Mane Babajanyan

Կյանքը տանիքից

Ամեն օր արթնանալով նույն միջավայրում ու անընդհատ տեսնելով շրջապատը նույն կետից, հաճախ ամբողջությամբ չենք կարողանում ընկալել կյանքը: Պետք է կարողանաս այն դիտել տարբեր կողմերից, ու գուցե ամենաչնչին իրերն ու երևույթներն անգամ քեզ նոր գույներով երևան: Ինձ համար միշտ երազանք է եղել տանիք բարձրանալն ու այնտեղից տեսնել ինձ արդեն հարազատ դարձած միջավայրը: Ընկերուհիներիցս մեկի հետ մի օր որոշեցինք իրականացնել այդ երազանքն ու բարձրացանք շենքի տանիք: Սկզբում մի քիչ վախենալով, բայց հետո այդ վախը վերածվեց մի հաճելի զգացողության, որն այժմ դժվարանում եմ բացատրել: Կյանքը տանիքից մի տեսակ ավելի գունեղ ու հիասքանչ է երևում: Երբ ամեն ինչին նայում ես շատ վերևից, ու քեզ թվում է, թե քո ու ներքևում գտնվողների միջև մի անհաղթահարելի տարածություն է, սկսում ես գնահատել այն, ինչն ունես:

Ամեն անգամ տանիք բարձրանալիս իմ ողջ հույզերն ու զգացումները խառնվում են իրար, ու ինձ պարուրում է մի տարօրինակ զգացում, որն ասես հաճելի վախ լինի: Հետաքրքիր է հնչում, չէ՞: Հաճելի վախ, կարծում եմ տարօրինակ արտահայտություն է, բայց միայն դա է բնութագրում այն, ինչ զգում եմ: Եվ ամեն անգամ տարբեր են զգացմունքներիս չափն ու ուժգնությունը: Մանավանդ, երբ տանիքից դիմավորում եմ մայրամուտը:

Մայրամու՜տը… Նարնջագույնով պատված երկինքը, որը քեզ այնքա՜ն մոտ է թվում, այնքա՜ն հասանելի: Երբ տխուր եմ լինում, միշտ բարձրանում եմ տանիք և ուղղակի լուռ նստում եմ այնտեղ: Այդ հանգստությունը, որ կա վերևում, մի տեսակ ապրեցնում է. վերադարձնում է կյանք: Ու ամեն անգամ, երբ նորից ցած եմ իջնում տանիքից, երկար ժամանակ չեմ կարողանում ուշքի գալ, ասես ամպերի վրայով քայլելիս լինեմ: Երբ մտածում եմ, որ ընդամենը մի քայլ, ու կարող էր ամեն ինչ ավարտվել, սկսում եմ ավելի ուժգին սիրել կյանքն ու ժպտալ ամեն ինչին և ամենքին: Դե, իսկ տանիքն ինձ համար դառնում է բաց պատուհան, որտեղից ծագում է արևը ու տալիս հնարավորություն կյանքը նոր գույներով ընկալելու համար: