Vardik Barxudaryan

Իսկ դու մանուկ եղե՞լ ես

Չգիտեմ… Գուցե կյանքն էլ հեքիաթ է, այն հեքիաթներից, որ տատիկս էր պատմում ինձ համար, իսկ ես կլանված լսում էի։ Հիշում եմ, սիրում էի մի պատմություն, որ նա միշտ պատմում էր մի մոր և որդու մասին։ Դա երևի շատերը լսած կլինեն։ Մոր սրտի մասին, որ անկախ ամեն ցավի, որ որդին էր նրան տվել իր սիրելիի պատճառով, միևնույն է, մոր սիրտը ցավում է, երբ տղային որևէ բան է պատահում։

Իսկ մե՞նք… Չէ’, մենք գնահատել չգիտենք, ոչ մի դեպքում սովորել չենք ուզում, նույնիսկ պատերազմը մեզ չսթափեցրեց։ Մենք կորցնելուց հետո անգամ չենք գնահատում կամ գուցե գնահատում ենք, բայց երբեք չենք խոսում այդ մասին։ Մենք հեշտ ենք համակերպվում, հեշտ ենք հաշտվում ու հանձնվում։ Երբեք չենք ափսոսում ունեցածի ու կորցրածի համար։ Երբեք չենք գոռում մեր կորցրածի համար, չնայած, որ դա անիմաստ է լինում արդեն։ Մենք չենք գոռում, իսկ ինչո՞ւ…

Թող աշխարհը ետ վերադարձնի այն, ինչ մի օր խլել է մեզնից։ Թող ետ բերի նրանց, ում Աստված իր մոտ է տարել։ Ես էլ չեմ կարող, հոգիս գոռում է ցավից, ես լուռ եմ, բայց սիրտս, ա՜խ, նա այնպե՜ս է ուզում տեղից դուրս թռչել ու դուրս գալ իմ միջից, ատում է ինձ նա,  շատ եմ ցավեցրել` գիտակցաբար ու անգիտակցաբար։

Երբեմն ուզում եմ գնալ բոլորից հեռու։ Ոչ ոք չի հասկանում, բայց ես չեմ ուզում մի օր կորցնել նրանց, ում ունեմ հիմա կամ կարծում եմ, թե այդպես է, իսկ իրականում` չունեմ։ Ես չեմ կարող նստել ու մտածել, որ մի օր նրանց էլ կկորցնեմ։ Չեմ ուզում… Իմ կյանքում ես միայն կորցրել եմ, երբեք չեմ գտել, իսկ գտածս էլ շատ հեշտ եմ բաց թողել ու հաշտվել եմ` կարծես այդպես էլ պիտի լիներ։

Չէ’, տխուր եմ, չգիտեմ` ինչու, չգիտեմ` ինչպես, բայց լացել եմ ուզում, անդադար լացել։ Մարդիկ մտածում են, թե դա ամոթ է, բայց չէ… Իսկ ո՞վ գիտի, թե ինչքան եմ լացում։ Լացում եմ ամեն գիշեր, բայց ո՞ւմ եմ ցույց տալիս, հարցրեք խնդրեմ, առավոտյան ո՞վ է նկատում։ Լացելուն էլ ձև կա։ Ես նրանցից չեմ, որ ուրիշների մոտ են լացում` ցույց տալու համար, չէ’, ես գիշերն եմ լուռ ցավում, ու արցունքները խեղդում են կոկորդս, ցավս խորն է։

Բոլորը ասում են, թե մազերս ճերմակել են, դե, իսկ ես չեմ զարմանում, որովհետև գիտեմ, որ կյանքն ինձ շուտ է մեծացրել։ Ես շուտ մեծացա, չունեցա մանկություն, չունեցա ընկերներ բակի, չունեցա մանկական խաղեր, չունեցա երազանքների իրականացում, չունեցա հարազատ ընտանիք, որտեղ ամաչելու փոխարեն կարող էի կիսվել իմ խնդիրներով, չունեցա ոչինչ, բայց պայքարեցի հանուն այն կյանքի, որի մասին մանկուց սկսեցի երազել։ Մեծ ճանաչում, մեծ շրջապատ, մեծ հաջողություններ, գուցե մի օր էլ մեծ սեր ու մեծ ընտանիք, որտեղ իմ փոքրիկները կունենան մանկություն, իսկ ես երջանիկ կլինեմ մի օր։

Չունեցա, ափսոսեցի, բայց հաշտվեցի։ Ու երբեք չգոռացի մարդկանց վրա, թե ինչու ես մանուկ չեղա…

Չգոռացի, ու կյանքը անցավ, անցավ ու գնաց ինչպես մի օր, որտեղ մե՜ծ պատմություն եմ թաղել, թաղում եմ ամեն օր, թաղելով նաև ինձ ու ամեն բան, որ եղել է անցյալում, որովհետև անցյալը թաղել է պետք, որովհետև այն, ինչ ունես ու ինչ պետք է քեզ այնտեղից, դու դա կհիշես ամբողջ կյանքում։ Ասում են` հին օրագրերը չեն պահում, իսկ ես պահում եմ, երևի դժվար է պոկվել հիշողություններից ու այն ցավերից, որ լցրել ես այդ թղթերի ամեն տողի մեջ, հետո ծածկել, որ իրար կպչեն ու մի բուռ դառնան, ու չկարդաս:

Գիշեր է… Համեցի’ր, բարեկամս, արի’ լացենք, ես քեզ առավոտյան հասարակությանը ժպտալ կսովորեցնեմ։

-Իսկ դու մանուկ եղե՞լ ես…