Կրակը վառ պահիր

Կիսատ թողած գործերս գնում եմ, ու մտածում՝ որ ինչ էլ լինի, տեղ կհասնեմ, գուցե ուշացած, կամ մի քիչ շփոթված, բայց կհասնեմ։ Կգնամ, ետ չեմ էլ նայի, ինձ հիմա դա պետք չի, ես իրոք ետ չեմ կարողանում նայել։

Կնստեմ տանս դիմաց, կծիծաղեմ, կհիշեմ, որ մի օր որոշել էի ամեն բան կիսատ թողնել, ու այդ կիսատ թողածը մի օր նոր ձևով շարունակել։
Ինձ հավատացնում եմ նաև, որ պետք է հաճախ կիսատ թողնես, որ լիությունը ինքնըստինքյան գա…
Չնայած էլի բերողը դու ես… Ես կլռեմ, ու դու ինձնից ներողություն խնդրելով կհեռանաս, որովհետև ես քեզ կսպանեմ ոչ թե իմ ներկայությամբ, այլ իմ համառ լռությամբ։ Երբ կարդաս իմ խառը ու իրար հետ չսազող տողերը, կհասկանաս, որ ես ժամանակ չունեի քեզ հետ խոսելու, որովհետև մենք նույնիսկ ամենահասարակ թեմաները միասին քննարկել չէինք կարողանա: Ես կխոսեի սիրուց, բայց դու դա էլ չես պատկերացնում, ես կխոսեի մենակությունից, բայց այդ էլ չգիտես…
Բա էդ դեպքում ի՞նչ պիտի լինի…
Ոչինչ…

Ես էլի կսպանեմ քեզ հազար անգամ, որովհետև դու ինձ մեղադրես էլ մեռնելու մեջ, բայց ես քեզ չեմ ների:
Գուցե ինքս ինձ հետ մենակ մնալու դեպքում ներեմ, բայց ես հաստատ կհիշեմ ու նորից կվերքոտվեմ…
Ախր, ես պատրաստ չէի լինել այսքան տկար, բայց ես նաև պատրաստ չէի լինել այսքան տխուր, բայց ժպիտի քողով բարուրված։

Գրողը տանի, ես պատրաստ եմ հանգչել, բայց ինձ իմ կրակը թույլ չի տալիս, ես դեռ պիտի գործեմ:
Իմ կրակը շատ ջրապահանջ է, բայց ես միշտ ունեմ համապատասխան նյութեր, որպեսզի թույլ չտամ նրան հանգչելու։
Իմ կրակը կա, ես կլինեմ։ Չնայած նրան, որ ինձ հասկացողներ էլ քիչ կլինեն, հետևաբար սիրողներ էլ քիչ կունենամ։
Բայց հո՞ չեմ խելագարվել, ես ինչպե՞ս դառնամ բոլորի սիրելին:

Իմ հավերժ դառնությունների մեջ ես լույս կգտնեմ, ես կլինեմ ինձ լուսավորողը, կլինեմ նաև իմ ընկերը, ինչ լավ է: Ես ինքս ինձնից ոչինչ չեմ թաքցնում, զգացածս ապրում եմ, տեսածս, լսածս, խոսացածս, հասկացածս վերածում կյանքի փորձի ու ապրելով շարունակում եմ կրակիս կյանք տալ…