Angelina Karapetyan

Ինչ-որ բանի պակաս կա

7:50: Զարթուցիչը զնգաց: Մի կերպ անջատում եմ և՛ հեռախոսիս, և՛ զարթուցիչի ձայնը, գրկում արջուկիս ու քնում, բայց հինգ րոպե հետո ինչ-որ բան հուշում է, որ ուշանալու եմ (այդպես էլ չիմացա, թե ով կամ էլ ինչ է դա): Արագ-արագ արթնանում եմ, կամաց-կամաց գնում լվացվելու ու մի կերպ գալիս եմ հագնվելու: Տաք-Տաք հագնվում եմ ու դուրս գալիս տանից: Փողոցը չոր է՝ ծածկված բաց դարչնագույն հողով, ծառերն ազատվել են իրենց հագուստից, մի՞թե չեն մրսում: Ծառերը, մարդիկ և կլիման հակասում են միմյանց: Երբ շոգ է, ծառերը ծածկված են սաղարթով, իսկ մարդիկ պայքարում են տապի դեմ, և հակառակն է լինում ձմռանը: Ինչևէ:

Ինչ-որ բանի պակաս կա իմ բնակավայրում, իմ մարզում: Սպիտակի պակաս կա, նրբության պակաս կա:

3:05: Վերջացան դասերը: Վերադառնում եմ դպրոցից: Դուրս եմ գալիս փողոց թե չէ՝ տեսնում եմ ձմեռվան պատրաստվող շատ մարդկանց: Ամեն մեկն իր գործին է: Վաչիկ «ձաձան» իր գառանն էր մորթում, մյուսները փայտն էին շարում՝ ցուրտ ձմռանը դիմակայելու համար, կանայք ծառերից ընկած վերջին տերևներն էին մաքրում գետնից: Չէ՞ որ ձմեռ է: Արարատի մարզում ձմռանը բնորոշ է միայն այն, որ առավոտյան խոսելիս գոլորշի է դուրս գալիս բերանից:

Արդեն երեկո է: Ականջի ծայրով լսում եմ «Լրաբերը»: Բոլոր մարզերում արդեն կա ձմռան շունչը, սպիտակը, սպիտակ հեքիաթը: Թարմություն, հանդարտություն ու մաքրություն բերողը:

Քննարկում էինք դասը, երբ ուսուցիչը հարցրեց.

-Ի՞նչ է հարկավոր ձեզ երջանիկ լինելու համար:

-Ձյուն,- պատասխանեցի ես:

Երազանք է դարձել ինձ համար ձյունը: Քայլում եմ փողոցով ու երազում, որ երկնքից սպիտակ մի փաթիլ ընկնի վերարկուիս վրա: Ի՞նչ է հարկավոր երազանքների իրականացման համար:

Հ.Գ. Կարծես թե քիչ-քիչ երազանքս իրականանում է: