Lilit vardanyan

Կարանտինային պատմություններ

Մաս 1. Իդեալական կարանտին

-Գնացի՜նք,- ասացի ես՝ հագնելով կատվի նկարով, կտորից դիմակս:

Երեք րոպե անց ես ու հայրիկը, զինված դիմակներով ու ալկոգելով, մտանք խանութ:

Քայլ 1-ին՝ պետք է ախտահանել ձեռքերը, երբ մեզնից հազիվ կես մետր հեռավորությամբ գտնվող, դիմակ չհագնող երկու աշխատող հանգիստ զրուցում են:

Քայլ 2-րդ՝ արդեն ախտահանված ձեռքերով վերցնում ենք զամբյուղը:

Քանի որ ես ընդամենը շաբաթը մեկ անգամ եմ գնում խանութ ու ընդհանրապես՝ իջնում բակ, պետք է լիքը լավ բան առնել շաբաթվա ընթացքում ուտելու համար:

Քայլ 3-րդ՝ փորձել գնումներ կատարել՝ կարողանալով պահել սոցիալական հեռավորությունը: Դա այդքան էլ հեշտ չէ, որովհետև խանութում համարյա հերթ է:

-Պապ, կարելի ա տոստի հաց առնել, վիտչինա ու հալած պանիր,- ասում եմ ես՝ ապահովելով իմ մի շաբաթվա նախաճաշն ու ընթրիքը:

Քայլ 4-րդ՝ գնել փաթեթավորված արևածաղկի սերմ՝ հույս ունենալով, որ մեջը գետնանուշով շահում կլինի:

Քայլ 5-րդ՝ կատարել վճարում ու փորձել ուշադրություն չդարձնել ուղիղ մեջքիս հետևում կանգնած մարդուն, որը քիչ է մնում՝ շնչի վրաս:

Քայլ 6-րդ՝ դուրս գալ խանութից ու նորից ախտահանել ձեռքերը:

-Պապ, ասում եմ՝ բայց մեր մոտ շատ լավ են, չէ՞ պահում կարանտինը։

-Հա՜։

Մոտ տասնհինգ րոպե մաքուր օդ դուրս գալուց հետո առաջին հերթին լվացի ձեռքերս ու կտորից դիմակս: Բացեցի արևածաղկի սերմի տոպրակը, որի մեջ կար գետնանուշով շահում, լցրեցի ափսեի մեջ ու նորից ախտահանեցի ձեռքերս:

Վերջ: Արդեն կարելի է հետ վերադառնալ մի շաբաթ տանը ինքնամեկուսացված ապրելու կյանքին:

Մաս 2. Իմ կյանքը այլևս նույնը չի լինի

-Տատ, էսօր ի՞նչ ենք ուտելու:

-Արիշտա: Գիտե՞ս՝ ով էր արիշտա սարքում: Թելի տատը (հայրիկի տատիկը):

-Տատ, բայց ինչի՞ հենց Թելի:

-Բայց լավ անուն ա: Իմ մտքով անցել ա, որ քո անունը Թելի դնեմ,- ասաց հայրիկը:

-Ի՞նչ,- ասացի ես՝ բարձր ծիծաղելու և որոշ չափով էլ բերանումս մնացած արիշտայի պատճառով խեղդվելով,- ուտելիքը բկիս կանգնեց:

Մի քանի վայրկյան լռելուց ու շոկային վիճակից դուրս գալուց հետո շարունակեցի.

-Պապ, ամբողջ կյանքս ուրախացել եմ, որ իմ անունը Լիլիթ ա ու հիմա ասում ես, որ ուզեցել ես անունս Թելի դնե՞լ:

-Չէ, ուղղակի էն ժամանակ լավ միտք էր թվում:

-Պապ, պատկերացնո՞ւմ ես: Ես ամբողջ կյանքս սիրեմ իմ անունը ու 17 տարի անց իմանամ, որ դու մտածել ես իմ անունը Թելի դնե՞լ,- ասացի ես՝ խոսքիս մեջ դրամատիկական երանգ մտցնելով՝ հիշելով անցած օրվա իմ ու հայրիկի՝ հայկական սերիալի հետ կապված «լուրջ» քննարկումը այն մասին, թե ինչպես է մարդը ամբողջ կյանքը մտածում, որ թուրք է ու վերջում իմանում, որ իրականում հայ է:

-Լիլիթ, չես հասկանում, էլի:

-Չէ, իմ կյանքը այլևս նույնը չի լինի: Երկու տարվա տրավմա ստացա: Հենց ասես Լիլիթ, էդ եմ հիշելու:

Մաս 3. Տարվա մարտը

-Բերե՞մ կարտերը,- ասացի ես ու առանց պատասխանի սպասելու՝ վազեցի խաղաքարտերը վերցնելու:

Ես ու հայրիկն ընդդեմ պապիկի ու տատիկի: Խաղում ենք «11»: Այսպիսի մարտ տեղի է ունենում տարին մի անգամ՝ Նոր տարուն: Դե, մեկ էլ կարանտինի ժամանակ:

Այսպիսի մարտերում հիմնականում համարյա միշտ պապիկի բախտը բերում է, բայց անհայտ պատճառներով միշտ դժգոհ է, որ վալետով ընդամենը չորս քարտ տարավ:

-Տատ, դու գիտես, չէ՞ ինչ պետք ա տաս,- ասում եմ ես, որովհետև գիտեմ, որ տատիկի բաժանելու ժամանակ ամենահաջողակը ես եմ:

Երկու խաղն էլ ես ու հայրիկը հաղթեցինք: Չէինք հասցրել հավաքել քարտերը, երբ առաքիչը եկավ:

-Յեյ,- ասացի ես ու արագ տեղավորեցի կարտերը, որ միասին խինկալի ուտենք:

Մաս 4. Իմ՝ նինձյայի ուղին

-Վերջ: Հիմա պարապելու ժամանակն ա: Պետք ա պարապեմ, որ Միկասայի նման ուժեղ լինեմ,- ասացի ես՝ նշելով «Տիտանների գրոհի» իմ սիրած կերպարին,- դա է իմ՝ նինձյայի ուղին:

Համարյա ամեն երեկո մի րոպե մարզվելը իրականում ուղղակի էներգիա ծախսելու պատճառ է: Որոշ չափով էլ իսկապես ուզում եմ ավելի ուժեղ լինել ու վերջապես կարողանալ կոլայի շիշ բացել:

Իրականում ես ամենավերջին մարդն եմ աշխարհում, ով կմարզվի քաշը կորցնելու կամ կազմվածքի համար, որովհետև ուզում եմ քաշ հավաքել:

Մարզվելու ամենահիմնական պատճառն է նաև այն, որ օրվա ընթացքում կա՛մ լոտոսի դիրքով նստած ճաշում  ու դաս եմ անում, կա՛մ պառկած գիրք եմ կարդում: Իսկ շաբաթվա մեջ մի անգամ տասնհինգ րոպե դուրս գալով հաստատ իմ ոտքերը նորմալ չեն աշխատի:

-Պա՜պ,- կանչում եմ հայրիկին, չնայած՝ նա ուղիղ դիմացս նստած համակարգչով աշխատում է:

Արդեն կարող եմ 25 հատ պրես անել: Հետաքրքիր է՝ մինչև կարանտինի ավարտ ինչքա՞ն կկարողանամ: