arman baghdasaryan

Կորել է իմ սերը

Դեպքը տեղի ունեցավ մեկ ամիս առաջ: Արթնացա առավոտյան ժամը իննին, որովհետև պետք է գնայի Մալայան աչքի կլինիկա: Լվացվեցի, հագնվեցի, թեյ խմեցի, տանից դուրս եկա, սիրելիիս հաջողություն ասացի և վերելակով իջա առաջին հարկ: Ուղիղ մեկ ժամ սպասելուց հետո եկավ հինգերորդ համարի երթուղայինը: Քանի որ Մալայանում ինձ  «տշում» էին մեկ սենյակից մյուսը, վերադարձա տուն ահավոր հոգնած:

Երբ հասա մեր հարկ, հասկացա, որ ինչ-որ բան պակասում է, բայց այդ պահին իմ ուղեղը «մտածում էր» միայն թավայի միջի հավի թևիկների մասին: Երեկոյան դուրս եկա բակ, որպեսզի հանդիպեմ ընկերներիս: Ժամը տասի կողմերն էր, ես և Գռնոն (հանկարծ չփոխեք Գառնիկ գրեք), քանի որ նույն շենքից ենք, միասին մոտեցանք վերելակին: Երրորդ հարկում ես դուրս եկա վերելակից և առաջարկեցի Գռնոյին մի քիչ զրուցել մեր հարկում:

Եվ հանկարծ հասկացա, թե ինչն է պակասում.

-Գռնո, չկա… Սերս չկա, Գռնո… Տարել են, փախցրել են:

-Հա, էլի, չկա:

-Ախ, սիրտս, ես չեմ դիմանա էս ցավին, Գռնո:

-Լավ, ախպեր, չմտածես, կգտնենք սիրուդ: Հել տուն, հանգստացիր, վաղվանից կսկսենք որոնումները:

Ես այնքան վատ էի ինձ զգում, որ նույնիսկ չկարողացա Գռնոյին բարի գիշեր ասել:

Ամբողջ գիշեր չկարողացա քնել, մտածում էի իմ սիրո մասին:

Հաջորդ օրը առավոտից  դուրս եկա իմ սիրուն ման գալու: Ամենուրեք հարցուփորձ արեցի, նկարագրեցի նրա գեղեցկությունը, բայց ոչ ոք չկարողացավ ինձ օգնել:

Հույսս կտրած վերադարձա տուն: Չէի կարողանում չմտածել իմ գեղեցկուհու մասին:

«Պետք է մտքերս ցրեմ»,-մտածեցի ես և որոշեցի ինձ տալ խմիչքին:

Մեկ բաժակը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ վեց… Ստոպ, ի՞նչ վեց: Չէ, ես արդեն վատ եմ: Հավաքիր քեզ, Արման: Դու ուժեղ ես: Ապտակ, ևս մեկ ապտակ: Շատ ուժեղ էր, գիտակցությունս կորցրեցի: Բացում եմ աչքերս: Մեկ ժամ անգիտակից պառկած էի: Լվացվեցի, հաց կերա, կարծես արդեն լավ եմ:

Այդ դժբախտ դեպքից հետո անցել է մեկ ամիս, բայց ցավը  միևնույնն է, կա ու դեռ երկար կմնա:

Էհ, տեսնես հիմա որտե՞ղ է հեծանիվս:

Հ.Գ. Գողացել են կարմիր գույնի «Ֆիլիպս» ֆիրմայի հեծանիվ: «Ֆիլիպս» բառը գրված է հեծանիվի վրա մեծ սպիտակ տառերով: Եթե տեսնեք այդպիսի հեծանիվ, խնդրում եմ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով. 094-94-49-26: