«Կյանքը կորոնավիրուսի օրերին»

Սիրելի թղթակիցներ,

Վիրուսին զուգահեռ աշխարհով մեկ կարծես թե թևածում է նաև կարանտինում հայտնված մարդկության մասին ֆիլմեր նկարահանելու գաղափարը: Համենայն դեպս մենք արդեն մի քանի գրեթե նմանատիպ նախագծերի մասնակցելու խնդրանք-առաջարկներ ենք ստացել մոլորակի տարբեր ծայրերից (չհաշված մեր սեփական նախաձեռնությունը): Հուսով եմ, գիտակցում եք, որ 17-ցիներից լավ դա ոչ ոք չի կարող անել, թեկուզ այն պատճառով, որ մենք ամենամեծ խմբագրակազմ ունեցող լրատվամիջոցն ենք` հարյուրավոր տաղանդավոր երիտասարդներ, ու բոլորն էլ տնային կալանքի մեջ: Իսկ ազատության գնալով խստացող սահմանափակումները միայն ավելի են խթանում ստեղծագործական ազատությունը: Ուրեմն` ի գործ:

Ի՞նչ նկարել

Ամեն ինչ, որ կանցնի ձեր մտքով: Սակայն ուշադրություն դարձրեք «միտք» բառին: Պետք չէ ուղղակի միացնել կամերան և անիմաստ «սահեցնել» պատերի վրայով: Նախ մտածեք` ինչպե՞ս է դրսևորվում կամավոր կամ պարտադիր մեկուսացումը ձեր և ձեր շրջապատի կյանքում ու կենցաղում, ի՞նչը և ինչպե՞ս է փոխվել: Օրինակ` «Առաջ հայրիկս ցերեկները աշխատանքի էր, հիմա ստիպված նստել է տանը, երևի նկարեմ, թե ամբողջ օրն ինչով է զբաղված, լավ կոմեդիա կստացվի` «Արջը` սպասքեղենի կրպակում», կամ` «Վաղը քրոջս ծննդյան օրն է, ու առաջին անգամ հյուրեր չեն լինելու, կնկարեմ, թե ինչպես է թթված նստել ու հոնգուր-հոնգուր լալիս իր չստացած նվերների համար»…

Պարտադիր չէ, որ ձեր նկարածը կուռ սյուժե ունենա կամ ավարտուն պատմություն լինի: Կարող են առանձին դրվագներ լինել. հիշեք, որ մենք մոզաիկա ենք հավաքում փոքր կտորներից:

Կարող եք նկարահանել կարճ կամ երկար տեսարաններ` ձեր փոքր եղբոր կամ մեծ քրոջ հեռահար դասը, մոր և Իսպանիայում ապրող մորաքրոջ սքայփով զրույցը` տեղական իրավիճակի համեմատական վերլուծություններով, պապիկի մեկնաբանությունները երեկոյան լուրերը դիտելիս, վատառողջ հարազատի տագնապած փորձերը` պարզելու, թե արդյո՞ք վարակված է, կամ թե ինչպես է տնեցիներից ինչ-որ մեկը լրացնում իր «ելքի» անցաթուղթը… Ու ամենևին պարտադիր չէ, որ դրանք «էկզոտիկ» կամ խիստ օրիգինալ տեսարաններ լինեն` ինչպիսիք են սոցցանցերում պարբերաբար հայտնվող վիդեոները պատշգամբում երգող-պարող իտալացիների կամ սիզախոտը «վարսահարդարող» վարսավիրի մասին: Բայց պետք է միշտ ուշադիր ու պատրաստ լինեք նաև անսպասելի «հաջող» պահերը արագ նկատելու ու անմիջապես «որսալու» համար, (օրինակ` այնպիսի զրույցը, ինչպիսին մեր թղթակից Մարատ Սիրունյանի ներկայացրածն էր («ԷՍ Ի՞ՆՃ ԳԽՈՍԻՍ»): Հնարավորության դեպքում կարող եք նաև ինքներդ դրդել, որ ձեր հերոսը/հերոսները ինչ-որ բան անի կամ ասի` «խոսք գցեք», ուղղակի հարց տվեք, խնդրեք, որ զանգի պարզելու արտերկրում ապրող իր ընկերուհու/բարեկամի որպիսությունը և այլն: (Դե լավ, եթե կարող եք` համոզեք տատիկին թող պատուհանից երգի կամ կոնտրաբաս նվագի հարևանների համար, դեմ չենք):

Կարող եք հարցազրույցներ վերցնել: Օրինակ` քրոջից. ի՞նչ գրքեր է կարդացել այս ընթացքում պարապությունից, հետևո՞ւմ է արդյոք արտաքինին, եթե միևնույն է տանից դուրս չի գալու, ի՞նչն է ամենից շատ կարոտում «նախորդ» կյանքից, ի՞նչ է անելու առաջին հերթին, երբ այս ամենը ավարտվի… Պապիկից կարող եք հետաքրքրվել, թե զգո՞ւմ է արդյոք իրեն ռիսկի խմբում, անհանգստանո՞ւմ է տատիկի համար, իր կարծիքով ո՞վ է այս պատմությունը սարքել մեր գլխին, ի՞նչ քայլեր կաներ, եթե ինքը լիներ վարչապետի կամ Թրամփի փոխարեն… Մայրիկին հարցրեք, թե ինչպե՞ս է պլանավորում տնային տնտեսությունը այս խառը ժամանակներում, միասին հաշվեք զուգարանի թղթերը… Ֆուտբոլասեր եղբորը խնդրեք, թող մանրամասն մեկնաբանի բոլոր չկայացած ու հետաձգված խաղերը…

Կարող եք վիդեոօրագիր վարել. պատմել, թե ինչպես ապրեցիք կարանտինի հերթական օրը` ինչ եղավ երկրում, շենքում ու ձեր տանը, ներկայացրեք ձեր անձնական ապրումներն ու մտքերը: Դա կարող եք անել նաև վլոգի ֆորմատով` այսինքն ուղղակի խոսեք կամերայի առաջ:

Կարճ ասած` իսկապես կարող եք նկարել ինչ մտքներովդ անցնի, իսկ երբ միտքն աշխատում է` այնտեղով երթևեկությունը շատ ավելի աշխույժ է դառնում:

Որտե՞ղ նկարել

Որտեղ կարող եք, իհարկե` անպայման պահպանելով արտակարգ դրության ու ողջամտության բոլոր պահանջները: Շատերի համար դա միայն տունն ու տնեցիներն են լինելու, ինչը հենց այն է, ինչ պետք է: Կարող եք նկարել նաև պատուհանից կամ պատշգամբից: Եթե տանից դուրս եք գալիս, կարող եք նկարել բակում, ճանապարհին, տրանսպորտում, խանութում, աշխատավայրում: Եթե գյուղում եք ապրում ու մասնակցում եք գյուղական աշխատանքներին` արդեն հասկացաք:

Պահպանեք սոցիալական տարածությունն ու չմոռանաք հաճախակի լվացվել:

Ե՞րբ նկարել

Իսկ դուք դեռ չե՞ք սկսել: Մեր համատեղ ֆիլմի նկարահումներն սկսվում են այսօր և կշարունակվեն մինչև լրացուցիչ կհայտարարվի ավարտը:

Կարող եք նկարահանել ձեզ հարմար պահին, կամ այդ գործին նվիրել օրվա մեծ մասը: Կարող եք նկարահանել միայն մեկ օրվա ընթացքում, կամ միայն մեկ կամ մի քանի դրվագ: Կարող եք նաև օրեցօր հետևել անցուդարձին ու ֆիքսել թեկուզ առաջին հայացքից աննկատ փոփոխությունները: Մի խոսքով` երբ ուզում եք, կախված ձեր զբաղվածության, ծուլության, պատասխանատվության, էնտուզիազմի, պահի ու գործի լրջության գիտակցման աստիճանից:

Ինչպե՞ս նկարել

Սա այն դեպքն է, երբ նկարահանող խումբը բաղկացած է մեկ հոգուց, «և այդ մեկ մարդը դու ես»: Դուք եք լինելու ձեր սցենարիստը, ռեժիսորն ու օպերատորը (նաև դիմահարդարը, հնչյունային ռեժիսորը, մեկնաբանն ու բանվորը): Ցավոք, բացի խորհուրդներից, մենք այլ հարցում աջակցել չենք կարող:

Նկարահանումները կարելի է անել վիդեոկամերայով, վիդեո նկարող ֆոտոապարատով, սմարթֆոնով (ցանկալի է, որ դրանք նկարահանեն HD ֆորմատով): Եթե նման ֆորմատով նկարահանող ոչ մի սարք չունեք ու չեք էլ կարող ժամանակավորապես ինչ-որ մեկից վերցնել, բայց կարծում եք, որ հետաքրքիր բան կարող եք նկարել, նկարեք սովորական հեռախոսով: Նկարեք հորիզոնական, ոչ թե ուղղաձիգ կադրերով:

Նկարելիս աշխատեք հնարավորինս քիչ շարժել կամերան: Աշխատեք, որ այն չդողա, չցնցվի, առավել ևս «չվազվի» սենյակով մեկ` թռչկոտելով մի առարկայից կամ մի դեմքից մյուսին: Նկարահանման ընթացքում մի մոտեցրեք կամ հեռացրեք պատկերը: Նկարեք երկար, ստատիկ կադրերով: Ուղղակի ճիշտ դիրքավորվեք, կամերան պահեք այնպես, որ երևա հենց այն, ինչ ուզում եք ու «քարացեք»: Եթե ունեք շտատիվ, օգտագործեք այն, եթե ոչ` կամերան բռնած ձեռքը հենեք ինչ-որ բանի:

Ի՞նչ անել նկարահանածը

Արդեն այսօրվանից սկսած, ձեր նկարահանած ֆայլերը ամեն օրվա վերջում ուղարկեք մեզ Wetransfer-ով կամ GoogleDrive-ով: Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես դա անել, թող գրեն, կբացատրենք: (Չմոռանաք նշել ձեր անուն ազգանունը և բնակավայրը, կամ որտեղ եք նկարել):

Առհասարակ ցանկացած բնույթի հարցի դեպքում գրեք մեզ` 17am.reporter@gmail.com: Այդ դեպքում մեր խորհուրդներն էլ, թե ինչ և ինչպես նկարել, ավելի առարկայական կլինեն:

Հաջողություն ենք մաղթում:

17-ի թիմ