Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ինչ է ազատությունը

Եթե երկու տարի առաջ հարցնեիք, ամենաքիչը երեք էջ խորը փիլիսոփայական նյութ կտպեի Microsoft Word-ում, հիմա ուղղակի կասեմ` ազատություն չկա…

Ազատությունը վերացավ, երբ Շուշին ու Դադիվանքը մնացին թուրքի ձեռքում…

Ես ծնված օրվանից համարվել եմ ազատության սերնդի մաս ու միառժամանակ, ականատես եղել երկու պատերազմի, ու վերջինիս ժամանակ կորցրել որևէ հույս Հայաստանում ապրելու։

Ես միշտ վստահ եմ եղել, որ ազատության սերունդ լինել նշանակում է` ապրել անկախ Հայաստանում,  ազատ տեղաշարժվել  երկրիս տարածքով, ու ամենակարևորը, այս ազատության համար ամեն գնով պայքարել։ Վստահ եմ եղել, որ ազատ լինելու համար պետք է շատ աշխատել ու լինել չափազանց ուժեղ քո ազատությունը սահմանափակողներին դիմակայելու համար։ Հասուն տարիքում հասկացա, որ ազատության գաղափարը կիսում են նաև խոսքը, ընտրությունը ու հազար ու մի ուրիշ երևույթներ։ Շատ կարևոր, բայց ոչ առաջնային, խիստ անհատական երևույթներ։ Ես սովորեցի հարգել այս ազատության տարատեսակները շատ հեշտ, որովհետև կարծում էի, թե մեդալը միշտ ունի երկու կողմ, ու երկուսն էլ ունեն հավասար արժեք ու իրավունք գոյություն ունենալու։

Բայց երբ որ քեզնից խլում են քո ազատությունը, ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչքան աշխատանք ու  պայքար կտարվի համընդհանուր ազատության համար, մեդալի մյուս կողմը ընտրելու է միայն իրեն` չհարգելով քեզ ու քո անհատական ազատությունները, էլ ոչինչ չի մնում, բացի ազատության նկատմամբ հավատի կորստից։

Կարծում եմ, ազատության տարատեսակները մտածել են հենց նրանք, ովքեր ձգտում են ամենաթողության, զուրկ են արժեքներից ու պատվի զգացողությունից։ Ավաղ, Հայաստանում հիմա ավելի շատ են պատվազուրկները, ովքեր վեր են դասում սեփական ազատությունները համընդհանուրից, նույնիսկ եթե դա նշանակում է` մահ, ստորացում ու ապագայում թուրքի ճորտ լինելու հեռանկար։ Կարծում եմ պետք է սկսել «անհարգանք» ու անհանդուրժողականություն դրսևորել մեդալի մյուս կողմի նկատմամբ, սահմանափակել հնարավորությունները ու կրթել սեր համընդհանուր ազատության նկատմամբ։ Այդպես միգուցե հասնենք այն մակարդակի, որտեղ կսկսենք հարգել անձնականը։ Ամբողջ աշխարհում հիմա ակտուալ է և, ինչ խոսք, նաև տեղին, պայքարը խոսքի, ընտրության ազատության համար, բայց ավաղ, մենք չափազանց հեռու ենք դրանից, որովհետև դեռ ստիպված ենք պայքարել երկիր ունենալու համար։

Չգիտեմ, գուցե մահն է իրական ազատությունը, բայց դա ոչ ոք չգիտի….

Ավելի խելամիտ է պայքարել մեր երկրի կյանքի համար, որի ազատության բերկրանքը զգացել ու տեսել ենք։

Հ.Գ. Այս խոհերս զայրացած էի գրել, մի համալսարանի ուսանողների համանուն թեմայով շարադրությունները կարդալուց հետո: Շարադրությունների մրցույթի լավագույն 10-ից ավել շարադրությունների մեջ միայն մեկ կամ երկու հոգի էր ներկայիս իրավիճակի մասին գրել: Չեմ հասկանում. պատերազմը իրենց վրա հետք չի՞ թողել, հարազատ, կուրսեցի, ընկեր չե՞ն կորցրել, որ իրենց մտքերը շարադրելիս պատերազմը մտքներին չեկավ: