meri araqelyan

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում, որտեղ ծնվել եմ:

Գյուղը, ուր անցել է մանկությունս, սահմանն է, որից սկիզբ է առնում հայրենիքը:  Երբ փոքր էի, մտածում էի, որ հայրենիքը հայրենիք են համարում նրա համար, քանի որ այն պաշտպանում է հայրս:

Պատերազմն ու խաղաղությունը զգացել եմ միշտ հայրիկի տանը լինել-չլինելով: Տարիների հետ թվերը խճճեցին միտքս, ու թվերի անհավասար զանգվածը սկսեց ճնշել էությունս: Հիմա պատերազմ է, չհայտարարված պատերազմ:

Երբեք չի եղել օր, որ մտածեմ պարտության մասին, որովհետև հարենիքը հայրիկներն են պաշտպանում ու նրանք  սահմանին են, իսկ սահման ամբողջ Հայաստանն է դարձել:

Այստեղ` սահմանին, ոգի կա, հզորություն կա, ոգեշնչում կա, և ո՞վ կարող է խոսել վաղվա օրվա չլինելության մասին: Սահմանը տունս է, որից այն կողմ թշնամին է, ով փորձում է խանգարել ապրել: Չգիտեմ, թե ինչ է տալիս թշնամուն պատերազմը, բայց խաղաղությունն ինձ հայրս է տալիս:

Լույսերը մարում են, ու կարմիր գնդակները մահաբեր արագությամբ պայթում են երկնքում՝ խլացնելով ականջները, որոնք հոգնել են աղմուկից, որոնք սկսել են ատել բարձր ձայնը, խոսքը, աղմուկը:

Իմ սահմանն այսօր դպրոցն է, որտեղ զինվորագրվել եմ ծառայելու, իմ զենքը խոսքն է, լեզուն` հայոց լեզուն:

Սահմանը ամեն ինչի սկիզբն ու ավարտն է, այնտեղ խաղաղությունը չափվում է հայրիկի տանը լինել-չլինելով:

Զգում եմ, որ հայրենիքը գրկել է ինձ սիրահարի ուժով, և ես խնդրում եմ նրան ինձ չլքել: