davit gorgoyan

Խառը, շատ խառը

Արթնանում ես վարագույրի արանքից երեսդ լիզող ճառագայթներից, դարչինի քաղցր թեյի բույրից: Հեռախոսիդ ավտոմատ համակարգը միացնում է Մոցարտի ու Վիվալդիի անմահական երաժշտությունների շարանը, որն ուղեկցվում է ամազոնյան հազվագյուտ թռչնատեսակների անզուգական սիմֆոնիայով ու Ատլանտյան օվկիանոսի անբռնազբոս ալիքների տվայտանքով: Դեռ չարթնացած ընկնում ես նոր երազների գալակտիկա, որտեղից հեռանալու մտքի համար պատրաստ ես առնվազն ինքնակախաղանի հանվել դիմացի արմավենու ծառերից մեկից:

Ամառ է, Արարատյան դաշտի այլանդակ ամառներից մեկը: Արթնանում ես քառասուն աստիճան շոգից, դիմացի բակից եկող խորովածի հոտից, հեռախոսիդ ավտոմատ համակարգը միացնում է Rammstein-ի «Sonne»-ն, որն ուղեկցվում է մորդ գոռգոռոցով ու քրոջդ լացով:

Դեռ չարթնացած հասցնում ես մեկ անգամ ոտքդ հարվածել կողքին դրված դարակին ու չես գտնում գուլպայիդ զույգը, որովհետև ամառ ա, ի՞նչ գուլպա: Գնում ես դասի ու միայն կեսից հասկանում, որ գուլպա չես հագել: Էսքանից հետո էլ ի՞նչ կարևոր է, թե քանիսին ես քնել: Մի կերպ հասնում ես ավտոկայան, ու աչքերից բացի քեզ ոչ մի բան պետք չի հասկանալու համար, որ պիտի դիմես ավտոստոպի օգնությանը: Առաջին ժամն անցկացնում ես վերոնշյալ Ատլանտյանի հատակին ու արթնանում միայն զանգի տանջալից ձայնից:

-Դու ե՞ս արել: Ո՛չ: Դու ե՞ս արել: Ո՛չ: Երկու «ոչը» բաժանած ութի… Չէ, իրանք չեն արել,- Ռաֆոն էլի նույն հումորն է անում, ու մենք էլի ծիծաղում ենք իր ծիծաղի վրա:

-Դավի՛թ:

-Հա, ընկեր Վարդազարյան:

-Որո՞նք են ֆինանսական հաշվետվությունները:

-Հեսա հինգ րոպեից արթնանամ ասեմ, էլի: Իմ արև, գիշերը սովորել եմ:

-Նստիր, պատրաստվիր. գալիս ես` դաս պատմես:

Ուպս… Չկպավ:

-Կարո՞ղ եմ դուրս գալ:

-Ալո, բարև ձեզ: Շնորհավորում ենք, դուք անցել եք հաջորդ՝ հարցազրույցի փուլ:

(Մեծ հրճվանք):

-Բարև ձեզ: Կներեք, ես չեմ ներկայանա. պարապունքի եմ ու մեկ այլ տեղից եմ հրավիրված: Անչափ շնորհակալ եմ:

Մռութներդ կախ մտնում ես լսարան ու մելանխոլիայով պարուրված ինը ստանում: Աղջիկները տիեզերական մի նոր գունանյութը մատների վրա փորձարկելու մասին են խոսում, տղաները՝ աղջիկների, Ռաֆոն էլի հումոր է անում, ու մենք էլի ծիծաղում ենք, իսկ վերջում… Ինձ թվում է ոչ ոք չգիտի, թե վերջում ինչ են անում: Էնտեղ եթե «բլոտ» չեն խաղում, ուրեմն ՄԱԿ-ի որոշումներն են քննարկում:

…Բարև: Ես Դավիթն եմ: Ներկայումս հաշվապահ ու ապագա ծրագրավորող: Սիրում եմ դասական, փոփ, ռոք երաժշտություն, կարմիր լոբով ճաշ ու կարմիր սալորի կոմպոտ: Չեմ սիրում սահմաններ, դատարկաբանող ուսուցիչներին ու դանդաղաշարժներին: Սովորում եմ քոլեջում: Չնայած շատերը բացասաբար են արտահայտվում քոլեջի մասին, ես, այնուամենայնիվ, հակված եմ պաշտպանել հակառակ կողմին: Էստեղ դպրոցից բերած հիվանդություններից կարող ես հանգիստ ազատվել: Ասենք, գնահատականամոլությունից: Էստեղ իրավունք ունես հարցախեղդ անել ուսուցչին սրտիդ ուզածի չափով, ու քեզ չեն դատի դրա համար, ու դու ստիպված չես լինի մտահոգվել, որ չիմացածիդ համար քեզ ցածր են գնահատում: Էստեղ դու ազատ ես: Ազատ ես սովորելու, խոսելու ու չխոսելու: Նման ռեսուրսների բազմազանությունն օգտագործում ես քո հաշվին ու վերջ: Դու փորձառու շինարար ես՝ ապագա ես կառուցում:

Ամեն ինչ էսպես էլ շարունակվում է: Եղեռնից փախածի պես քեզ առաջ ես գցում գազելում տեղդ ապահովագրելու համար, հասնում ես տուն և մթագնած մտքով ու դավաճան ոտքերով գնում մաթեմ պարապելու: Շինարար ենք, չէ՞: Իսկ թե ինչ վիճակով հետ կգաս, թողնում եմ մտահորիզոնիդ սահմաններին: Կգաս, դաս կանես` սուտ չերդվելու համար ու կքնես՝առավոտյան ոտքդ դարակին հարվածելով:

Բարի գիշեր: