Ինչ են ուզում և երազում երիտասարդները

DSC_9865

Հարցազրույց Ղազախստանի երիտասարդական լրատվական ծառայության տնօրեն Իրինա Մեդնիկովայի հետ։

-Ներկայացեք, խնդրում եմ, ինչո՞վ եք զբաղվում, ինչ մասնագիտություն ունեք։

-Ես Իրինա Մեդնիկովան եմ՝ Ղազախստանի երիտասարդական լրատվական ծառայության տնօրենը։ Մեր կազմակերպությունը աշխատում է երիտասարդության հետ արդեն 20 տարի։ Մենք զարգացնում ենք երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը։ Տարեկան ունենում ենք ավելի քան 20 տարբեր ծրագրեր՝ դասընթացներ, կոնֆերանսներ, դպրոցներ։ Տասը տարի առաջ ես դարձա այս կազմակերպության կամավորը, հետո զբաղվում էի ծրագրերի ղեկավարմամբ, իսկ հիմա հինգերորդ տնօրենն եմ։

-Ի՞նչ կրթություն ունեք։

-Մասնագիտությամբ լրագրող եմ, լրագրության մեջ նույնպես աշխատել եմ տասը տարուց ավելի։ Աշխատել եմ հիմնականում թերթերում, գրել եմ քաղաքական, երիտասարդական քաղաքականության թեմաներով։ Այս տարի անցել եմ նաև փորձաշրջան Պրահայի Քաղաքացիական կենտրոնում, մենք միասին կատարեցինք հետազոտություն երիտասարդության պահանջմունքների և երիտասարդական ծրագրերի վերաբերյալ։ Ընտեցինք հինգ երկիր՝ ԱՊՀ տարածաշրջանից։ Դրանք էին` Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուկրաինան։

-Հետազոտությունն արդեն ավարտվե՞լ է։

-Այո, արդեն ավարտվել է, և այժմ Երևանում տեղի է ունենում կոնֆերանս՝ «Երիտասարդություն, առաջնորդներ, թրենդներ» անվանմամբ։ Այս կոնֆերանսի ընթացքում էլ ներկայացնում էինք մեր հետազոտությունը։

-Ո՞րն է հետազոտության նպատակը։

-Նպատակն է` բացահայտել, թե ինչպիսին են երիտասարդության պահանջմունքները այս երկրներում, ինչքանով են համընկնում կամ տարբերվում դրանք իրարից, ինչպես նաև, թե ինչ ծրագրեր կան երիտասարդության համար, ինչ քայլեր են ձեռնարկում կառավարությունը, երիտասարդական կազմակերպությունները` երիտասարդության զարգացման համար։

-Ի՞նչն էր ամենակարևորը այս հետազոտության մեջ։

-Հետազոտության արդյունքում մենք հանգեցինք երեք կարևոր եզրակացության։ Առաջինը` երիտասարդության արժեքներն են։ Բոլոր երկրներում առաջին տեղում երիտասարդների համար որակյալ կրթությունն է, միայն տարբերվում է Ղազախստանը։ Մեր երկրում ամենակարևորը երիտասարդների համար ընտանիքն է, իսկ հետո նոր կրթությունը։ Երկրորդը, պրոբլեմները բոլոր հինգ երկրներում նույնն էին՝ սոցիալ-տնտեսական մակարդակ, ոչ որակյալ կրթություն, աշխատանք գտնելու խնդիրներ և սեփական բնակարանի բացակայություն։ Սրանք առաջնային խնդիրներն էին, կան նաև երկրորդական խնդիրներ՝ ապատիա, ալարկոտություն, մոտիվացիայի բացակայություն և կախվածություն մեծահասակներից։ Մեծահասակները մեծ ազդեցություն ունեն երիտասարդների վրա և շարունակում են նրանց փոխարեն որոշումներ կայացնել բազմաթիվ բնագավառներում։ Երրորդ կարևոր եզրահանգումը վերաբերվում է երիտասարդական ծրագրերին։ Մենք բացահայտեցինք, որ ամենախոշոր երիտասարդական ծրագրերը հիմնված են ոչ թե երիտասարդների պահանջմունքների և ցանկությունների վրա, այլ այն հանգամանքի, թե ինչ խնդիրներ է ուզում լուծել այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունը։ Պետությունը, երբ իրականցնում է որևէ խոշոր ծրագիր երիտասարդների համար, լուծում է իր խնդիրները։ Օրինակ՝ Ղազախստանում գործում է «Դիպլոմով դեպի գյուղ» ծրագիրը, եթե մասնագիտությամբ ուսուցիչ ես կամ բժիշկ, ավարտելուց հետո քեզ ուղարկում են գյուղ՝ աշխատելու, և այնտեղ էլ հենց բնակարան են տալիս։ Կամ, օրինակ, Ռուսաստանում շատ տարածված են երիտասարդական շինջոկատները։ Երբ երիտասարդությունը հոնորար է ստանում՝ աշխատելով մանկական ճամբարներում, ծառեր տնկելով կամ վերանորոգումներ իրականցնելով։ Հենց այս ծրագրերից էլ երևում է, որ պետությունը լուծում է իր կադրային պրոբլեմները։ Եթե գյուղերում կադրեր չկան, նա ուղարկում է այնտեղ երիտասարդությանը։ Բայց հենց երիտասարդները դժվար թե կցանկանան ցայտուն երիտասարդության շրջանում քաղաքից տեղափոխվել գյուղ։ Բայց գնում են, որովհետև այնտեղ բնակարան են ստանալու։ Գոնե մի բան կստանամ՝ մտածում է երիտասարդը, իսկ դա ավելի լավ է, քան ոչինչը։ Բայց երազում են նրանք իրականում ոչ թե մեկնել գյուղ, այլ գուցե սովորել արտասահմանում՝ համաշխարհային մայրաքաղաքներում։ Գուցե ուզում են սովորել Բեռլինում, Լոնդոնում, երազում են ստանալ որակյալ կրթություն ու հետ վերադառնալ, աշխատել։

-Ի՞նչ դժվարություններ են առաջացել հետազոտության ընթացքում։

-Գործնականորեն՝ ոչ մի։ Մենք շատ լավ էինք ամեն ինչ կազմակերպել, ունեցել ենք 30 մասնագիտական հարցազրույց։ Մեր հետազոտությունը որակական էր, և ոչ թե քանակական, շեշտը դրել ենք ոչ թե նրա վրա, թե քանի հոգու հետ կունենանք հարցազրույց, այլ նրա, որ զրուցել ենք միայն մասնագետների հետ, որոնք աշխատում են երիտասարդության հետ։ Ստեղծել ենք ֆոկուս խմբեր յուրաքանչյուր մայաքաղաքում, և փորձել ենք հասկանալ՝ այն, ինչ ասում էին մասնագետները, արդյոք կապվա՞ծ է նա հետ, ինչ իրականում մտածում են երիտասարդները։ Պարզվեց, որ համընկնում են նրանց կարծիքները։ Եվ մենք ուսումնասիրել ենք բոլոր ծրագրերը, որոնք գոյություն ունեն։ Ամեն ինչ հավաքագրել ու հետազոտել ենք։

-Ի՞նչ է փոխվել Ձեր աշխարհայացքի, Ձեր աշխատանքի ոճի մեջ այս հետազոտությունից հետո։

-Սկզբում ես մտածում էի, որ այս հինգ երկրներում մենք կունենանք տարբեր պատկերներ։ Կարծում էի, որ Հայաստանում կտեսնեմ այնպիսի տարբերվող ծրագրեր, որոնք երբեք ոչ մի տեղ չէի տեսել, և ամբողջ տարածաշրջանում այդ տարբերվող ծրագրերը ուսումնասիրելով՝ մենք հետագայում կկարողանայինք փոխանակել դրանք։ Բայց իրականում ամեն ինչ շատ միանման ստացվեց։ Բոլոր հինգ երկրներում և՛ պրոբլեմներն էին նույնը, և՛ արժեքներն էին իրար մոտ։ Սա խոսում է այն մասին, որ մենք դեռ մեկ պատմական տարածք ենք։ Երկրորդը, որ ինձ շատ զարմացրեց, Հայաստանի և Ուկրաինայի նմանությունն էր։ Այս երկու երկրներում ողջ հետազոտության ընթացքում զարմանում էի, թե ինչքան նման բաներ կան։ Ազատության հասկացությունն էր շատ նման։ Այն, թե ինչպես են ազատ մարդիկ մտածում, թե ինչ արժեքներ ունեն նրանք։ Երկու երկրներում էլ երիտասարդները շատ են ուզում գնալ սովորել Եվրոպայում, բայց անպայման հետ գալ։ Ոչ ոք չէր ասում, որ ուզում է գնալ և այլևս հետ չվերադառնալ։ Այսինքն՝ երկու երկրներում էլ հավատը հայրենիքի նկատմամբ շատ մեծ է։

Ինձ համար բացահայտում էր նաև այն, որ Ղազախստանը շատ չափանիշներով տարբերվում է մյուս երկրներից։ Առաջինը, ինչպես նշեցի, արժեքների համակարգում առաջնային տեղը ընտանիքին տալն է։ Երկրորդը, բոլոր երկրներում աճում է երիտասարդական կազմակերպությունների պահանջարկը, այսինքն՝ երիտասարդությունն ավելի շատ է ուզում նորարարական, հետաքրքիր կազմակերպություններ, իսկ Ղազախստանում այդ պահանջարկը, ընդհակառակը, ընկնում է։ Դա էլ էր ինձ համար շատ զարմանալի, որ Ղազախստանը, պարզվում է, հետ է մնում այս մյուս երկրներից։

-Որո՞նք են, Ձեր կարծիքով, դրա պատճառները։

-Դժվար է հասկանալ պատճառները։ Եթե ուզում ենք դա վերլուծել, պետք է ավելի խորը հետազոտություններ կատարել, ավելի լայն կոնտեքստում նայել հարցին։ Ես պլանավորում եմ հիմա գրել զեկույց, որտեղ կներկայացնեմ տարբեր արդյունքներ այս հետազոտության, և կփորձեմ այդ զեկույցում էլ տալ որոշ երևույթների պատճառները։

-Ինչպե՞ս և որտե՞ղ են օգտագործվելու այս հետազոտության արդյունքները։

-Արդյուքները հիմա ներկայացվում են Երևանում տեղի ունեցող կոնֆերանսում, որին մենք հրավիրել ենք 60 մասնագետների հինգ երկրներից։ Հավաքել ենք 60 առաջնորդ, պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք նույնպես աշխատում են երիտասարդության հետ։ Կիսվեցինք նրանց հետ այս ինֆորմացիայով։ Նրանք որոշ բաներ հաստատեցին, որոշ բաներ էլ ավելի խորացրին։ Տվեցին ինձ նոր օրինակներ՝ շատ կարևոր, որոնք նույնպես ես այժմ պետք է ավելացնեմ այս աշխատանքին։ Կիսվել ենք բոլոր ներկաների հետ այս տվյալներով, և հիմա նրանք կարող են և կօգտագործեն այդ ինֆորմացիան իրենց աշխատանքում։ Իսկ արդեն Ղազախստանում ես պատրաստվում եմ հրապարակել բոլոր արդյունքները, որպեսզի դրանք հասանելի լինեն բոլորի համար։

-Ի՞նչ տարիքի երիտասարդների շրջանում է անցկացվել հետազոտությունը։

-14-25։ Իհարկե, տարբեր խմբերով՝ 14-18, 19-22, 22-25, հիմնականում փորձել ենք բաժանումն անել ըստ դպրոցի՝ միջին դպրոց, ավագ դպրոց և ուսանողներ։ Դե, սա երիտասարդության ամենաակտիվ մասն է։

Իմ հետազոտության շրջանակներում ունեցած հարցազրույցներից մեկն էլ «Մանանա» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանի հետ էր։ Ես գնացել եմ «Մանանա», երկար հարցազրույց եմ ունեցել Ռուզաննայի հետ, ծանոթացել եմ այս կազմակերպության գործունեությանը։

-Ձեր այցելած այս հինգ երկրներում էլ ի՞նչ «Մանանայի» նման կազմակերպություններ կան։ Պատմեք, խնդրում եմ, դրանց մասին։

-Իմ հետազոտության վերջում ես ընտրել և նշել եմ ինձ հանդիպած ամենահետաքրքիր, ամենաարդյունավետ պրոյեկտները, որոնց մասին պատմում եմ, և խորհուրդ եմ տալիս բոլորին կրկնել դա, անել նույնը ամենուրեք, սովորել դա իրականացնողներից։ Եվ Հայաստանում այդ օրինակը «Մանանան» է։ Այս կազմակերպությունը ինձ հիացրեց ամենից շատ։ Այն արդյունքները, որոնց հասնում է երիտասարդությունը, և այն կոնտենտը, որը դուք ստեղծում եք, աներևակայելի են։ Այսպիսի պրոյեկտ ես հաստատ ոչ մի տեղ չեմ տեսել։ Ղազախստանում կա նման կազմակերպություն, որը երիտասարդական մեդիա է, բայց ուղղվածությունը հիմնականում նորություններն են։ Երիտասարդությունը գնում է պառլամենտ, անում այնտեղ ռեպորտաժներ։ Իսկ դուք տարբերվում եք ուժեղ վիդեո կոնտենտով, ֆիլմերի արտադրությամբ։ Դուք նաև ուղարկում եք դրանք տարբեր փառատոների, ունեք շատ մրցանակներ։ Դա շատ մեծ աշխատանք է։ «Մանանան» իմ ամենալավ օրինակն է, ես դրա մասին բոլորին եմ պատմում։ Արդեն հրավիրել եմ ձեր տնօրենին Ղազախստան։ Իսկապես շատ կուզեի, որ միասին ծրագիր անեինք, բայց ոչ թե ինչ-որ կոնֆերանսի տեսքով, այլ իրական փորձի փոխանակման, որպեսզի դուք գաք և կիսվեք ձեր փորձով, սովորեցնեք մեր երիտասարդությանը ձեր հմտությունները։

-Պատմեք Ձեր կազմակերպության իրականացրած ծրագրերի մասին։

-Մենք ունենք «Ժաս-քեմփ» (Zhascamp), որը խոշոր երիտասարդական կոնֆերանս է, ունի տարեկան մոտ 700 մասնակից։ Մենք մեկնում ենք տարբեր քաղաքներ և իրականացնում ենք այն միաժամանակ մի քանի քաղաքներում։ Այս կոնֆերանսում մենք հավաքում ենք առաջնորդների, ակտիվիստների, տարբեր երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք կիսվում են իրենց լավագույն փորձով։ Հրավիրում ենք նաև միջազգային էքսպերտների, որոնք պատմում են ինչ-որ յուրօրինակ ծրագրերի մասին, որոնք իրականացվում են արտասահմանում, բայց մեր երիտասարդությունը դրանց մասին լսած էլ չկա։

Զբաղվում ենք նաև միջազգային ծրագրերով, ունենք ծրագրեր Erasmus +-ի հետ, որոնք իրականացնում ենք մեր գործընկերների հետ Լեհաստանից, Չեխիայից։ Մենք արդեն հինգ տարի է ներառված ենք այն 8 երկրների շարքում, որոնք զբաղվում են սոցիալական ձեռնարկատիրության տարածմամբ։ Ունենք նաև երկու դպրոց՝ մարդու իրավունքների։ Մենք սովորեցնում ենք երիտասարդությանը իրենց իրավունքները, որովհետև հիմնականում դրանից երիտասարդները գաղափար չունեն, իսկ պետությունը միտված պահում է այդ ինֆորմացիան, որպեսզի այն չհայտնվի երիտասարդության ձեռքում։ Ցավոք, մեր երկիրը ավտորիտար է։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք լինել միջնորդներ, սովորեցնում ենք երիտասարդությանը, իրակացնում ենք այդ դպրոցները։ Երբեմն պետությունը մեզ խանգարում է, երբեմն՝ սեղմում ատամները, բայց հանդուրժում է։

Իրականացնում ենք նաև տարբեր հետազոտություններ։ Երբեմն վերցնում ենք մի թեմա ու հետազոտում։ Օրինակ՝ Ալմաթի քաղաքում կատարել ենք հետազոտություն կենտրոնից դուրս շրջաններում։ Քաղաքի կենտրոնը շատ գեղեցիկ է կառուցված, իսկ արվարձանները սարսափելի են։ Մենք ուսումնասիրում էինք, թե ինչպես են այդպիսի շրջաններում տրանսպորտի հարցերը, կանգառների։ Զբաղվում ենք նաև ընտրությունների ընթացքով, այսինքն՝ երբ սկսվում են ընտրությունները, ուսումնասիրում ենք, թե ինչպես են դրանք անցկացվում, հատկապես՝ բուհերում։ Այն դեպքերում, երբ ուսանողներն են մասնակցում ընտրություններին, հետևում ենք՝ արդյոք խախտվում են նրանց իրավունքները։

Իրականացնում ենք նաև «կենդանի գրադարան» միջազգային ծրագիրը։ Այն սկսվել է 2005 թվականից, այս ֆորմատը վերցնել կարող է ցանկացած մեկը, դուք էլ կարող եք իրակացնել։ Ծրագրի իմաստը հետևյալն է․ հավաքում եք լսարան և ընտրում եք հինգ գիրք։ Գիրք այս դեպքում մենք անվանում ենք մարդկանց, գիրքը մարդ է։ Որպես գիրք ընտրում եք այնպիսի մարդու, որը դառնում է զոհ որևէ կաղապարի, օրինակ՝ կարող է լինել հաշմանդամ, սահմանափակ կարողություններով մարդ կամ որևէ փոքրամասնություն կազմող կրոնի ներկայացուցիչ։ Այնպիսի մարդկանց, որոնք հասկացված չեն շրջապատի կողմից, որոնց մասին կարծում են, թե տարօրինակ են, որոնց շուրջը հավաքված նեգատիվ կա։ Եվ երբ դուք տալիս եք այդ մարդկանց հնարավորություն՝ խոսելու իրենց լսարանի հետ, քննարկում անելու, հետագայում կարող եք խուսափել կոնֆլիկտներից։ Մենք հիմնականում հավաքում ենք հարյուր հոգանոց լսարան և ունենում ենք չորս գիրք։ Նրանք նստում են զուգահեռ, և ամեն գիրքը ելույթ է ունենում երեսուն րոպե, հետո տեղերով փոխվում են։ Այսինքն՝ ամեն գիրքը ելույթ է ունենում չորս անգամ։ Գիրքը խոսում է 5-7 րոպե, որից հետո մարդիկ հարցեր են տալիս, քննարկում են։ Օրինակ՝ մեզ մոտ որպես գիրք ելույթ է ունեցել ամերիկացի երիտասարդ, որովհետև շատ կաղապարներ կան ամերիկացիների վերաբերյալ, բոլորը կարծում են, որ Ամերիկան թշնամի երկիր է։ Այսպիսով փորձում ենք կոտրել կաղապարները։ Եվ այդ քննարկումներից հետո նկատելի է, որ մարդիկ արդեն այդքան ագրեսիվ չեն, չեն հարձակվում մյուսների վրա, չեն փորձում կռիվ սարքել, նրանք արդեն պատրաստ են լսել այդ մարդուն, լսել նրա պատմությունը, իմանալ, թե ինչ է նրա հետ տեղի ունեցել։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը և Մարիամ Նալբանդյանը