seda mkhitaryan

Կյանքի համը

Ամեն մանուկ այս աշխարհում ուզում է որ շուտ մեծանա,
Իսկ մեծերը, չգիտես ինչու, ուզում են նորից փոքրանալ…

Վստահ եմ, բոլորդ լսել եք հայերեն մանկական երգի այս տողերը և շատերդ էլ համաձայնվել եք իմաստի հետ։ Ես էլ համաձայն եմ։ Մեզանում, ինչպես գրեթե ամեն բան, սա էլ հակառակ է։ Այս հակառակությունն էլ առաջ է գալիս հայի բնավորության իմ ամենաչսիրելի գծերից մեկի՝ ամեն ինչից դժգոհելու ու բողոքելու պատճառով։ Այո, ճիշտ է, երեխաները միշտ ուզում են շուտ մեծանալ կամ, ավելի ճիշտ, իրենց տարիքից մեծ երևալ և, հանուն դրա, ոչինչ չեն խնայում։

Մեկը` ես,  տանել չեմ կարողանում այն երեխաներին, ովքեր փորձում են իրենց տարիքից մեծ երևալ: Նրանք ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին վաղ թե ուշ դառնալու են։ Սկսում են բարձրակրունկ հագնել` չմտածելով, որ հետո ամբողջ կյանքում, գուցե  իրենց ցանկությանը հակառակ, դա են հագնելու։ Սկսում են շպարվել, առանց մտածելու, որ հետո դա անելու են արդեն անհրաժեշտաբար, որ ծածկեն իրենց կնճիռները: Բայց հիմա կնճիռներ չունեն, և ինչո՞ւ են, չեմ հասկանում, ներկում իրենց շուրթերը, իրենց այդքան վարդագույն ու կենդանի շուրթերը: Սպասեք, դրանք շուտով կգունազրկվեն: Պարզապես կգունազրկվեն տարիների ձեռքով և, այն ժամանակ, խնդրեմ, ներկեցեք` ինչքան ուզում եք:

Եվ հիմա էլ կարող եք ներկել: Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Պարզապես հիշեք` այլևս երբեք չեք լինելու մանուկ: Ահա այդ ժամանակ արդեն կսկսեք երազել մանկանալու մասին, չգիտակցելով, որ արդեն տանուլ եք տվել ձեր կյանքի համը՝ ձեր մանկությունը։