Sabina Davtyan

Կյանքի ու մահվան սահմանագծում

Հիշողությունների գիրկը ընկնելու սիրահար չեմ, բայց այս անգամ բանն ուրիշ է ու ինչ-որ տեղ պարտադիր, քանի որ մեղադրում եմ ինքս ինձ ամենի մեջ: Մեղադրում եմ հազարավոր կորուստների` թե մարդկային, թե տարածքային: Մարդկային կորուստներ հազարավոր, որոնց մեջ մարդիկ էին, ում ճանաչում էի կամ ում հետ դեռ չէի հասցրել ծանոթանալ: Վայրեր, որտեղ չէի այցելել, բայց պետք է այցելեի… Պետք էր… Պետք էր ամեն բան ուրիշ կերպ անել, պետք է ամեն բան ուրիշ կերպ լիներ…

Կորուստներ… Պատերազմ… Մահ…

Իսկ ի՞նչ է նշանակում ապրել միշտ պատերազմող երկրում: Նշանակում է, որ մահը ավտոբուս բաց թողնելու պես հաճախակի կրկնվող երևույթ է դարձել ու արդեն շատ տևական ժամանակ: Մահը չի հարցնում ոչինչ, մահը չի սպասում, մահը չի համբերում, մահը չի զիջում:  Մահը անխնա տանում է… Մեծ ու փոքր… Տանում է մերոնց ու տանում է անվերադարձ…

Ապրելով պատերազմող երկրում, չէ, ապրելը սխալ կլինի: Ճիշտ բառը գոյատևելն է, որովհետև հոգով մեռած մարդը լիարժեք ապրել չի կարող, իսկ մեզանից շատ-շատերը հոգով  մեռած են… Մեզանից շատերը շարունակում են ապրել այս անիծյալ մղձավանջում, շարունակում ենք ապրել ու պայքարել մեր ապագայի, ինչը կասկածելի է` արդյո՞ք գալու է, թե՞` ոչ… Ապրելով պատերազմող երկրում մոռանում ես վախի մասին: Միայն սառնություն ու վրեժխնդրություն ես զգում: Վախենում ես միայն մեկ բանից՝ կրկնությունից:

Կկրկնվի…

Կկորցնես, կրկին կկորցնես… Կրկին հողին կհանձնես… Կրկին սև գույնը հարազատ կդառնա քեզ համար: Կրկին ձեռքերդ դողալով ու աչքերդ փակ կմտնես սոցկայքեր, որպեսզի չհանդիպես կորստի մասին լուրի, իսկ վատ լուրը միշտ շատ արագ է հասնում: Կամ կրկին անգամ կջնջես բոլոր սոցկայքերդ և ուղղակի անտեղյակ կշարունակես ապրել, իսկ մարդի՞կ, մարդկանց խոսակցություններից ո՞նց պետք է փախչես: Իհարկե, ականջակալներ: Ականջակալները միշտ ինձ փրկում են:

Կրկին կկանգնես կյանքի ու մահվան սահմանագծին կամ ավելի վատ՝ ուղիղ կկանգնես մահվան դիմաց, կնայես մահվանը առանց վախի, առանց ափսոսանքի, այլ կնայես մեղադրողի ու դատավորի հայացքով ու կհարցնես` չե՞ս հոգնել նույն տեղը գալով, չե՞ս հոգնել մարդկանց քեզ մոտ տանելով: Ի՞նչ ես անում, այդքանին ու՞ր ես տանում…