narek babayan

Կարգավիճակ. սպասում եմ ամռանը

Փետրվարի 6, 2016

Ահա և վերջացան մեր սիրելի արձակուրդները, մենք արդեն գրեթե հարմարվել ենք դպրոցական ռեժիմին։ Ճիշտն ասած՝ ես մտածում էի, որ երբեք չեմ ձանձրանա արձակուրդներից, բայց սա իրոք չափից մեծ ընմիջում էր։ Արձակուրդների հետ մեկտեղ անցավ ձմռան այն հատվածը, որը ես սիրում էի։ Ընդհանրապես, տարվա մեջ ես սիրում եմ ամառային արձակուրդներ ու նոր տարի։ Ինչպես հասկացաք՝ արդեն սպասում եմ ամռանը։

Ամռան միակ ոչ այդքան հաճելի բանը քննություններն են, բայց դե, ինչ արած։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։

Ամառ։ Ընկերներ, գետ, լողավազան, դուրս գալ տանից առավոտյան ու մինչև գիշեր չվերադառնալ։ Ինչպե՞ս կարելի է չսիրել այս ամենը։ Էհ, լավ։ Գնամ ընկնեմ մտքերով ու հիշեմ ամռան հետ կապված բոլոր լավ հիշողություններս։ Թե չէ` էս ցրտից էլ արդեն հոգնեցինք…

Հուլիսի 24, 2016

Էն որ ասում էի, է` ամառ եմ ուզում, ցրտից հոգնել եմ, բան։ Պրծավ էդ սաղ։ Հիմա միակ ուզածս բանը ցուրտն ա, էլ չեմ դիմանում ես շոգին։ Քնում եմ գիշերը 1-2- ին, չնայած որ պառկում եմ 12-ին։ Արթնանում եմ քրտնքիս մեջ խեղդվելու պատճառով։ Շոգը մի կողմ, ամառիցս գոհ եմ։ Մի ամիս առաջ հանձնեցի վերջին քննությունս։ Ի զարմանս ինձ, էդքան էլ դժոխային պատիժ չէր։ Դե, ինչ ասեմ։ Ոչ մի արտասովոր բան չկա։ Սպասելիքներս լրիվ արդարացել են։ Գետերից տուն չեմ գալիս, ամբողջ օրը ընկերներիս հետ փողոցներն եմ։ Վիզս ու մեջքս գունային առումով խիստ տարբերվում են։ Էս միօրինակությունն արդեն սկսում ա հոգնացնել, գիտեմ, որ հետո զղջալու եմ, բայց արդեն դպրոցս ու Նոր տարի եմ ուզում։ Կարգավիճակս, կամ այսպես ասած «ստատուսս» փոխելու ժամանակն ա։
Եվ այսպես՝ կարգավիճա․ սպասում եմ Նոր տարուն: