Հույսը վերջինն է մեռնում
«Բարև, բարև, երկար սպասված սիրելիս ու թանկագինս…
Վերջապես դու բարեհաճեցիր մեր տուն մտնել: Իսկ ես քեզ ամբողջ տարին սպասում էի… Ոչի՛նչ, մենք դեռ իրար հետ շատ-շատ ժամանակ ենք անցկացնելու, որպեսզի ամբողջ տարվա տեղը հանենք… Պատահաբար չի, չէ՞, որ հենց այսօր եկար: Դու եկել ես՝ իմ ծննդյան օրը շնորհավորելու, այնպես չէ՞: Դու ամենալավ նվերը կլինես ինձ համար»- մտածում էի ես, երբ մեր տանը ինտերնետ էին ակտիվացնում:
-Վերջ, մոդեմը միացրեցի: Ձեզ մնում է ընդամենը զանգահարել օպերատորին, որպեսզի նա թելադրի հրահանգները,- ասաց աշխատողը:
Ես անհամբեր սպասում էի: Հայրիկս զանգեց օպերատորին: Հեռախոսն անջատելուց հետո ասաց.
-Այսօր շաբաթ ա: Նրանք երկուշաբթի օրվանից են աշխատում: Ոչինչ, մի տարի դիմացել ես, երկու օրն ի՞նչ ա, որ չդիմանաս:
Ասեմ, որ սարսափելի դժվար է ամբողջ տարվանից հետո երկու օր սպասելը:
«Դու ուզում ես իմ համբերությունը փորձել, ինտերնե՛տ: Լավ: Ոչինչ, կսպասեմ»,- մտածեցի ես:
Եկավ երկուշաբթին: Ես զանգեցի օպերատորին:
-Ի՞նչ, էլի՞ չբացեց,- լսվում էր հեռախոսի միջից:
-Չէ՛, ոչ մի կայք չի բացում,- պատասխանեցի ես:
-Լավ, նորից մտեք, նորից հավաքեք նույն կոդը:
Ես հավաքեցի: Արդեն հինգերորդ անգամն էի նույն բանն անում:
-Ըհը, եղավ, բացեց,- հազիվ զսպելով ուրախությունս՝ ասացի ես:
-Դե, լավ: Եթե խնդիր առաջանա, կզանգեք:
Ես առաջին կայքի հասցեն էի հավաքում, երբ ոտքս հանկարծ կպավ համակարգչի լարին: Այն անջատվեց: «Ուֆ» ասելով՝ նորից միացրեցի համակարգիչը: Այդ երկու րոպեն, մինչ միանում էր համակարգիչը, ինձ համար անվերջանալի էր թվում:
Ահա, վերջապես հավաքեցի կայքի անունը, սեղմեցի «Enter» և… Սենյակը մթնեց… Լույսերը անջատվեցին… Եվ անջատել էին ոչ միայն լույսերը, այլև իմ մեկ տարվա և երկու օրվա սպասումները…
Իննա Ազնաուրյան, 15 տարեկան
Ինչու՞ գրանցեց
-Մարիա՛մ, դու ո՞ր թվին ես ծնվել,- զանգելով ինձ՝ հարցրեց մեր դասարանի Մերին:
-97-ին: Ինչի՞դ է պետք:
-Դե, ուզում եմ քեզ «Facebook»-ում գրանցել:
-Դե, եթե ուզում ես, գրանցի,- ասացի ես:- Բայց գոնե ծածկագիրս կասե՞ս:
-Հեռախոսով չեմ կարող ասել: Հետո կգրեմ:
Հաջորդ օրը հայերենի ժամին լսվեց.
-Մարիա՛մ, Մարիա՛մ:
Եվ հանկարծ օդով սավառնեց մի փոքր թուղթ: Այդ թուղթը հասավ ինձ: Բացելով այն՝ կարդացի. «Մարիա՛մ, այստեղ քո «Facebook»-ի ծածկագիրն է գրված՝ ********»:
Հաջորդ ժամին դիմեցի Մերիին.
-Մե՛ր, կտա՞ս հեռախոսդ, մտնեմ «Facebook»:
-Հա՛, վերցրու՛, բայց փողերս լրիվ չվատնե՛ս,- փնթփնթաց Մերին:
-Լավ:
Հաջորդ օրը նորից.
-Մե՛ր, կտա՞ս հեռախոսդ:
-Չէ՛:
Եվ ամեն անգամ, երբ նրանից բջջայինն եմ խնդրում, չի տալիս: Հարց է առաջանում. իսկ ինչու՞ էր ինձ «Facebook»-ում գրանցել, եթե չէր թողնելու իր հեռախոսով մտնել: Չէ՞ որ գիտեր, որ ես ինտերնետ չունեմ:
Մարիամ Թումանյան, 13 տարեկան
«Odnoklassniki.ru»-ի չարիքը
-Ի, էս ի՞նչ ես գրել նկարիս տակ, արա՛,- գոռաց կողքիս տղան այնքան ուժգին, որ ականջներս պայթեցին:
-Ի՞նչ եմ գրել որ,- կամաց ասաց Էրիկը:
-Ուշադիր նայիր շրթունքներիս՝ ան-կա-պու-թյուն:
-Վայ, լավ, կարո՞ղ ա կռվեք, երեխե՛ք,- փորձեցի միջամտել նրանց խոսակցությանը ես:
-Ավա՛գ ջան, դու մի՛ մտիր տղաների խոսակցության մեջ,- ասաց Էրիկը:
-Դի՛ն ջան, ի՞նչ կռվել, հեսա գլուխն եմ ջարդելու,- նորից գոչեց Գոռը:
-Դե, արի՛, է՞, ա՛յ տղա, զզվացրեցիր արդեն,- գոչեց Էրիկը:
Դըմփ, դըմփ…
-Վայ, երեխե՛ք, վե՛րջ, հանգստացե՛ք,- գոռացի ես,- վերջապես, մոտիկ ընկերներ եք, չէ՞:
-Հա՛, ճիշտ ա, Դի՛ն ջան: Ախպե՛րս, կներե՛ս,- փոշոտված ձեռքը մեկնելով Գոռին՝ ասաց Էրիկը:
-Այ, միշտ տենց կարողանում ես իրար սպանող դեբիլներին բաժանել իրարից,- ասաց մեր դասարանի Էդգարը ժպտալով:
-Ի, ո՞վ ա դեբիլ,- միահամուռ ասացին բոլորը, և նորից սկսվեց…
Դիանա Խուզատյան, 13 տարեկան
Ինչո՞ւ ես ոչ մի կայքում չկամ
Ընդհանրապես, մեր ընտանիքում բոլորը, բացի ինձանից, գրանցված են տարբեր կայքերում: Օրինակ, քույրս «Odnoklassniki»-ում է, մայրս, հայրս, եղբայրս՝ «Mail»-ում, իսկ ես ոչ միայն ոչ մի կայքում չկամ, այլև համակարգչից էլ այդքան լավ գլուխ չեմ հանում: Ինչ մեր տան համակարգչին ինտերնետ են միացրել, օր ու գիշեր բոլորը համակարգչից այն կողմ չեն գնում: Մի խոսքով, եթե մտնես համակարգչի սենյակ, կտեսնես մարդկանց, ովքեր, կարելի է ասել, կպած են ինտերնետից: Իսկ ինձ օր ու գիշեր հանգիստ չեն թողնում՝ ասելով.
-Ա՛շ, բա դու ինչու՞ չես մտնում ինչ-որ կայք:
-Վայ, դե, չեմ ուզում, պրծա՞նք:
Այդպես էի պատասխանում հարցնողներին:
Մի անգամ էլ մայրս ճաշը դրել էր գազօջախին և տարվել ինտերնետով:
-Ֆու, էս ի՞նչ վառածի հոտ ա գալիս,- տուն մտնելով՝ ասացի ես:
Ես ու մայրս վազեցինք խոհանոց և տեսանք, որ ճաշը վառվում է:
Այդ օրվանից ես միշտ օրինակ եմ բերում այս պատմությունը՝ ասելով, որ ինտերնետ մտնելով՝ կարող եմ իրենց պես տարվել ու ճաշը վառել:
Հիմա հասկացա՞ք, թե ես ինչու չեմ ուզում ինտերնետում իմ էջը բացել:
Աշնա Գրիգորյան, 11 տարեկան
Այսպես էլ է պատահում
Արդեն երեք օր էր՝ «Odnoklassniki.ru» չէի մտել, քանի որ քաղաքում չէի: Երբ մտա, ինձ մի հաղորդագրություն եկավ ինչ-որ Արեգից, որտեղ գրված էր. «Վաղը դպրոց կգաս, ու ես հետդ կխոսեմ, դեռ հալդ կտեսնես»: Ես չճանաչեցի հեղինակին:
Հաջորդ օրը երկուշաբթի էր, ես գնացի դպրոց: Երբ դասամիջոցին դասարանից դուրս եկա, ինձ մոտեցավ մի տղա, որը քիչ էր մնում հարվածեր նյարդայնությունից: Դասարանիս տղաները մոտեցան, հանգստացրեցին նրան և ստիպեցին, որ ասի, թե որն է բարկության պատճառը: Տղան ասաց, որ «Odnoklassniki.ru»-ի իմ էջից հայհոյանքներով լի նամակներ է ստացել: Ես նրան հասկացրեցի, որ իրեն չեմ ճանաչում, որ ամեն ինչ կճշտեմ: Երբ եկա տուն, բացեցի էջս և տեսա, որ իրոք, իմ էջից Արեգին նամակներ են գնացել, որոնք ես չէի ուղարկել: Չէ՞ որ վերջին երեք օրերին կայքը չէի էլ բացել, իսկ նամակները ուղարկվել էին այն ժամանակահատվածում, երբ ես քաղաքում չէի:
Այդ դեպքից հետո երկու օրը մեկ ծածկագիրս փոխում եմ, որ էլ այդպիսի վեճերի մեջ չընկնեմ:
Գայանե Մարտիրոսյան, 14 տարեկան
Առանց ձանձրույթի՞
-Վայ, ինչ լավ ա՝ դասերը վերջացրեցինք, հիմա կգնամ տուն ու քանի որ մենակ եմ մնալու, ինչքան կուզեմ, «Odnoklassniki» կմտնեմ,- ասաց իմ դասընկերուհի Աննան՝ աչքերը փայլեցնելով:
-Բայց ի՞նչ կա, է՞, էդ «Odnoklassniki»-ում, որ էդքան մտնում ես,- հարցրեցի ես:
-Մտնում եմ ու ինտերնետով ընկերուհիներիս հետ եմ խոսում:
-Բա քանի՞ ժամ:
-Դե, օրական մի հինգ ժամ:
-Օրական հինգ ժամ ընկերներիդ հետ ես խոսում ու չես ձանձրանու՞մ,- զարմացած հարցրեցի ես:
-Հա՛, ի՞նչ կա որ, դու էլ մտի մի անգամ ու կտեսնես, որ էլ դուրս գալ չես ուզի,- պատասխանեց նա:
-Բայց ես ցանկություն չունեմ մտնելու էդ ձանձրալի կայքը: Փոխարենը ես մտնում եմ ավելի հետաքրքիր կայքեր:
-«Odnoklassniki»-ից բացի ինձ համար ոչ մի ուրիշ հետաքրքիր կայք չկա,- ասաց նա ու դուրս եկավ դասարանից:
Սիրան Մանուկյան, 13 տարեկան
Ինտերնետը՝ մեզ ընկեր, չի երևում դեմքը մեր
Ամեն ինչ սկսվեց ամռանը, երբ ես գրանցվեցի «BeOn.ru» կայքում: Դա օնլայն օրագրերի կայք է: Սկսեցի վարել իմ օրագիրը, ծանոթացա նոր երեխաների հետ՝ երկու Դիմաների, Լիզայի, Նատաշայի, Կատյայի, Մաքսիմի և Սաշայի: Հենց այսպես էլ կազմավորվեց մեր խումբը: Անընդհատ իրար հետ շփվում էինք:
Մի անգամ Դիման ինձ գրեց. «Վի՛կ, դու «Skype» ունե՞ս»:
«Ունեմ: Բայց էնտեղ քիչ եմ լինում»:
«Իսկ ես վերջերս եմ իմը բացել: Ուզու՞մ ես խոսենք»:
«Արի»:
Առաջին տպավորությունս էր՝ ինչ բարձր ձայն ունի… Դե լավ, ոչինչ: Անցումային շրջան է, կանցնի…
Հետո մեզ մյուսներն էլ միացան:
Վերջերս էլ «Vkontakte.ru»-ում գրանցվեցի: Որոշել էի Սաշային գտնել այնտեղ: Գրեցի Տանանին ազգանունը և սեղմեցի «Փնտրել» կոճակը: Կայքն ինձ առաջարկեց ինչ-որ Տատյանայի: Որոշեցի նայել նրա էջը, ուղղակի հետաքրքրության համար: Ինչ-որ ֆոտոալբոմ տեսա: Վերնագիրը՝ «Սաշա, Koad-Sata, այդ բոլորը ես եմ»: Այդ նույն ժամանակահատվածում ես նաև Լիզայի հետ էի խոսում «Skype»-ով, և նա ահավոր վախեցավ իմ ճչոցից:
-Ի՞նչ պատահեց:
-Սաշան աղջիկ է:
-Ի՞նչ:
-Հա՛, նայի՛ր:
Ես նրան ուղարկեցի կեղծ Սաշայի էջի հասցեն: Արդեն իմ հերթն էր Լիզայի ճչոցից աթոռին ընկնելու:
-Սպասի՛ր, ես հիմա Դիմային կգրեմ,- ասացի ես:
Դողացող մատներով տպեցի. «Դի՛մ… Սաշան աղջի՞կ է»:
«Է… Դե…»:
«Դի՛մ, լուրջ եմ հարցնում»:
«Դե… մի խոսքով… հա՛»:
«Վի՛կ…»:
«Հա՛»:
«Եկել է քեզ ճշմարտությունն ասելու ժամանակը o_O»:
«Դե, ասա՛ -_-»:
«Ես վախենում եմ»:
«Դիմա՛ -.-»:
«Դե, դու ինքդ արդեն ամեն ինչ հասկացել ես >_<»:
«Ոոոոոչ >_>»:
«Աղջիկ եմ ես >_<»:
«o_O o_O o_O Շատ ծիծաղելի է: Իսկ հիմա արի՛ ավելի լուրջ»:
«Ճիշտ եմ ասում >.<»:
Մեկ էլ «Skype»-ով ինձ զանգեցին Դիման և Մաքսիմը:
-Լի՛զ, դու սպասի՛ր, չանջատվե՛ս, լա՞վ,- դիմեցի ես Լիզային:
-Լավ: Ինձ էլ տեղյակ պահիր՝ ինչ է կատարվում,- լսեցի համակարգչի այն կողմից:
Ես սեղմեցի «Պատասխանել» կոճակը: Լսում եմ ծիծաղ: Դողացող ձայնով հարցրեցի.
-Դիիիիիիիմ… Չես խաբու՞մ:
-Չէ՛: Ու հետո, ես Տանյան եմ:
Ես վնգստացի:
-Մաքսի՛մ, գոնե դու տղա՞ ես:
Ծիծաղի պայթյուն:
-Վի՛կ, ուրեմն սենց՝ ես էլ եմ աղջիկ:
-Գնա գիտես ու՞ր:
-Լուրջ եմ ասում: Անունս էլ Լերա է:
-Իսկ ձայնե՞րը:
-Դե, ես ու Դիման երկար պարապել ենք, որ սովորենք տղաների պես խոսել:
-Աստված իմ…
Մաքսիմ-Լերան քմծիծաղով հարցրեց.
-Սաշային հիշու՞մ ես:
-Դե՞:
-Ինքն էլ է աղջիկ, անունն էլ Տանյա:
Այն ամենը, ինչ հետո ես գոռում էի, հիմա ամաչում եմ գրել: Երկար ժամանակ նրանցից նեղացած էի: Բայց եթե մարդը լավն է, սեռը նշանակություն չունի, այնպես որ՝ մենք մինչ օրս էլ շփվում ենք: Ուղղակի երբեմն «կծում եմ» նրանց՝ հիշեցնելով այն պատմությունը:
Վիկտորյա Անանյան, 14 տարեկան
2010թ.