Shushan nersisyan

Խաղարկվող հավատ

Քո տևողությունն իմ կյանքում հաշված 23 վայրկյան էր, ճիշտ այնքան, որքան մեր քաղաքի լուսացույցի ամենաերկար տևողությունն է, երբ անցորդները նույնիսկ հասցնում են ձանձրանալ: Ու մինչև ես կհասցնեի գիտակցել ներկայությանդ անլրջությունը, լուսացույցի թվերը նվազում էին:

Ու ես, ինչպես միշտ, ինչպես ամեն անգամ, հատնող երջանկությանս նայելու ցանկություն չունեցա:

***

Ընդամենը 23 վայրկյան տևեց երջանկությանս անմիտ խաղարկությունը. ես անփորձի նման համարձակվեցի Ճակատագիր կոչվածի հետ խաղարկել հավատիս վերջին՝ քեզ համար պահած պատառները՝ ամենանվիրականը, ինչ ունեի: Ծանր է, երբ ճակատագրի հետ հավատ են խաղարկում, բայց ես համառում էի, ես չէի հանձնվում: Ու շարունակում էի, որովհետև Դու ինձ սովորեցրել ես պայքարել, սովորեցրել ես, որ պայքարը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հաղթանակի վերջնական կրողը դու չես: Ու ես շարունակում էի, համառորեն շարունակում: Ու կհաղթեի, գիտե՞ս: Կհաղթեի, եթե չհասկանայի, որ ճակատագրի անվան տակ հավատս խաղարկում ես Դու: Կհաղթեի, եթե չհասկանայի, որ պայքարում եմ քեզ հետ: Ես ճակատագրին կհաղթեի, Քեզ՝ ոչ:

Իսկ դրանից հետո…

Իսկ դրանից անմիջապես հետո ես հասկացա, որ տանուլ եմ տալիս: Ես զգում էի, որ պարտվում եմ, ես զգում էի, որ կեսգիշերի մեջ քաղաքի թաց ու խոնավ փողոցներից ինչ-որ մեկում ինչ-որ շատ կարևոր բան կիսատ է մնալու: Ինչ-որ շոշափելի, շատ կարևոր մի բան…

Ես զգում էի մոտալուտ պարտությունս ու շարունակում էի քեզ հետ խաղարկել քեզ համար պահած հավատիս վերջին պատառները: Դու ինձ պատրաստել էիր հնարավոր ու անհնար բոլոր մարտահրավերներին: Բայց երբեք, ոչ մի անգամ չես սովորեցրել Քեզ հաղթելու ձևը: Ու ես պարտվեցի:

Ինձնից ընդամենը 23 վայրկյան պահանջվեց պարտվելու, պարտությունս սթափորեն ընդունելու, ճակատագրիս ձեռքը պարտությունն արժանապատիվ ընդունողի նման սեղմելու ու հեռանալու համար:

Պահանջվեց հաշված 23 վայրկյան Քեզ ու հավատս կորցնելու համար:

***

Եթե չհամարձակվեի խաղարկել երջանկությունս, 23 վայրկյանում ես կհասցնեի մի կամ երկու կարևոր զանգ կատարել, շրթներկս թարմացնել (ասենք, հենց քո մեքենայի փոքրիկ հայելու մեջ), այդ նույն 23 վայրկյանում դու կարող էիր ծխել, ինչ-որ կարևոր զանգի պատասխանել կամ անջատել այդ զանգը: 23 վայրկյանում եթե ոչ մեկ, ապա հաստատ կես շիշ գինի (առանց կենացների) երկուսով կդատարկեինք:

23 վայրկյանում ես երկու անգամ գլուխս կդնեի աջ ուսիդ, երկու անգամ աչքերս կփակեի, մեկ անգամ կհամարձակվեի նայել աչքերիդ, ու ոչ մի անգամ չէի ասի, որ սիրում եմ քեզ: Չէի ասի, որովհետև 23 վայրկյանում սեր չեն խոստովանում: Որովհետև 23 վայրկյանում հազիվ հասցնում ենք հավատ խաղարկել ու տանուլ տալ:

***

Իմ պարտությունից հետո դու խոստացար գնալ ու գնացիր: Արժանապատիվ տղամարդիկ այդպիսին են. նրանք միշտ իրենց խոսքի տերն են՝ անկախ հանգամանքներից: Դե, դու նույնպես:

Միայն ուզում եմ իմանաս, որ ես բոլոր դեպքերի համար ինձ մոտ մեկ տուփ ծխախոտ ունեմ պահած. ես գիտեմ, որ դու ծխում ես, ու եթե մի օր որոշես վերադառնալ, ես քեզ մի գլանակ ծխախոտ կհյուրասիրեմ, կլսեմ պատմություններ քո չստացված սերերի, անլուրջ հարաբերությունների, քո գնած վերջին օծանելիքի մասին, որ թողել ես ճամպրուկներիցդ մեկում, կլսեմ ամեն ինչ: Բայց ուզում եմ իմանաս նաև, որ գիտեմ՝ երկար է ձգվելու նաև բացակայությունդ, ու մի օր համբերությանս բաժակը լցվելու է, ու ծայրահեղ դեպքում եմ ես վառելու քեզ համար պահած ծխախոտի վերջին գլանակն ու ծխելու եմ, ներս եմ քաշելու քեզ հիշեցնող ծուխն ու անհավատների համար բարձր գոռալու եմ, որ հավերժությունները տևում են վայրկյաններ, ասենք, օրինակ, հաշված 23 վայրկյան, երբ մարդիկ հասցնում են սիրել ու չխոսել այդ մասին:

***

Ընդամենը 23 վայրկյան, երբ մարդիկ հասցնում են սիրել ու երբեք այդ մասին չխոսել…