seda mkhitaryan

«Դասավանդիր, Հայաստան» ծրագրի մեր ուսուցիչը

 Հարցազրույց անգլերենի ուսուցչուհի՝ Անի Հարությունյանի հետ, ով մեր գյուղ է եկել «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում։

-Միսս Անի, կպատմե՞ք մի փոքր ձեր մասնագիտության ընտրության մասին:

-Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ` անգլերենի ուսուցչուհի: Ընդհանրապես կարծում եմ, որ մասնագիտության ընտրությունը իսկապես այն մի քանի կարևոր որոշումներից է, որ մարդ կայացնում է իր կյանքում: Մասնագիտությունս ընտրել եմ դեռահասության տարիքում, ինչպես մեզնից շատերը: Ընտրել եմ այն պարզ ու միամիտ մի պատճառով` սիրում էի այդ լեզուն: Իհարկե, ուսմանս ընթացքում արդեն սկսեցի մասնագիտությանս նայել կիրառական տեսանկյունից: Բախտս բերեց, որ սիրտս ճիշտ էր հուշել:

-Ինչպե՞ս հայտնվեցիք մեր գյուղում՝ Քարինջում։

-Որպես ընտրածս ուղու տրամաբանական շարունակություն դարձավ դասավանդման ոլորտը: Ուսումս ավարտելուց և որոշ ժամանակ դասավանդելուց հետո որոշեցի կրթական ծրագրով գնալ Չինաստան` այնտեղի դպրոցում դասավանդելու: Ամեն ինչ համարյա որոշված էր և պատրաստ: Սակայն 2014 թ. մայիսին մի քանի օրում իմ կյանքն իսկապես փոխվեց, որի համար ուրախ եմ հիմա: Հայաստանում գործում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպությունը, որը վերապատրաստում է տարբեր մասնագետների և ուղարկում Հայաստանի տարածքում գտնվող առավել կարիքավոր գյուղերի դպրոցներ` դասավանդելու 2 տարով: Համացանցում տեսա իրենց հայտարարությունը, և այդ գաղափարն ինձ միանգամից գրավեց: Որոշեցի մնալ իմ հայրենիքում: Դրանից սկսվեց ամեն ինչ: Մեզ` 14 ուսուցիչներիս, ուղղորդեցին տարբեր գյուղեր: Եվ այդպես ես հայտնվեցի իմ Քարինջում, որտեղի միջնակարգ դպրոցում արդեն երկրորդ տարին է, ինչ դասավանդում եմ անգլերեն:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գյուղում և արդյո՞ք դեռ կան ինչ որ բաներ, որոնց հետ դեռ չեք հարմարվել։

-Գյուղ գալուս առաջին իսկ օրվանից տեսել եմ շատ ջերմություն և սեր տեղի բնակիչների կողմից, ովքեր ինձ չճանաչելով անգամ, հյուրընկալել են և պատվել: Սակայն ուրախ եմ նաև, որ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել դժվարությունների ամեն օր: Դրանց շնորհիվ եմ ես ուժեղանում և շարունակում բացահայտել կյանքը: Ինձ համար` որպես անծանոթ գյուղ եկած ուսուցչի, դժվարություններ են եղել կապված նոր միջավայրի, կենցաղային խնդիրների հետ և այլն: Սակայն ամենամեծ դժվարությունը ինձ համար եղել և մնում է երեխաներին դպրոցը և ուսումը սիրել սովորեցնելը: Հուսով եմ, մենք կհասնենք նշանակալի արդյունքի:

-Ինչպիսի՞ն է մեր համայնքը Ձեր աչքերով, կցանկանայի՞ք մնալ և շարունակել աշխատել այստեղ։

-Սիրեցի ձեր բնությունը: Այստեղ զգացի իրական ներդաշնակություն: Դա նշանակում է, որ արդեն կապված եմ Քարինջի հետ, տեղի մարդկանց, ինչքան էլ տարբեր լինենք մենք: Սակայն իմ տունն այստեղ չէ: Ինչքան էլ ես սիրեմ այս գյուղը, մնում եմ հյուր: Ես ցանկանում եմ մի բան միայն` իմ աշխատանքի 2 տարիների ընթացքում հասցնել որևէ օգտակար բան անել դպրոցի, երեխաների և համայնքի համար: Կարծում եմ ինչքան էլ ցավալի լինի, երբեմն հեռանալն ավելի ճիշտ է:

-Ըստ Ձեզ, ո՞րն է մեր համայնքի առանձնահատկությունը։

-Համայնքը խրոխտ ու հպարտ է իր աշխարհագրական դիրքի նման: Ինչքան էլ տարբեր լինեն մարդիկ, նրանց միավորում է մի կարևոր հատկանիշ` իրար օգնելու ու հոգ տանելու պատրաստակամությունը: Հենց այդպես էլ կհիշեմ ձեզ: