arman chobanyan

Իսրայելի հարկային համակարգը

21-րդ դարում յուրաքանչյուր երկրի պետբյուջեի ձևավորման հիմանական աղբյուր են հանդիսանում տարատեսակ հարկերը և պարտադիր վճարումները: Սույն հոդվածում ներկայացնում ենք Իսրայելի հարկային համակարգը:

Իսրայելը 70 տարեկան պետություն է՝ տեղաբաշխված Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Իսրայելը հրեական պետություն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ շուրջ 2000 տարվա պետականության բացակայությունից հետո:

Պետականության ստեղծումից հետո տեղի ունեցավ կապիտալի և հատկապես անգլիական կապիտալի մեծ ներհոսք դեպի իսրայելական տնտեսություն, որը հնարավորություն տվեց կարճ ժամանակահատվածում ապահովել տնտեսական աճի բարձր ցուցանիշներ: Խոշոր միջոցներ են հոսում նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, ինչպես նաև սիոնիստական կազմակերպություններից՝ որպես հանգանակություն:

Սակայն որքան էլ մեծ ֆինանսական հոսքեր կատարվեն դեպի երկրի պետբյուջե, առանց խելամիտ տնտեսական և հարկային քաղաքականության վարման շատ կարճ ժամանակում այդ միջոցները կարող են հօդս ցնդել և չծառայել իրենց նպատակին:

Իսրայելի  հարկային համակարգի ձևավորման համար հիմք է ծառայել հարկային քաղաքականության վարման հենց բրիտանական մոդելը, որից հետո այն շարունակաբար կատարելագործվում է: Հիմնական հարկային օրենքը համարվում է «Հարկերի սահմանման մասին օրենքը»: Ամբողջ հարկային համակարգը հիմնված է ռեզիդենտության սկզբունքի վրա: Ամեն հինգ տարին մեկ Իսրայելում անց է կացվում սպառողական զամբյուղի ուսումնասիրություն: Ելնելով դրանից ամբողջ Իսրայելի բնակչությունը (8.08 միլիոն բնակիչ 2013թ.)  բաժանված է 10 սոցիալական խմբերի, որի հիմքում դրված է յուրաքանչյուր խմբի սպառողական հնարավորությունները: Անհրաժեշտության դեպքում պետությունը վճարում է հաստատագրված լրացուցիչ գումարներ սպառողական հնարավորությունների մակարդակը մինչև նվազագույն շեմը հասցնելու համար: Հարկ է նշել, որ Իսրայելում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 450 ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է 1800 շեկելի, ընդ որում նվազագույն աշխատավարձը կազմում է 900 դոլար կամ 3600 շեկել:

Իսրայելի հարկային համակարգը առանձնացնում է երկու տեսակի հարկատուների՝ կազմակերպություններ և պայմանագրային հիմունքով աշխատողներ: Ամենամյա հրապարակվող հարկային հայտարարությունն ամեն տարի ըստ հերթականության հրապարակում է այն քաղաքացիների ցուցակը, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 590 հազար շեկելը, ինչը դոլարային արտահայտությամբ կազմում է 147.5 հազար դոլար: Հարկային այս հայտարարության մեջ ընգրկվում են նաև նրանք, ովքեր աշխատում են մի քանի վայրերում: Բոլոր հարկերով զբաղվում է Իսրայելի պետական եկամուտների կառավարման հանձնաժողովը՝ պետական եկամուտների նախարարության գլխավորությամբ:

Կառավարման հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1.Հարկային ծառայություն
2.Մաքսային ծառայություն, որը զբաղվում է նաև ԱԱՀ-ով
3.Դատական բաժնի ծառայություններ
4.Տնտեսական ստորաբաժանում, որն իր մեջ ընդգրկում է մանր վերլուծական բաժինները և մակրոէկոնոմիկայի բաժինները
Այսօր Իսրայելի հարկային համակարգում աշխատում է ուրջ 5800 աշխատակից, իսկ մաքսային բաժնում շուրջ 3000:

Իսրայելի ամբողջ տարածքը բաժանված 43 վարչական շրջանների և յուրաքանչյուր շրջանում գործում է հարկային մեկ մարմին, ընդ որում հաշվի է առնված շրջանի հատկանիշները:

Կարևորագույն հարկատեսակներից մեկը Իսրայելում համարվում է եկամտահարկը, որը հաշվարկվում է ըստ աճման կարգի: Մաքսային հարկերը  իրենց հերթին կազմված են երկու բաղադրիչներից՝ առանձին մաքսային հարկից 7%ի չափով և Իսրայելի տարածքում կատարված գնման համար` 9%-ի չափով: Իսրայելում գործում է նաև ԱԱՀ-ի նմանատիպ հարկատեսակ, որի դրույքը սահմնաված է 17%, գործում են նաև այլ վճարներ ևս: Նշենք, հասարակական ապահովագրությունը ևս հարկվում է 9% հարկաչափով:

 

Եկամտահարկի հարկումը Իսրայելում

Գոյություն ունի հատուկ սկզբունք, որի համաձայն եկամտահարկի տոկոսադրույքի չափը ուղղակի կախվածության  մեջ է դրվում եկամուտների մեծությունից: Սանդղակը ստորև.

Եկամուտների մեծություն Եկամտահարկի տոկոսադրույք %
մինչև 1952 շեկել 10
1950-3890 շեկել 20
3890-10250շեկել 30
10250-18590 45
18590 և ավելի 50

16 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է վճարել եկամտահարկ վերոնշյալ դրույքաչափերով: Նշեմ նաև, որ եկամտահարկ պետք է վճարի յուրաքանչյուր քաղաքացի, ով վաստակել, արտադրել  կամ աշխատել է Իսրայել պետության սահմաններում կամ նրա արաբական հատվածներում: Բացի այդ, ձեռնարկատերերը նույնպես վճարում են լրացուցիչ հարկեր վարձու աշխատողների համար: Այսպիսով. աշխատողները իրենց կողմից արտադրված արտադրանքների, իսկ ձեռնարկատերերը սեփականության համար:

Այս ամենին հակադարձ մեխանիզմն է գործում գյուղատնտեսության պարագայում: Այն ամբողջությամբ ազատված է հարկերից, ինչը խթանում է ֆերմերներին և գյուղմթերք արտադրողներին զբաղվել գյուղատնտեսությամբ, չնայած նրան, որ գյուղատնտեսությունը ենթակա է լուրջ ռիսկերի:

Խոսելով գյուղատնտեսության մասին ներկայացնենք Իսրայելի գյուղատնտեսության ամբողջական պատկերը տվող մի քանի տվյալ.

  • Իսրայելում գյուղատնտեսությամբ զբաղված է 80000 մարդ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կերակրել 95 բնակչի: Օրինակի համար ԱՄՆ-ում այս ցուցանիշը 1:79 հարաբերակցությամբ է, Չինաստանում` 1:4, իսկ Ռուսաստանում` 1:15:
  • Իսրայելական գյուղատնտեսական մթերքները արտահանվում են տասնյակ երկրներ՝ հասնելով Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, ԱՄՆ և Կանադա: Արտահանման տարեկան ծավալները հասնում են շուրջ կես միլիարդ դոլարի:
  • Գրեթե ամբողջ գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպված է ամբողջովին ավտոմատացված ջերմոցային համալիրներում: Համեմատության համար նշենք, որ եթե բաց գրունտում 1 հա-ից ստացվում է 60-80 տոննա լոլիկի բերք, ապա այս համալիրներում այդ ցուցանիշը հասնում է 500 տոննայի, պղպեղի դեպքում` 200 տոննա: Եվ ինչպես նշում են իսրայելցի ֆերմերները սա դեռևս հնարավորությունների եզրագիծը չէ:
  • Իրականացվում է լուրջ սելեկցիոն աշխատանքներ, որի արդյունքում ստացվում են բարձր բերքատու սորտեր, ինչպես նաև սորտեր, որոնք առավելապես հարմարեցված են տեղի անբավարար կլիմայական պայմաններին: Օրինակ, ստեղծվել է լոլիկի սորտ, որն աճում է աղի ջրում, ինչը նրան տալիս է անկրկնելի և յուրօինակ համ:
  • Անասնաբուծական ֆերմաները ևս ամբողջությամբ թվայնացված են: Այստեղ բոլոր խոշոր եղջերավոր անասունների ոտքին կարող ենք տեսնել թևնոցներ: Դրանք ինքնանպատակ չեն: Այդ թևնոցները հատուկ վազքաչափեր են, որոնք ֆերմայի գլխավոր համակարգչին են փոխանցում ինֆորմացիա յուրաքանչյուր կենդանու անցած ուղու մասին օրվա կտրվածքով: Այս եղանակով հնարավոր է լինում վերահսկել անասունների առողջական վիճակը, քանի որ հիվանդության դեպքում անասունները ավելի քիչ են քայլում:
  • Արդեն վաղուց իսրայելական կովերը գերազանցել են հոլանդական կովերին իրենց մթերատվության մակարդակով և տալիս են տարեկան 11000 լիտր կաթ: Համեմատության համար նշենք, որ մեր հանրապետությունում այն կազմում է 2000-2500 լիտր: Եվ Իսրայելը սեփական մսի առումով ինքնաբավ է` 80%:
  • 1980-ական թթ. Իսրայելում գրանցված էր 24 նոր տարբեր մշակաբույսի սորտ, 1986թ. արդեն 98, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 300-ը:
  • Մեծ է պետության աջակցությունը գյուղատնտեսներին, որոնք առանձնակի հարգանք են վայելում հասարակության մեջ: Պետությունը ֆերմերներին տրամադրում է 20 տարի ժամկետով վարկեր, իր վրա է վերցնում բազմատեսակ անցկացվող խորհրդատվությունների վճարման բեռի 70%-ը:

Ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար վճարվելիք հարկաչափը 17% է, և որպեսզի նմանատիպ կազմակերպությունները չբազմանան սունկի պես, նրանց հարկման հիմքը համարվում է աշխատավարձը: Կենսաթոշակային ֆոնդի գործատուները վճարում են 7.5%, իսկ աշխատունակ տարիքի անձանց գործատուները` 5.5%: Կապիտալի համար հարկաչափը կազմում է 45%: Իսրայելում գործում են նաև երկակի հարկեր, օրինակ, կազմակերպության հարկումը բաժանվում է երկու մասերի.

1.ինքնին հարկը արդյունքի դիմաց-36%.

2.հարկերը շահաբաժինների համար, որոնք կազմում են 25%:

ԱԱՀ-ավելացված արժեքի հարկ, որը գործում է թե ներկրվող և թե հայրենական արտադրության ապրանքատեսակների համար, և դրույքաչափը սահմանված է 17%: Հետաքրքրական է Իսրայելի վարած քաղաքականությունը նորույթ ապրանքատեսակների համար: Այսպես. Նոու Հաուի  վաճառքի դեպքում ԱԱՀ-ի դրույքաչափը կազմում է 45%, որից 35%-ը վճարվում է սեփականությունից ստացված եկամուտների համար:

Եթե խոսենք հարկերի հավաքման մասին, ապա 2010 թվականի  տվյալներով հարկային մարմինը տարատեսակ հարկատեսակներով հավաքել է շուրջ 50 միլիոն դոլարի հարկ:

Իսրայելում գործում է նաև հարկ անշարժ գույքի համար, ընդ որում այն վճարում են բոլոր նրանք, ովքեր գնել են բնակարան կամ որևէ այլ անշարժ գույք: Այս մեխանիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե գնորդը գնում է մեկից ավելի բնակարաններ, ապա դրանք չորս տարվա ընթացքում կարելի է վաճառել միայն մեկ անգամ: Դա արված է նրա համար, որպեսզի բացառվեն մեքենայությունները: Եթե անձը վաճառում է բնակարանը, ապա նա վճարում է առանձին հարկ հողի բարելավման համար: Ընդ որում, Իսրայելում բոլոր հողերը պատկանում են պետությանը:

Իսրայելում գործում են նաև որոշակի հարկային զիջումներ, քանի որ պետությունը միտված է տնտեսության զարգացմանը և ամեն կերպ խթանում է ներդրումային ակտիվությունը և գործունեությունը: Այն կազմակերպությունները, որոնք ներգրավում են խոշոր ներդրողներ, կարող են պետությունից ստանալ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իսկ հենց ներդրողները ազատվել հարկերից ընդհուպ 20 տարի:

Կա իսրայելական հարկային համակարգի վերաբերյալ հետաքրքիր մի վիճակագրություն: Այն հաշվարկվել է 2011 թվականին մեկ միջին խավի իսրայելցու հաշվով: Այսպես. 2011 թվականին միջին խավին պատկանող Իսրայելի քաղաքացին տարվա մեջ 182 օր աշխատում է միմիայն պետության հանդեպ պարտավորությունները կատարելու համար՝ այսինքն, ուղղակի և լրացուցիչ հարկերի վճարման համար: Առավել մանրամասն. տարվա մեջ 40 օր իսրայելցին աշխատում է ԱԱՀ-ն վճարելու, 22 օր մաքսային վճարները վճարելու, 10 օր վառելիքի ակցիզային հարկը վճարելու, 15 օր տեղական հարկերը վճարելու, 38` եկամտահարկը վճարելու համար: Բացի նշված վճարումները իսրայելցին պարտավոր է նաև գումար վճարել ապահովագրության ազգային ինստիտուտին, որը վճարելու համար նրանից կպահանջվի աշխատել ուղիղ մեկ ամիս, և ևս լրացուցիչ 15 օր` առողջության ապահովագրության համար: Սակայն այս ամենը դեռ ավարտը չէ, ևս 15-օրյա աշխատանք` կազմակերպությունից ստացված եկամուտների համար:

Իսկ մնացած 183 աշխատանքային օրերից ստացված եկամուտները միջին իսրայելցու հաշվով հետևյալն է.
52 օր կենսագոյատևելու համար,

33 օր կապի և տրանսպորտի համար,

28 օր սպառողական զամբյուղի համար,

21 օր կրթության, ժամանցի և մշակութային միջոցառումներ համար,

12 օր կահույքի գնման համար,

9 օր էլ առողջացման և այլ նպատակներով: