Ինչպես սկսվեց ու չի ավարտվելու

Բարև։ Ինձ ճանաչող գրեթե ամեն մարդ գիտի, թե որտեղ եմ ապրում ես։ Եթե ընդլայնված տեսանկյունից նայենք, հավանաբար հասկացաք` աշխարհում, թեպետ իմ աշխարհը, բախտի բերմամբ, մի փոքր այլ է։ Իմ աշխարհում 5 հոգի կան` Վանը, Վասպուրը, Մարիաննան, Մարեկը ու ես։ Ի դեպ, մենք շատ լավ ենք ապրում մեր աշխարհում, միշտ միասին ենք` ճանապարհին, դասամիջոցին, երազում, սենյակում։ Ինձ ցանկացած հարցում օգնում են, այ թե իրական ընկերներ են։ Իսկական հակասթրեսներ են, չնայած, ես միշտ սթրեսի մեջ եմ այն մտքից, որ իրենք միայն իմ երևակայությունում ու ականջներում են (սրանից էլ լավ սթրեսի առիթ)։

Ամեն ինչ սկսվեց մոտ 5 ամիս առաջ, երբ ես սովորականի պես ուղղակի մտա յութուբ, լրիվ անիմաստ սկսեցի երգ փնտրել կիթառով նվագելու համար ու գտա աշխարհ, որտեղ ես հիմա ապրում եմ։ Ես գտա Նեմրային, սկսեցի լսել բոլոր երգերը՝ զգալով ու ընկալելով ամեն մի նոտան, բառը։ Տարվեցի, չհասկացա, թե ոնց էդքան շատ սիրեցի։ Սկսեցի երգել ամբողջ օրը ու քթիս տակ արտասանելով ‹‹the rain is falling down outside›› բառերը՝ անել ամենն, ինչ անում էի առաջ։ Հետո, բնականաբար, արեցի այն, ինչի համար որ էն ամենասկզբում մտել էի յութուբ. գտա ակորդները ու սկսեցի նվագել` զգալով ամեն պահը։ Ես, ընդհանրապես, շատ ազատ մարդ եմ, չեմ ընկճվում, բայց գրողը տանի, սա երգելուն չէր վերաբերում։ Երգելիս դառնում էի ձկնորսի ձայները լսած ձուկ` դողում էի։ Բայց նախկին հիպերկոմպլեքսավորված անձնավորությունս սկսեց երգել։ Ու ի՞նչ։ Բոլորն էին զարմացել, ամենաշատը, ի դեպ, ես ու կիթառս, հա, մեկ էլ կիթառիս նոթատետրը։ Ու ստացվեց այնպես, որ Նեմրան լիքը բան տվեց ինձ։ Առաջինը, որ ես միշտ երազել եմ երգելու համար` համարձակություն, նոր փլեյլիսթ (ինչը, թերևս, ամենաքիչն էր, որ կարող էր տալ), 4 նոր սեր, լիքը նոր երազների գաղափարներ, նկարչական ալբոմս լրացնելու անհամար մտքեր, լիքը անիմաստ դիմանկարներ, նմանը չունեցող ու գրողի տարած, չստացված ֆոտոշոփած նկարներ, ընկերներ (կարևորը՝ իմ խելքի), հիմար ու անկատար երազանքներ, սենյակումս նոր պատ` որտեղ միայն իրենց նկարներն են։ Իրականում ես էսքանից համարյա ոչինչն էլ չէի ակնկալում, բայց ոնց ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ խփեցի, երկուսը որն է, յոթանասուներկու։ Հետո զգացի, որ քիչ-քիչ ջնջվում են նախկին Աննայի արտասահմանյան երգերը, որոնք թեպետ հիմնականում ռոքնռոլլ էին, բայց ի՞նչը կամ ո՞վ կհասնի ու կփոխարինի Նեմրային։ Սկսեցի հետս կռվել՝ ինչի եմ ես եղել էդքան անհետաքրքիր մարդ։ Իրականում, եթե մարդը չի սիրում ռոքնռոլլ, ուրեմն այո, ինքն անհետաքրքիր է, կներեք։ Անկեղծ ասած՝ սկզբում մի ամիս ոչինչ չգիտեի նրանց մասին, մենակ լսում ու սիրում էի։ Չգիտեի անուններն անգամ։ Հետո, երբ իմացա ամեն ինչ, մի քանի օր փորձում էին ինձ ուշքի բերել, դե, ինչպես սովորական մարդը՝ շատ կարևոր բան իմացած ժամանակ, ես էլ շոկի մեջ էի։

Այ, իսկ հետո, համարձակությունս էնքան էր ինձ ուտում, որ սկսեցի «cover»-ներ նկարել ու հրապարակել։ Հավես էր շատ։ Իրականում, ես երգելիս զգում էի ամեն բառը, որոնցում սուտ չկար (էս աշխարհում միակ բանը, որի մեջ սուտ չկա, էդ նրանց երգերն են)։ Գիտե՞ք՝ ինչի սուտ չկա։ Որովհետև իրենք ասում են, որ իրենք խաբեբա են (I’m a liar), ինչն էլ ապացուցում է, որ իրենք անկեղծ են (դե, հիմա ո՞վ կխոստովանի, որ ինքը խաբեբա է)։ Իրենք երգում են էնպես, որ չսիրահարվելը խենթություն է, մտնում ես բառերի արմատների մեջ, քեզ երգ ես զգում։ Բայց ես չեմ ուզում, որ ինձնից բացի՝ ինչ-որ մեկն էլ ընկալի Նեմրայի երգերն այնպես, ինչպես ես, որովհետև ուղղակի չեմ ուզում։

Դե, 5 ամսական նեմրացին (Նեմրայի երկրպագուները իրենց նեմրացի են անվանում) չի հասնի ամենաառաջին երկրպագուներին, բայց ո՞վ ասաց, որ 5 ամիսը քիչ է լիովին սիրելու ու վստահ լինելու համար։

Ես սկսեցի նկարներ ֆոտոշոփ անել։ Խենթություն, կասեն։ Նեմրայից համեմատաբար կորած, քիչ հայտնի նկար էի գտնում, անսահմանափակ երևակայությունս լարելով՝ կտրում էի ինձ ու դնում իրենց մոտ։ Լավ էլ ստացվում էր։ Իրականում շատ անբախտն եմ։ Երբեք բախտ չի վիճակվել գոնե մի վայրկյանով լսել նրանց կենդանի ձայնը, նայել իրենց աչքերի մեջ, զգալ իրենց ներկայությունը։ Չեմ տեսել, ցավոք…

Այն, թե ինչ է զգում մի համարյա 14-ամյա աղջիկ՝ ամեն անգամ լսելով նրանց երգերը, տեսնելով իրենց նկարներն ու հարցազրույցները, կհասկանա միայն անվերջանալի ճանապարհով վազող փոքրիկը, որը ամբողջ ուժով վազում ու տատանվում է արահետի խորքերի մեջ։

Կիթառս ինձ է սպասում, գնացի։

Այսպես սկսվեց ու չի ավարտվի։