jemma petrosyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. կարևորը սովորելն է

Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ կարող ենք հարցազրույց վերցնել, կամ ընդանրապես սովորել։ Ես մտածել եմ ու մտածելու հետ մեկտեղ սովորել։

Օրինակ, ինձ համար կապ չունի` որտեղ սովորել, կարևորը սովորելն է։ Երեկոյան ուզում էի նյութ գրել։ Հասկանալով, որ այդ հարցում ինձ կարող է օգնել Շուշանիկը (մեր մենթորներից մեկը)՝ դիմեցի նրան։ Փնտրելով նրան՝ գտա սենյակներից մեկում, որտեղ չկար սեղան և նստարան։ Ես և Շուշանիկը նստեցինք գետնին, և ես սկսեցի հարցերով տանջել նրան։ Ու ասեմ, որ նրա համար դա տանջանք չէր, նա մեծ ոգևորությամբ ու հաճույքով պատասխանում և բացատրում էր ինձ։

Այս ամենը պատմեցի նրա համար, որ իմանաք` կապ չունի որտեղ և ինչի վրա սովորել։ Կարևորը գիտելիք ստանալ և այն օգտագործել կարողանալն է։ Եվ այդ իսկ պատճառով որոշեցի, որ իր բացատրած կերպով պետք է այս ամենը գրեմ։ Դրանից բացի երեկ ցերեկը նկարահանումների դասեր էինք անցկացնում, և այդ ընթացքում որոշեցի ավելի լավ հասկանալու համար հարցազրույց վերցնել և միաժամանակ նկարել։

Քանի որ երեխաները շատ էին՝ բաժանվեցինք երեք հոգանոց խմբերի, այնուհետև պետք է հարցազրույց վերցնեինք մեկս մյուսից։ Մեր խմբում երկու աղջիկ էր՝ ես և Մերին, և մեկ տղա՝ Սերյոժան։ Առաջին հարցազրույց տվողը ես էի։ Եթե նախորդ օրինակի մեջ տեղը կապ չուներ, այստեղ որոշ չափով կարևոր էր, քանի որ նկարահանումներ կատարելու համար պետք է հարմար պայմաններ և վայրեր լինեն։ Մենք ունեինք ընդամենը մեկ ժամ, որից քսան րոպեն տեղ էինք փնտրում։ Երկար ժամանակ փորձում էի լրջանալ, բայց չէր ստացվում, չնայած դա ինձ օգնեց չլարվել և հանգիստ պատասխանել հարցերին։ Գիտե՞ք, էն ծիծաղելի իրավիճակը գնալով ավելանում էր, բայց դե սա էլ լավ անցավ։ Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ անլրջության պատճառով ակնոցը մնացել էր ծառի վրա։ Ամենահետաքրքիրը երրորդ հարցազրույցն էր։ Ասե՞մ` ինչու։ Դե իհարկե՜, կասեմ, քանի որ չեմ ուզում խոսքս կիսատ թողնել։ Սերյոժայի հարցազրույցից հետո վախենալով իջնում էինք զառիթափը, ու մեկ էլ ի՜նչ տեսնենք։ Տեսանք, որ տանիք տանող ճանապարհ կար։ Մենք էլ օգտվելով առիթից, բարձրացանք տանիք։ Շատերը զարմացան իմանալով, թե որտեղ ենք նկարել հարցազրույցը:

Նկարահանումներ անելու համար պակաս կարևոր չի հարցազրույցի տեղը ճիշտ որոշել։ Իսկ ես հանգիստ կարող եմ ասել, որ ես և ընկերներս ճիշտ և հարմար տեղ էինք ընտրել։