angelina

Կարծում եմ գրիպի համաճարակ է

Չկա ավելի վատ բան, քան երբ քո չսիրելի եղանակին գումարվում է մոշով տաք թեյը, մի մեծ տոպրակ դեղերը, հարբուխը, ջերմությունն ու գրիպը:

Չսրիրելի եղանակ ասածիս հետ ոչ բոլորը կհամաձայնվեն: Հետևելով 17-ի նյութերին, հասկացա, որ մեծ մասը գրում է անձրևի սքանչատեսիլ գեղեցկության, ձյան սպիտակ փաթիլներից արբածության մասին: Չէ´, չմտածեք, որ վատ տեսանկյունից եմ ասում, կամ էլ չեմ հավանում ձեր նյութերը: Ախր, դուք այնքան պարզ ու անկեղծ եք գրում, որ դրանք չհավանելն ուղղակի անհնար է:

Սակայն եկեք խոստովանենք, որ առանց անձնական կարծիքի կյանքն ուղղակի անիմաստ կլիներ:

Լավ, անցնենք բուն նյութին:

Առողջապահության նախարարությունը չի հայտնում, որ Հայաստանում հիմա գրիպի համաճարակ կա: Որտեղից գիտե՞մ: Մեր դպրոցի հաշվարկներով, երեխաների մեծ մասը հիվանդ է: Եվ բացակա չստանալու համար հիվանդ գալիս են դասի, ամենաշատը երեք ժամ նստում և ավելի ծանր վիճակով, իհարկե, բժշկի թույլատվությամբ գնում տուն: Ինչն էլ հանդիսանում է վարակի տարածման պատճառ: Նկարագրածիս զոհը այսօր դարձա ես:

Ինչ եմ ուզում ասել. կամ մի քանի օրով դադարեցրեք դասերը, կամ էլ այն երեխաներին, որոնք իսկապես հիվանդ են, անհարգելի բացակա մի դրեք, ընդհակառակը, կանգնեք դպրոցի մուտքի մոտ առավոտյան, եթե տեսնում եք դպրոց է եկել կարմրած քթով, ջերմությամբ. Հազում է, անընդհատ քիթն է սրբում, հենց մուտքի մոտից տուն ուղարկեք, որպեսզի մյուսներին էլ չվարակի:

Իսկ իմ հասակակիցներին էլ կխնդրեմ, որ լսեն իրենց մայրիկներին և տաք հագնված դուրս գան տանից: Եղանակն այնքան խաբուսիկ է, մի քանի րոպեում կարելի է մրսել ու հիվանդանալ: