16տ., դերասան, ԱԿԿ ղեկավար):

-Վերջերս կենդանաբանական այգում էի, բավականին փոխվել է։ Վստահ եմ՝ հետաքրքիր կանցնի։ Բուսաբանական այգին էս սեզոնին շատ սիրուն է, կարող եք գնալ ու սիրուն տերևներ հավաքել: Այս սեզոնին Գեղարքունիքի մարզում կարտոֆիլ են հավաքում ու սիրուն մի արարողություն կա՝ կոչվում է փուռ։ Աթարի մեջ կարտոֆիլ են եփում, շատ համով է ու հետաքրքիր: Կարող եք գնալ Գեղարքունիք (Զոհրաբ Հարոյան, 32տ., լրագրող):

-Խորհուրդ կտամ կազմակերպել կամ մասնակցել ճանաչողական ու զարգացնող միջոցառումների, էքսկուրսիաների և այցելությունների (Թամարա Հակոբյան, 34տ., աշխարհագրագետ, մանկավարժ):

-Նստել տանը, ուտել և քնել, ապա դասերն անել (Հարութ Բալյան, 21տ., օպերատոր):

-Խորհուրդ կտամ երեխաներին այդ մեկ շաբաթը հնարավորինս օգտակար անցկացնել: Ճիշտ է՝ հիմա շատ են բարկացած իրենց դասերից, բայց թող վերցնեն մի գեղարվեստական գիրք, որը խորհուրդ են տալիս հարազատները կամ ընկերները, և սկսեն կարդալ: Եվ ի վերջո, չմոռանան լավ ու որակով երաժշտություն լսելու մասին (Վահե Մարգարյան, 20տ., երգիչ):

-Գիրք կարդալուց լավ հանգիստ չկա դպրոցականի համար: Հետո կարդալու ժամանակ չի լինում, բայց պետք է (Վահագն Դավթյան, 25տ., գրող, ռեժիսոր):

-Այցելություններ թանգարաններ և կինո (Արկադի Գրիգորյան, 38տ., պատմաբան, լրագրող):

-Լավ է, երբ հնարավորության դեպքում աշխատող մարդը մեկնում է հանգստի Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրեր: Խորհուրդ կտամ 7-օրյա հանգստի մեկնելիս վերցնել սիրած գրականությունը և վայելել այն բնության գրկում (Սավուղ Չիլինգարյան, 68տ., ինժեներ):

-Արձակուրդը հաճախ ամենաարդյունավետ ու հագեցած ժամանակահատվածն է լինում ուսումնական տարվա մեջ, եթե, իհարկե, հաջողվում է այն լավ կազմակերպել։ Այն օգտագործեք որպես լավ հնարավորություն՝ գեղարվեստական գրականության մի քանի լավ նմուշ կարդալու համար:

Եթե կան համապատասխան կարճաժամկետ դպրոցներ նշված ժամանակահատվածի համար, ըստ հետաքրքրության՝ կարելի է հաճախել ու նոր հմտություններ ձեռք բերել:

Ձեռքի աշխատանքի սիրահարների համար իդեալական է համացանցից վերցնել մի ուսուցողական հոլովակ ու ինչ-որ կահույքի մաս կամ դեկոր սարքել դպրոցի կամ տան համար: Աշնանային եղանակը շատ տրամադրող է մի քանի գլխարկ, շարֆ, կիսաշրջազգեստ կամ այլ հագուստ գործելու համար (Աշխեն Հակոբյան, 26տ., լեզվաբան, ազգագրագետ):

-Թող կարդան շատ գրքեր և գնան «Սուպեր մամա 2»-ը նայելու (Ռուբեն Եսայան, 21տ., սցենարիստ):

Վալենտինա Չիլինգարյան, Արարատի մարզ, գյուղ Ավշար

***

-Ի՞նչ ասեմ, աղջիկ ջան: Շատ զբաղմունքներ կան: Իրենք պետք է գտնեն իրենց համար զբաղմունք: Իրենք պետք է իմանան՝ որն է իրենց համար լավ, որը՝ վատ (Ալոյան Անահիտ, 60 տարեկան, գործազուրկ):

-Մաքուր օդի դուրս գան, գնան թանգարաններ, գրքեր կարդան, հեռուստացույցով քիչ նայեն էդ ապուշ ֆիլմերը: Ընկերների, ընկերուհիների հետ գնան զբոսանքի՝պուրակում, այգում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում (հրաժարվում է նշել անունն ու տարիքը, մոտ 58-60 տարեկան տղամարդ): 

-Դպրոցականները պիտի ունենան իրենց ազատությունը, բայց նաև չպիտի մոռանան հանձնարարականների մասին: Լրիվ կտրվել դպրոցից չեն կարող, բայց պիտի զբաղվեն սպորտով, կողմնակի զբաղմունքներով, իհարկե, ծնողը պիտի կարողանա ծրագրել, որը խիստ կասկածելի է մեր օրերում, որովհետև ծնողները չունեն դրա ժամանակը (Հովհաննիսյան Անահիտ, 60 տարեկան, ուսուցիչ, դասախոս):

-Դպրոցականները կարող են ամեն լավ բան անել: Զբաղվել ամեն ինչով՝ բացի ձեր այդ ձեռքի հեռախոսներից, ամբողջ օրը դրանով զբաղվում են էլի (Նաիրա Սարգսյան, 58 տարեկան, փոստատար):

-Գիրք կարդան: Ով ինչ սիրում է, թող էն էլ անի, բայց լավ բաներ անի: Չբամբասեն: Ավելորդ բաների վրա ժամանակ չծախսեն: Էդ էն տարիքն է, որ ավելի շատ պետք է ուսումով զբաղվեն, էլի, հետո արդեն ուշ կլինի, էդ տարիքը պիտի օգտագործել ճիշտ (Գևորգ Մարտիրոսյան, 24 տարեկան, երգիչ):

-Ես ամեն օր խաղում եմ, բայց գրավորներս բոլորը գրել եմ: Ֆուտբոլ եմ խաղում, պահմտոցի, հիվանդանոց: Ես 7 օրում պիտի աղյուսակը լավ սովորեմ (Կորյուն, երկրորդ դասարանի աշակերտ):

-Մի շաբաթում ձեռագիրս կսիրունացնեմ, վարժ կկարդամ, տենց, էլի, տենց բաներ (Ալեքս, երկրորդ դասարանի աշակերտ):

Անուշիկ Մկրտչյան, Արագածոտնի մարզ, գյուղ Արագած (հարցումներն անցկացրել է Երևանում)

***

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ներքին Գետաշեն

-Դե, Ներքին Գետաշենում ժամանցի վայրեր չկան, որտեղ կարող է իր օրն անցկացնել դպրոցականը, բայց կարծում եմ՝ այս օրերին ավելի հարմար կլինի դպրոցի դասերից կտրվել և գեղարվեստական գրականություն կարդալ (Կարինե Ավետիսյան, 38 տ.):

-Կարծում եմ՝ դպրոցականը այս օրերին պետք է ավելի շատ կարողանա օգնել իր ծնողներին, որովհետև աշուն է, և գյուղում շատ անելու բան կա: Բացի այդ՝ կարող է նաև իր օրերն անցկացնել որևէ հարազատի տանը (Տաթևիկ Սահակյան, 34 տ.):

-Արձակուրդի ժամանակ դպրոցականը պետք է հանգստանա և շատ չծանրաբեռնվի այլ բաներով: Կարող է մեկ շաբաթն անցկացնել տատիկի տանը կամ, օրինակ, ճամաբարում: Թե չէ՝ գյուղում նա մեծ հնարավորություններ չունի իր օրը ճիշտ կարգավորելու համար (Անուշ Պողոսյան, ուսուցչուհի):

-Դպրոցականը ավելի շատ կարող է իր օրը անցկացնել գրադարանում՝ հետաքրքիր գրքեր ընթերցելով ու որևէ հետաքրքիր բան սովորելով (Զանիկ Գորանցյան, 57տ., տնային տնտեսուհի):

-Դպրոցական արձակուրդներին աշակերտը պետք է ուղղակի հանգստանա ու փորձի տրամադրվել ավելի լավ սովորելուն: Այսքանը (Սարիբեկ Գևորգյան, 67տ., հաշվապահ, այժմ արտագնա աշխատող):

-Դպրոցականի համար համապատասխան վայրեր չկան, բայց նա կարող է այդ օրերին ինքնակրթվել, որևէ հետաքրքիր բանով զբաղվել կամ մասնակցել արշավների (Ժաննա Մալխասյան, ուսուցչուհի):

-Այ, աղջիկ ջան, հիմա ո՞վ է մեզնից խորհուրդ հարցնում ու լսում: Հիմա դպրոցականի դեմքն էլ է կորել, սովորելու ցանկությունն էլ: Էս օրերին գոնե մի օգտակար բան թող անի, իր ծնողին օգնի (Կազբեկ Գևորգյան, 75տ.):

Անուշ Աբրահամյան

***

Լոռու մարզ, գյուղ Դսեղ

-Աշնանային արձակուրդները դպրոցից հանգստանալու հիանալի հնարավորություն են: Այս օրերին ես նախընտրում եմ ավելի շատ բնության գրկում լինել, ֆուտբոլ խաղալ կամ տեսանյութեր մոնտաժել: Չի կարելի ասել, թե հետաքրքրությունները շատ են մեզ մոտ, բայց անձամբ ես նախընտրում եմ աշնանային արձակուրդները գյուղում անցկացնել, այլ ոչ թե քաղաքում: Այստեղ այնքան շատ վայրեր կան այցելելու, որոնք այս եղանակին ուղղակի հեքիաթային են: Ինձ թվում է՝ քաղաքացիներն էլ շատ կցանկանային հիմա մեզ մոտ լինել: Ձանձրանալու ժամանակ չի լինում: Շաբաթվա մեջ մի քանի անգամ ֆուտբոլի թիմով ենք հավաքվում՝ մարզվելու: Կարևոր է նաև ինքնակրթությունը. համակարգչային ծրագրերով եմ աշխատում ու փորձում եմ խորացնել հմտություններս: Հա, մեկ-մեկ էլ ֆրանսերեն եմ սովորում: Գրքեր քիչ եմ կարդում, կամ ավելի ճիշտ, համարյա չեմ կարդում: Եթե կարդամ էլ, միայն վատ եղանակին, իսկ հիմա ավելի շատ պետք է դրսում լինել (Սյուզի Ղուլինյան, 13 տ.):

Անի Ղուլինյան

***

Կոտայքի մարզ, գյուղ Արզական

-Նստեն իրանց դասերը սովորեն, չարություն չանեն, խելոք լինեն, հիրանց տատիկներին, պապաներին չջղայնացնեն (Արմեն Հովհաննիսյան, 40 տարեկան, գործազուրկ):

-Քանի որ մեկ շաբաթ է արձակուրդը, թող ամեն մեկն իր ցանկությամբ անցկացնի և ամենակարևորը՝ լիարժեք հանգստանա (Անահիտ Մարկոսյան, 38 տարեկան, տնային տնտեսուհի):

-Հագուստ գործելով, օրինակ՝ ժակետներ, գլխարկներ, ձեռնոցներ: Քանի որ աշուն է, թող պտուղ-բանջարեղենը հավաքեն, երաժշտություն լսեն, տարբեր միջոցառումներ անցկացնեն (Քնարիկ Ասատրյան, 50 տարեկան, թոշակառու):

-Հիմնականում պետք է զբաղվեն գրքով, ընթերցանությամբ, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեն, ոնց որ առաջ է եղել (Սյուզի Սողոմոնյան, 31 տարեկան, տնային տնտեսուհի):

-Բնականաբար, արձակուրդները երեխաների հանգստանալու համար են՝ սակայն միշտ չէ, որ պարապ-սարապ պիտի թրև գան: Անհրաժեշտ է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ընթերցել, լինել Լեռնային Ղարաբաղում, հայրենաճանաչությունը շատ մեծ դեր ունի երեխայի ընդհանուր զարգացման համար, այդ իսկ պատճառով պետք է լավ ճանաչել հայրենիքի յուրաքանչյուր ծառ ու թուփը, կենդանական և բուսական աշխարհը, մարդկանց կենցաղը, սովորությունները և անպայման ընթերցել, որովհետև ընթերցանությունն է, որ մարդուն տանում է գիտելիքների մեծ տաճարը, որտեղ մարդը դառնում է բազմակողմանի զարգացած անձնավորություն: Այնպես որ, արձակուրդը նրա համար չէ, որ պարապ-սարապ թրև գան, անհրաժեշտ է ռացիոնալ օգտագործել յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, որովհետև կյանքն էնքան կարճ է, շատ արագ է թռչում, ինչը որ կորցրիր, այլևս հետ բերել չես կարող (Սուսաննա Մանասյան, 67 տարեկան, թոշակառու):

-Օգնեն այգիներից միրգը հավաքել, ծառերի տերևները հավաքեն վառեն, ձմռան համար ցախ հավաքեն, էլ չեմ մանըմ (Գոհար Սուքիասյան, 93 տարեկան, թոշակառու):

-Ազիզ, իմ թոռնիկները դուրսն են, լավ էլ սովորում են, հըմի իրանք հանգստով են, դասերով են, իրանց խաղերով են, գրքեր են կարդըմ, կինոներ են նայըմ (Ռազմիկ Մնացականյան, 63 տարեկան, գործազուրկ):

-Կուզեմ, որ գնան ծովափ, հանգստանան ու հետ գան երեխեքս (Հայկանուշ Գրիշիկյան, 41 տարեկան, աշխատող):

-Ուղղակի լավ անցկացնեն իրենց արձակուրդները (Նատալյա Մկրտչյան, 75 տարեկան, թոշակառու):

-Գնան անտառ արշավի, կրկնեն հիրանց դասերը (Պետրոսյան Էլիդա, 71 տարեկան, թոշակառու):

Էլադա Պետրոսյան