Anahit Arshakyan

Իսկ ե՞ս ուր եմ կորել

Հա՛, հա՛…

Հահահա…

Հահահահահահհահահհահահա…

Տարօրինակ այս հնչյունները ավելի քան պարզ են։

Աշխարհը մի օր վերցրեց իմ ձեռքերը, հոգիս վերցրեց ու սիրտս, ուղեղս։ Այնտեղ տաք էր, ապահով, գունաշատ։ Հետո աշխարհը ինձ նետեց ունեցածս միակ աշխարհը՝ բռումս թողնելով մոխիրը՝ վառած աշխարհի։

Հետո աշխարհը, որն ունեի, չուզեց ինձ հասկանալ։ Ես հասկացա այն, ինչ չունեմ ու չչարացա։ Հետո չչարությունից ծնվեց անհագ տխրություն։ Զոհ չծնեց, միայն գիշերադուրսպրծուկ մի մենակություն, երբ մխիթարվում եմ անգործությանս համար՝ մի երկու բաժակ աղաջրով։ Հետո աշխարհը վերացավ, մնացի ես օդում։ Հիմա օդում պար եմ գալիս ու խելագարի պես` երգում։

Երգածս հնչյունը անընդհատ փոխվում է ու լարեր փնտրում՝ հնչելու։ Հետո լարերն այդ փխրուն կտրում եմ մի գիշեր, երբ աշխարհն է` մոխրից, պար գալիս ներսում։ Հնչյունն այդ երբեմնի ուզում էր դուրս պրծնել, հետո լաց էր լինում,  չէր ուզում համակերպվել, որ դուրս չի գալու կրծքիցս, վանդակված է մարմինս, ու մեկ էլ՝ աշխարհն է թեք։ Մի օր հնչյունն այդ դարձավ մետաղե, հիմա այն նվագելու կարիք էլ չունի, ոչ էլ դուրս կելնի երբևէ։

Նկատեցի՞ք, որ ոչինչ չեք նկատել։ Նույնիսկ պատմությունն այս  երկու անգամ եմ արդեն պատմել։

Նայում եմ դուրս՝ մեքենայի պատուհանից ու աչքերիս սևերը՝ լղոզում բոլոր լույսերին։ Թունելից, երբ դուրս եմ գալիս՝ թունելն եմ մտնում։ Շրթներկովս համբուրում եմ օդը, որ երկինքը գունավորվի, բայց շատ եմ խմել գինի, մի երկու թույլ գիծ է մնացել շուրթերի։ Այդպես անգույն անցնում են անցումները բոլոր։ Ես չունեմ հետ գնալու կամուրջ, չունեմ մուտքի որևէ շող։ Միգուցե չի էլ եղել և ոչ մի օր․․․

Իմ պոչիկները աչքերի՝ լղոզված ու շրթներկս՝ մաքրված, մտնում եմ տուն՝ 12-ն անց։ Աչքերս փակում եմ ու բացում՝ դուռը, քնած։ Լսվում են լացի ձայներ բարձր, ծիծաղում եմ ես անձայն․ լար եմ մետաղե, որ չի շարժվում էլ, հնարավոր չէ փոխել, մեղավոր գտնել չեմ սիրում, չեմ էլ սիրի երբևէ։ Կոշիկները փոշոտ են, շորը՝ մի քանի նոր օծանելիքի ցնդում ու մի մոռացված աշխարհաբույր ունի։ Դրանք նետված են սենյակի մի ծայրից մյուսը։ Միայն վերցնում եմ լարն այդ ու խփում փափուկ անկողնուն, այն կոտրվում է, լսվում է մի անցավ ճիչ դատարկության․

Հահահհահահհահահհահահա…

Միայն թե լռեք, հա՞, հա՛, հա՛, հա՛, թողեք քնեմ, հա՛։

Դեմքիցս մաքրում եմ մոխրի փոշին ու քնում եմ հավերժ։

Ոչ ոք չկա։

Իսկ ե՞ս ուր եմ կորել․․․