Լուսավոր քաղաքի մոռացված կինոթատրոնը

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Չարենցավան. շատերն այս անվանումը լսելիս անմիջապես պատկերացնում են գանգրահեր տղայի արձանը, իսկ ոմանք էլ իրենց առջև տեսնում են մի լուսավոր և  հույսերով լի քաղաք, որի պատմությունը սկսվեց 1947թ ապրիլի 23-ին: Երիտասարդ քաղաքը հիմնվեց արդյունաբերական նպատակներով, սակայն այն զերծ չէր նաև հոգևոր մշակույթի կենտրոններից, որոնց մեջ իր ուրույն տեղն է գրավել նոր սերնդի կողմից մոռացված կինոթատրոնը: Ես, լինելով իմ քաղաքի նոր սերնդի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում արծարծել մեր կինոթատրոնի պատմությունը: Ինչո՞ւ պետք է այսօր Չարենցավանի երիտասարդությունը ժամանակ անցկացնելու, ֆիլմեր դիտելու համար գնա Երևան, մինչդեռ իր հարազատ քաղաքում առկա է կինոթատրոնի պատրաստի շինությունը…

Լուսանկարը՝ Նաիրի Խալափյանի

Լուսանկարը՝ Նաիրի Խալափյանի

Այն հիմնադրվել է 1966թ.-ին: Երկար փնտրտուքներից հետո ինձ հաջողվեց զրուցել մի կնոջ՝ Անահիտ Բունիաթյանի  հետ, որը ընտանիքի հետ իր փոքրիկ ներդրումն է ունեցել շինության կառուցման  գործում: Ամուսինը և որդին կառուցել են առաստաղը, իսկ նա ջուր է կրել շինարարության համար: Կինոթատրոնի տնօրենը եղել է ՍոնյաԿարապետյանը, ով ջանք չի խնայել իր աշխատանքի բարեհաջող ընթացքի համար: Կինոթատրոնի դահլիճը ծառայում էր նաև մշակութային այլ միջոցառումներին: Այստեղ ելույթ են ունեցել  Հայաստանի և արտերկրի նշանավոր արտիստները, ինչպիսիք էին` Վալենտինա Տոլկունովան, Աշոտ Ղազարյանը և այլոք: Խորհրդային Միության տարիներին լեփ-լեցուն էր կինոդահլիճը  իր 600 նստատեղերով: Նույնիսկ կային մարդիկ, ովքեր տեղերի բացակայության պատճառով մոտ երկուսուկես ժամ ոտքի վրա էին անցկացնում: Ցուցադրվել են թե հայկական, թե սովետական և թե արտասահմանյան ֆիլմեր: Տիկին Անահիտը ինձ հայտնեց, որ կինոմեխանիկը եղել է Վահան Աբաջանյանը, ով այժմ աշխատում է եկեղեցում : Ես ուրախությամբ քայլերս ուղղեցի դեպի եկեղեցի, որտեղ էլ հանդիպեցի նրան: Ծերունին լսելով ինձ՝ սկսեց մեծ ոգևորությամբ և սիրով պատմել իր սիրելի աշխատանքի մասին: Նա ամեն կերպ ջանացել է, որ լավագույն և նոր  ֆիլմերը ցուցադրվեն նախ Չարենցավանում, հետո նոր մայրաքաղաքում: Ես մի պահ հուզվեցի, երբ իմացա, որ Վահան պապիկը, հույս ունենալով վերադառնալ իր սիրելի աշխատանքին, խնամքով  պահել էր հին մաշված կինոժապավենները: Նա պատմեց ինձ նաև կինոթատրոնի բակի մասին, որը, չգիտես ինչու, այժմ կոչվում է «Էշակ մեյդան»: Ես ամեն կերպ ձգտեցի իմանալ, թե ինչու: Պարզվեց, որ կինոթատրոնի գործունեության դադարումից  հետո այստեղ սկսել են հավաքվել և զրուցել բազմաթիվ անգործ մարդիկ: Անցորդներից մեկը, տեսնելով օրեր շարունակ այնտեղ հավաքվող անգործ մարդկանց, բացականչել է. «Պարապ անբաններով հավաքվել եք, ի՞նչ է, սա էշակ մեյդա՞ն է»: Ահա այսպես էլ կինոթատրոնի հարակից հրապարակի անունը մնացել է «Էշակ մեյդան», այսինքն՝ պարապ մարդկանց հանգրվանատեղի: Իհարկե, անվանումը տարածում է գտել միայն հասարակության շրջանում:

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Վարպետ Վահանը մեծ սիրով և պատասխանատվությամբ  է կատարել իր աշխատանքը շուրջ 40 տարի՝ թողնելով նախորդ սերնդին լուսավոր հիշողություններ:

Կվերականգնվի՞ մի օր Չարենցավանի կինոթատրոնը: Շատ կուզենայինք, բայց այս հարցի պատասխանը ոչ ոք չտվեց: