Nane Eghiazaryan

Կապույտը և սպիտակը

Դեռ փոքր ժամանակից սիրել եմ դրսում քայլելուց անջատվել այս աշխարհից ու հիանալով քաղաքիս` Ջերմուկի բնությամբ, սկսել երգել: Մի անգամ եղբորս հետ քայլելուց էլի սկսել էի երգել, երբ ասաց, որ ուշադրություն դարձնեմ մեր բակի տաղավարում նստած տատիկներին: Տաղավարի տատիկները ուշադիր նայում էին ինձ: Մեկը ժպտում էր, մյուսը ինչ-որ բան էր քչփչում մյուսի ականջին… Հենց այդ օրվանից էլ սկսեցի ուշադրություն դարձնել մեր բակի տաղավարում նստած տատիկներին:

Համոզված եմ, որ բոլոր բակերում էլ բամբասող կանայք ու տատիկներ կան, ովքեր տեղյակ են, թե ով ուր գնաց, ինչու գնաց ու ում հետ, բայց մեր բակի տատիկները ուրիշ են. մի տեսակ, չգիտեմ, ժպտերես ու ջերմությամբ լի են: Եթե բակով անցնելիս հանկարծ չբարևես նրանց, համոզված եղիր, որ կսկսեն
քննարկումներ անցկացնել այս հերթականությամբ.
1. Էս ո՞ւմ թոռն ա:
2. Ո՞ւր էր գնում:
3. Ինչի՞ էր գնում:
4. Ինչո՞ւ մեզ բարև չտվեց:
Չնայած, մեկ է, այս քննարկումը միշտ էլ կա, եթե իհարկե, այդ պահին ուրիշի մասին չեն խոսում, ու եթե բարև ես տալիս, վերջին կետը փոխարինվում է այս արտահայտությամբ. «Ինչ էլ լավ աղջիկ է: Ամեն անգամ անցնելիս բարև է տալիս, երևում է, որ ծնողները ճիշտ են դաստիարակել»:
Մեր բակի սպիտակ տաղավարը հին էր, ու կարելի է ասել, արդեն ժանգոտել էր, երբ բակում կանգնեցվեց նոր ու ավելի գեղեցիկ կապույտ տաղավարը: Դրանից հետո տատիկները միշտ հավաքվում են այնտեղ ու սկսում իրենց «աշխատանքը»: Իսկ այս հինը, իմ կարծիքով, հենց նրանց բացակայությունից էր, որ ավելի արագ էր սկսել ժանգոտել, բայց դե մենք էլ դա նկատեցինք ու սկսեցինք վերանորոգման աշխատանքները: Մեկ շաբաթ հետո տաղավարը նորից դարձավ առաջվա նման հյուրընկալ, բայց այս անգամ այստեղ
ավելի շատ հյուրընկալում էին երեխաները: Մենք գնում ու նստում ենք այնտեղ, խաղում տարբեր խաղեր, կամ էլ ուղղակի զրուցում միմյանց հետ: Ու հենց այս տաղավարն էլ, ինչպես տատիկների համար կապույտ տաղավարը, մեզ համար դարձել է երկրորդ տուն ու լավ ժամանակ անցկացնելու համար հիանալի վայր… Ամռանը ու աշնան մի քանի շաբաթը, երբ դեռ ցրտերը չեն ընկել, առավոտյան ժամը իննից մինչ ժամը վեցը կապույտ տաղավարում նստած են մեր բակի տատիկները, իսկ արդեն ժամը հինգից մինչ ուշ գիշեր սպիտակ տաղավարում է հանգրվանում մեր բակի երիտասարդությունը: