valentina

Ինքնամեկուսացում

Օր առաջին

Արթնանում եմ կոկորդի ցավից: Ու մտաբերում եմ էն բոլոր պատճառները, որոնք կարող էին հանգեցնել կոկորդի ցավին:

-Դե հա, միշտ սառը ջուր եմ խմում: Մի քանի օր առաջ շատ թեթև էի հագնված: Ոչինչ, էսօր հաստատ գլխարկ կդնեմ:

Ինքս ինձ արդարացնում էի, որ բոլոր հավանական պատճառներն ունեմ չվարակվելու, բայց գիշերվա հազարին, շատ պատահաբար որոշեցի, որ պետք է գնամ թեստավորվեմ: Գնացի թեստավորման, հիշելով թե ոնց եմ գրկել ընկերներիս: Բայց ախր, ես ջերմության կարիք ունեի, ո՞նց չգրկեի: Կարևորը էսօր համալսարան չգնացի, ու անծանոթ մարդկանց չեմ վարակել: Մենակ ընկերներիս եմ վարակել, դե, իրենք էլ ընկերներս են: Քանի որ գիշերվա 11-ին միայն Զվարթնոց օդանավակայանի թեստավորման կենտրոնն էր աշխատում Երևանում, ուղիղ գնացի Զվարթնոց: Մոտեցա, գրանցվեցի թեստի համար, ու հասավ հերթս:

-Բարև ձեզ: Անձնագիր կտա՞ք:

-Բարև Ձեզ: Անձնագիր ինչի՞ համար: Ես Վալենտինան եմ:

-Հա, ես ուրախ եմ, որ դուք Վալենտինան եք: Բայց գրանցման համար, պաշտոնական փաստաթուղթ է պետք:

-Լավ:

Ընթացքում մտածում էի` ինչ հիմար եմ ես ու ինչի՞ պիտի անձնագիրս չտամ: Հիմար իրավիճակ ստացվեց: Ու ես ընդհանուր բարկացած էի ինձ զգում, որ հենց գրանցող տղան ինքը դիմակ չի կրում, ու ուզում էի բարկությունս ամեն ձև արտահայտել, թեկուզ անձնագիրը պատճառ ստեղծելով:

-Շատ գեղեցիկ անուն ունեք, Վալենտինա: Ձեզ պես գեղեցիկ անուն:

Լավ, Վալուշ: Հենց հիմա ժամանակն է արտահայտելու բարկությունը: Պահը հասունացել է, «ֆշշցրու»:

-Իսկ դուք ինչի՞ դիմակ չեք կրում:

Արեցիր դու դա, Վալու’շ: Ես հպարտ եմ քեզնով: Կարծես դու չէիր, որ իմանալով ախտանշաններ ունես, ընկերներիդ էիր գրկում: Իրոք, շատ պատասխանատու վարք ես դրսևորում: Ազգը քո կարիքն ունի:

-Հիմա կդնեմ:

Թեստավորումից հետո հաջորդ քայլը ֆիզիկապես ինքնամեկուսացումն է: Ճանապարհին դասախոսներիս տեղեկացրի, որ թեստ եմ տվել, ինքնամեկուսանալու եմ և կաշխատեմ օնլայն եղանակով միանալ դասերին:

 

Օր երկրորդ

Օրը սկսվեց իմ ամենասիրելի դասով: Դասի ավարտից հետո ստուգեցի էլեկտրոնային նամակներս, ու շատ «դրական» լուր: Ես պաշտոնապես վարակվել եմ քովիդով: Ինչ ազդեցիկ է հնչում: Այս ընթացքում ես միշտ կարողացել եմ պաշտպանել ինձ, անգամ ամբողջովին պատվաստված եմ եղել, աշխատել եմ հնարավորինս պահել կանոնները ու հիմա այլ իրականություն: Շոկի մեջ էի: Գրեցի ընկերներիս, որոնց հետ կոնտակտի մեջ եմ եղել ու հորդորեցի թեստավորվել: Ամեն ինչ ծայրահեղ վատ էր թվում, բացի վիճակիցս: Ընդհանուր շատ թեթև էի տանում, բայց դասեր, վերջնաժամկետներ, ամեն ինչ բաց թողեցի: Ոչ պրոդուկտիվ Վալուշ: Ահա, թե ինչն է ավելի վախենալու քովիդից: Երեկոյան որոշեցի, որ ինձ պետք է ոչ միայն ֆիզիկապես ինքնամեկուսանալ, այլ նաև մտավոր: Ջնջեցի բոլոր սոցիալական հարթակները հեռախոսիցս ու ընկերներիս վերջին պահին բացատրեցի, թե ինչ անեն:

-Դե որ կարիք լինի կապ պահելու, մեյլ գրի:

-Ի՞նչ:

-Դե ասեցի: Ես պետք է ինքնամեկուսանամ ու կենտրոնանամ իմ ու մտքերիս վրա: Ու կապի մեջ չեմ լինելու, ուստի եթե կարիք լինի հաղորդկացվելու, մեյլ գրի՝ հասկանանք:

-Ի՞նչ մեյլ:

- Լավ հարց էր: Համալսարանի մեյլն է ակտիվ լինելու, մյուս մեյլն էլ եմ ապաակտիվացնելու:

-Գժվե՞լ ես:

-Երևի քովիդն է ազդում, ուֆ, չգիտեմ:

-Էս տիպիկ Վալուշական արարք է: Քովիդը մեղք չունի:

-Ես մեռնելու եմ:

-Իսկ եթե զանգելու կարիք լինի՞:

-Դե պարզ չի՞: Մեյլ կգրես, զանգի համար կպայմանավորվենք:

Սրան ուղեկցում է մի քանի րոպե լռություն, որի ընթացքում ընկերս կրկին իր մեջ հասկանում է, որ ցավոք, իմ հետ է շփվում ու ուրիշ ելք չունի:

Ընդհանուր վիճակիս մասին գրելու ոչինչ չկա: Բավականին թեթև եմ տանում ու կարծես սովորական մրսածություն: Իսկ հիմա, պիտի վերջին սոց.հարթակն էլ ջնջեմ ու քնեմ:

 

Օր Երրորդ

«Սիրելի Վալենտինա,

Այս էլեկտրոնային նամակը գրում եմ քեզ, որ տեղեկացնեմ, որ մեր թեստի պատասխանը բացասական է: Քեզ մաղթում ենք առողջություն:

Սպասում եմ պատասխան նամակիդ:

Սիրով,

.… »

Չնայած անպատասխանատու վարք էի դրսևորել ընկերներիս շրջանում, նրանց չէի վարակել: Շատ երջանկացա նամակից ու հիշեցի երեկ ինչքան լավ բաներ եմ արել ու անցա գործի:

Որոշեցի, որ սկզբից պետք է ծնողներիս անունները հեռախոսիս մեջ փոխեմ: Ես հեռախոսիս մեջ բոլորին գրանցել եմ անուն-ազգանուններով, անկախ նրանից` քույր, եղբայր, ծնողներ, տատիկ, պապիկ: Բայց հիմա մտածում եմ, որ ճիշտ կլինի հեռախոսիս մեջ մայրիկիս գրանցեմ` «Mom», իսկ հայրիկիս «Dad»: Հիմա կարծում եմ, որ ընդհանրապես ճիշտ է ծնողների հետ պահպանել այդ ընտանեկան ջերմ հարաբերությունները հեռախոսի անունների բաժնում: Հետո ստացա թոքերիս ախտորոշման պատասխանը: Հա, մոռացել էի գրել, որ չոր հազ ունեմ, ու դրանից ելնելով երկրորդ օրը գնացել էի հիվանդանոց: Քանի որ ցանկանում էի հանգիստ լինել, որ չեմ մեռնելու թոքերի ախտահարումից, որոշեցի ստուգվել: Պատասխանը կատարյալ լավ էր: Այսինքն, միակ խանգարող հանգամանքը հարբուխային վիճակն էր, որն էլ մի քանի օրվա ընթացքում կբարելավվի:

 

Օր չորրորդ

Շատ ուրախ եմ, որ քովիդի չորրորդ օրը պահում եմ պրոդուկտիվությունը` հնարավորինս կենտրոնանալով ինձ վրա: Ցավոք, էսօր առաջին անգամ զգում եմ, որ դժվարանում եմ հավասարակշռություն պահել արտաքին ու ներքին աշխարհների միջև:

Ուրիշ ոչինչ:

 

Oր հինգերորդ

Քաոս:

 

Օր վեցերորդ

Փոքր եղբայրս բացատրում է, թե ոնց է ստեղծվել «6-8»-ը: Հետո պատմում, թե ինչ լավ ժամանակ ենք մենք անցկացնում, չնայած որ մեզ բաժանում է իմ սենյակի դուռը, հետո, որ ես իր ամենասիրելի քույրն եմ:

Իսկ հետո՝

-Վալ, ինձ 1980 դրամ կտաս: Պիտի խաղալիք մեքենա առնեմ, հետո ջարդեմ, միջից հանեմ շարժիչը, հետո դա օգտագործեմ իմ թռչող ապարատի վրա:

Չի փոխվել:

Խոստանում եմ, որ կտամ՝ իբր չեմ հիշում, թե ոնց էր սենյակի դուռը բացել ու բանան շպրտել սենյակ, վրան ալկոգել փչելով կամ ոնց է իմ սիրած չիփսերը ալկոգելով մաքրել:

-Մամ, ես ամեն ինչ անում եմ Երկիր մոլորակի առողջության համար:

Էս ընթացքում մտքերս շատ խառն են: Էմոցիոնալ տարբեր ագրեգատային վիճակներում եմ հաճախ հայտնվում:

 

Օր յոթերորդ

Այսօր վերջին օրն է, լրիվ չեմ ապաքինվել, բայց դուրս եմ գալու ինքնամեկուսացումից:

- Բարև ձեզ, թեստերի վերահսկման կենտրոնից է: Վալենտինա Չիլինգարյանի հետ եմ խոսու՞մ:

-Այո, ես եմ:

-Ուրեմն դուք երեկ թեստ եք հանձնել, ու դրական է եկել, ու դուք պետք է 7 օր ինքնամեկուսանաք:

-Ըը: Ես մի շաբաթ առաջ եմ թեստ տվել, ու այսօր վերջին օրն է ինքնամեկուսացմանս, վաղվանից արդեն կարող եմ դուրս գալ ըստ ձեր օրենքների:

-Վալենտինա ջան, ուրեմն համակարգը բերել է երեկվա համար, կապ չունի` երբ եք թեստ հանձնել:

- Կներեք, բայց ես մեղք չունեմ, որ ձեր համակարգը սխալ է բերում, ու պետք է դրա հիման վրա որոշումներ կայացնել:

-Վալենտինա ջան:

-Կներեք, բայց չեմ հասկանում:

-Գիտե՞ս` ինչ, Վալենտինա ջան: Ինչ ուզում ես՝ արա:

-Մերսի շատ: Հենց դա էլ ուզում էի:

Մի քիչ բարկանում եմ  կատարվածի համար: Բայց, հետո մտածում եմ, որ ուղղակի համատարած բարդակ է ամենուր, ինչպես իմ մտքերում, որն էլ գերազանցորեն նորմալ է:

 

***

trust the process (հայերեն` վստահել ընթացքին)