Կանաչ դաշտից դուրս

«Ֆուտբոլն ազատություն է,մի ամբողջ տիեզերք», – Բոբ Մարլի

Ֆուտբոլի վերաբերյալ ցանկացած մարդ իր պատկերացումներն ունի. շատերը կարծում են, որ ֆուտբոլիստները կանաչ դաշտից այն կողմ կյանք եւ հետաքրքրություններ չունեն, ու ամեն ինչ սահմանափակվում է մարզադաշտով: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի եզրային կիսապաշտպան Վիգեն Բեգոյանը այդ կարծիքին չէ. երկար տարիներ ֆուտբոլում լինելով` սպորտաձևը նրա համար, միգուցե, դարձել է կյանք, բայց դրա հետ մեկտեղ նա չի մոռանում ֆուտբոլից դուրս աշխարհի մասին: Վիգեն Բեգոյանը վերջերս է վնասվածք ստացել` կոտրել է ամրակը և վիրահատվել, սակայն այդ վնասվածքը, կարծես, ավելի ուժեղ է դարձրել նրան ու օգնել հասկանալ, որ ոչ մի վնասվածք նրան ֆուտբոլից չի հեռացնի.

 -Ի՞նչու հենց ֆուտբոլ:

- Փոքրուց շատ եմ սիրել այս սպորտաձևը, դե, բոլոր տղաների նման, բայց չէի մտածում, որ ավելի լուրջ կզբաղվեմ:

- Ո՞րն է Ձեր սիրելի ֆուտբոլային ակումբը:

- Սիրելի թիմս «Բարսելոնան» է:

- Ի՞նչը Ձեզ բերեց կանաչ դաշտ:

- Սերը ֆուտբոլի նկատմամբ: Փոքր ժամանակ ամբողջ օրը բակում ֆուտբոլ էի խաղում: Անընդհատ խնդրում էի հայրիկիս, որ ինձ ֆուտբոլի տանի. հենց այդպես սկսվեց ամեն ինչ:

- Ի՞նչպիսին էին ապրումները, երբ առաջին անգամ մտաք ֆուտբոլի դաշտ: 

- Շատ լարված էի, բայց հենց գոլ խփեցի, ամեն ինչ անցավ ու ավելի կենտրոնացա, որ նորից դառնամ գոլի հեղինակ:

- Ի՞նչպիսին է կյանքը մարզադաշտից դուրս: 

- Մարզադաշտից դուրս` բացի հանգստից, սիրում եմ ժամանակս տրամադրել հարազատ մարդկանց: Բնական է` որքան էլ ֆուտբոլն իմ առօրյայի մեծ մասն է կազմում, ունեմ նաև հետաքրքրություններ դրանից դուրս:

- Բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը:

- «Գլադիատոր». սիրում եմ հերոսի բնավորությունը, ուժը:

- Նկարագրեք ձեզ 3 բառով: 

- Նվիրվող, ընկերասեր և նպատակասլաց:

- Ո՞րն է ձեր ամենամեծ թերությունը: 

- Ինքնամփոփ եմ: Երբեմն դա ինձ խանգարում է:

- Ձեր բնավորության ամենակարևոր գիծը:

- Երբեք չեմ հանձնվում , որքան էլ դժվար իրավիճակ է լինում. դա ինձ համար չէ:

- Մանկության ամենալավ հիշողությունը և սիրած մուլտֆիլմը:

-Այնքան լավ պահեր եմ ունեցել, որ չեմ կարողանում առանձնացնել: Հիմնականում բակային ու դպրոցական արկածներն են: Սիրածս մուլտֆիլմը «Ավատարն» է:

- Ամենասիրելի նկարիչը:

- Սալվադոր Դալի: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար նա երբեմն այնպիսի բաներ էր անում, որ նրա այդ տաղանդը շատ ավելի մեծ էր թվում նրա մյուս տաղանդներից:

- Ամենակարևոր հատկանիշները մարդու մեջ: 

-Բարություն և անկեղծություն:

- Ձեր սիրած երկիրը: 

-Անգլիան:

-Ո՞րն է Ձեր կարգախոսը: 

- Երբեք մի՛ հանձնվիր:

Վիգենի կարգախոսը թվում է պարզ , բայց յուրաքանչյուրը պիտի կարողանա գտնել իր ներսի չհանձնվողին ու միշտ պայքարողին, որովհետև նրանք բոլորիս մեջ էլ ապրում են: