Ծանոթացեք Մումսիկի հետ

Ընկերասեր, խաղաղասեր, բարի, սևաչյա այս կատուն, որին դուք տեսնում եք Մումսիկն է՝  մորաքրոջս կատուն: Այս տարի կլրանա երրորդ  տարին,  ինչ նա ապրում է մորաքրոջս տանը: Մումսիկը  շատ  է սիրում,  երբ խաղում ենք ի ր հետ  և ուշադրություն ենք դարձնում իրեն, իսկ եթե ո՛չ, նա ստեղծում է այնպիսի միջավայր,  որտեղ ուշադրության կենտրոնում ինքն է: Սակայն Մումսիկը ամենաշատը սիրում է մորաքրոջս տղային: Նրա անկողնում է պառկում, ուտում է հաց միայն նրա ձեռքից,  նույնիսկ ֆուտբոլ նայում է իր հետ: 

Մումսիկը ասես մորաքրոջս տան հաջողության խորհրդանիշը լինի: Երբ նա օրերով չի շարժվում, գրեթե չի սնվում, ուրեմն մի վատ բան է լինելու մոտալուտ օրերի ընթացքում: Իսկ եթե ակտիվ է, ապա մի լավ բան է լինելու:

Հավանաբար բոլորդ դիտել եք Փիթեր Հյուիթի «Գարֆիլդ» ֆիլմը: Մումսիկին մենք նմանեցնում ենք Գարֆիլդին, այդ պատճառով նրան նաև այսպես ենք կոչում: Լավ, անցնեմ բուն թեմային, ինչի մասին ուզում եմ պատմել:

2011 թվականի հունիսին եղբայրս զորակոչվեց բանակ: Մի քանի շաբաթ Մումսիկը պասիվ էր, չէր խաղում, չէր ուտում, ինչը շատ էր տխրեցնում մեզ: Մի օր էլ տեսանք,  որ Մումսիկը չկա: Անցնում էին շաբաթներ, ամիսներ… Փնտրում էինք նրան, ամեն հնարավոր վայրերում, բայց նա չկար ու չկար: Արդեն մոռացել էինք նրա մասին:

2015 թվականի ամռանը եղբայրս զորացրվեց: Ամառային տաք ու վառ գույներով լի օր էր: Արևը փայլում էր, բայց ո՛չ սովորական: Նոր օր էր, բայց ոչ կրկնվող: Ականջակալները ականջներիս գնում էի մորաքրոջս տուն: Բարձրանում եմ աստիճաններով ու… Ի՞նչ: Մումսիկը հետ էր վերադարձել… Երկու տարվա ընդմիջումից հետո հետ էր վերադարձել…

Ինչպես նախկինում, հիմա ևս նա չի հրաժարվել իր  «Հաջողություն»  պաշտոնից և  «զգուշավոր քաղաքականություն»-ից, ավելին՝ ավելի ակտիվ կյանք է վարում և վայելում է բոլորիս սերն ու հարգանքը:

Ինչևէ, շատ ուրախ եմ, որ Մումսիկը վերադարձել է, բայց ինձ համար դեռևս երկու չբացահայտված հարցեր կան.

1. Որտե՞ղ էր նա այսքան ժամանակ և ինչպե՞ս էր ապրում:

2. Անծանոթ բնակավայրից ինչպե՞ս է հետ վերադարձել: