seda mkhitaryan

Իսկ ես հույս ունեի

11.05.2018, Ուրբաթ

Հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Աղմկոտ ու խենթ օրեր էին։ Գրքի ու գրականության գոյության մասին մոռացել եմ առհասարակ։ Ոտքերս ամեն օր ցավում են քաղաքը չափելուց։

Կապույտ ու սպորտային կոշիկներս մաշվում են կարծրատիպեր ջարդելով։

Այդ կոշիկները իմ ունեցածներից միակն են, որ անուն ունեցան` «Հեղափոխության»։

Նորերը պայուսակիս մեջ են։

Երկու շաբաթ է գյուղ չեմ եկել։ Դե քաղաքում աղմուկ է ու հեղափոխություն։

Մոտենում եմ գյուղ տանող մեքենային։ Շուտ եմ եկել։ Վարորդը ներսում մենակ է։

-Հը՞ն, էս հեղափոխություն եք ասըմ թե ինչ, վերջը ի՞նչ տի ըլիլ։

-Վերջը վերջում կիմանանք, Վիգեն ձյաձյա։

-Չէ, բայց հալալ ա էդ տղուն, եթե իրան Նարեկացու պես սրբերի դասին էլ դասեն` ես կողմ եմ։

Վստահությունը փառավորում է սիրտս։ Կարծես մյուս բոլոր սրբերը գազելի վարորդի ձեռքով են սրբացվել։ Մի քիչ անհարմար ու հին գազելի։

Իսկ ես հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Մեքենան քիչ-քիչ լսում է նոր գովեստի խոսքեր. «Տեսա՞ք միրուքով տղեն ինչեր արեց, քիչ մնաց, սաղ հերթով պատասխան են տալու»։

Այս անգամ վստահությունը երակներովս հասնում է սրտիս։

Զրուցում եմ մի քանի հոգու հետ։ Բոլորը հույսով են լցված։ Հավատով ու կամքով։

07.09.2018, Ուրբաթ

Ճանապարհին Ֆիլյան կարդալու հույսով ու նույն մեքենայով վերադառնում եմ։

Մեքենայում լիքը մարդ կա։ Մի փոքրիկ աթոռի վրա հազիվ խցկվում եմ։ Անգամ ձեռքերս շարժելու տեղ չկա։ Ի՞նչ Ֆիլյան։

Վարորդը լուռ է։ Սրբադասումը ավարտվել է։ Ինքն էլ պարապ է։

Իր մեքենան մինչև հիմա նույն, մի քիչ անհարմար գազելն է։

Մարդկանց շատ լինելը միայն շաբաթվա օրով է պայմանավորված. սովորական մարդիկ+ուսանողներ։

Այս մեքենայի պատուհանները արդեն շատ գովեստի ու հիասթափության խոսքեր են լսել.

«Լավ է լինելու, ես հավատում եմ», «Լավ բանի չեմ սպասում», «Ասում են` Ռուսաստանից էնքան մարդ ա եկել ծառայելու, որ մեր էրեխեքին հունվարին մի քանի օր շուտ են զորացրելու»: Բարձրաձայն ժպտում եմ, մտքումս` «մանիպուլյացիան աշխատել է»։

Ճանապարհին նույն փոշին է, հագիս անուն չունեցող կոշիկներ են, մտքիս ու երակներիս մեջ նույն վստահությունը չի, բայց հույսս նույնն է` ճանապարհին Ֆիլյան կարդալ։