«Հաղթում է այն կողմը, որն իրեն պարտված չի ճանաչում». Խաչատուր Երիցյան

Մերօրյա պատերազմի մասնակիցներից մեկն էլ իմ եղբայրն էր՝ Խաչատուր Երիցյանը:  Մարդ, ով ինձ համար հայրենասեր, խելացի, հասկացող, միշտ առաջ շարժվող և պայքարող մարդու օրինակ է: Պատերազմի ընթացքում,  երբ խոսեցի նրա հետ,  խնդրեցի, որ այս ամենի ավարտից հետո հարցազրույց անցկացնեմ իր հետ,  խոստացավ և իր խոսքի տերը եղավ:

Եղբայրս մեկն է այն հերոսներից, որոնցով ուղղակի անհնար է չհպարտանալ: Երբ նոր էր զորակոչվել բանակ,  կասկած անգամ չունեի,  որ նա բանակում ևս իրեն հրաշալի է դրսևորելու,  իմ առջև ունենալով եղբորս օրինակը՝ գիտեի,  որ մեր հայրենիքը վստահելի տղաների ձեռքերում է: Եղբայրս նույնիսկ գերազանցեց իմ սպասելիքները:

Նա ծառայությունը սկսել է Գյումրիի հակատանկային զորամասի ուսումնական դիվիզիոնում,  աչքի է ընկել իր բարձր առաջադիմությամբ և կարգապահությամբ,  6 ամիս հետո ստացել է «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչումը և երկու շքանշան,  այնուհետև ծառայությունը շարունակել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի հրետանային զորամասում,  որտեղ 6 ամիս ծառայելուց հետո ստացել է «Սերժանտ» զինկոչումը:  Ծառայության ողջ ընթացքում բազմաթիվ անգամներ արժանացել է պատվոգրերի և շնորհակալական նամակների:

Պատերազմի ընթացքում ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկաներ և դիտակետեր: Հոկտեմբերի 29-ին Մարտակերտում վիրավորվել է և մինչ օրս շարունակում է բուժումը:

-Ինչպե՞ս հայտնեցին պատերազմի սկսվելու մասին լուրը,  և ինչպե՞ս արձագանքեցիք դուք՝ զինվորներդ:  Չէ՞ որ այդ ժամանակ սահմանին չէիք:

- Սեպտեմբերի 25-ը սովորական օր էր,  առավոտյան վերկաց,   մարմնամարզություն,   նախաճաշ,   նախաճաշից հետո առավոտյան տողան,   որից հետո դիվիզիոնը հավաքակայանից ստանում է ֆագոտները և կոռնետները ու բարձրանում զորամասի դիմացի սարը և սկսում պարապմունքները:  Ժամը 09: 30 էր արդեն,   դիվիզիոնի հրամանատարը զանգահարեց մեր մարտկոցի հրամանատարին և ասաց,  որ դիվիզիոնը շարվի հավաքակայանում: Շարվելուց հետո եկավ կամձիվը (դիվիզիոնի հրամանատար),  ասաց «10 ու 12 մարտկոցին տագնապ»: Մտածեցինք՝ սովորական ուսումնական տագնապ է,   բայց մարտկոցի հրամանատարն ասաց. «Արագ շարժվեք,   բայեվոյ ա,  ուսումնական չի»:  ժամանակին դուրս եկանք զորամասից,   մի գիշեր մարտական հերթապահություն անցկացրեցինք կենտրոնացման շրջանում: Ամսի 26-ի երեկոյան գնացինք տեղազննման, որ իմանանք՝ կռիվը սկսվելուց  որտեղ պիտի գնանք,  որ կողմ պիտի կրակենք: Տղերքից մեկը տանկերի կուտակումներ էր տեսել հակառակորդի սահմանին,  կամձիվին ասաց, նա էլ ասաց,  որ լուրջ բան չկա, պարապմունք են անում երևի: Մի գիշեր էլ մարտական հերթապահություն անցկացրեցինք, ու առավոտ ժամը 5-ին կամձիվը կամբատին ռացիայով ասաց. «10-րդ մարտկոցին տագնապ», որից հետո եղավ այն, ինչ եղավ:

- Երբ պատրաստվում էիք բարձրանալ դիրքեր,  ի՞նչ էիք պատկերացնում՝ ո՞ւր եք գնում: 

-Մտածում էինք՝ սովորական մարտական հերթապահության ենք գնում:

-Ինչպիսի՞ն էր տղաների մարտական ոգին:

- Սկզբում, բնականաբար, ընկճված, բայց հետո արդեն միշտ մարտական, անգամ,   երբ իմանում էինք,  որ որոշ տեղեր մերոնք հետ են գնացել:

-Մարտական ընկերներիդ մասին ի՞նչ կասես: 

- Մարտական ընկերներս բոլորն էլ սրտացավ էին,   միշտ իրար կողքի,   ամեն հարցում իրար օգնում էին,   մի խոսքով, բոլորն իրար թև ու թիկունք էին:

-Ինչպե՞ս եղավ,  որ վիրավորվեցիր: 

-Հոկտեմբերի 29-ն էր,   առավոտյան ժամը 9: 30-ը կլիներ,   ինչպես միշտ, հանգիստ չէր այդ օրը:  Տղաները բոլորը բլինդաժում էին,  բլինդաժը լրիվ գետնի տակ էր:  Մի 20 սմ բարձրությամբ պատուհան կար,  որից դիտարկում էինք անում:  Ես հեռադիտակով դիտարկում էի անում ու հանկարծ նկատեցի՝ ոնց  մի սև գույնի ծիտ գալիս է ուղիղ մեր կողմը:  Հետո հասկացա,  որ ծիտ չի,   հրթիռ է:  Շատ արագ եղավ այդ պահը:  Հրթիռը պատուհանով մտավ, իմ ձախ կողմով անցավ ու խփեց հետևիս պատին: Պատը մոտ կես մետր էր ինձնից հետ: Պայթյուն, մթություն, լռություն… Մի պահ արդեն հավատացել էի,  որ մեռել եմ ու մտածում էի՝ մեռնելը տենց է լինում:  Չգիտեմ՝ ինչքան ժամանակ հետո գիտակցությունս հետ եկավ,   բայց կանգնած էի դեռ,   չէի ընկել, ուղղակի չէի ուզում փախնել, որովհետև գիտեի, թե մեռել եմ արդեն, ու իմաստ չունի,   բայց հետո լսեցի կամբատի ձայնը:  Ասաց. «Մի կորցրեք ձեզ,  դուրս եկեք արագ»:   Բլինդաժը լրիվ սև ծուխ էր,  ու ոչ մի բան չէր էրևում,   չգիտեմ՝ ոնց դուրս եմ եկել բլինդաժից,  իմ հետևից դուրս եկավ կամբատը,  ու 2-րդ անգամ խփեց բլինդաժին,   բայց տղերքը լրիվ ողջ էին մնացել ու հասցրել էին դուրս գալ,   բացի մի հոգուց, որին մեր ընկերներից մեկը մտավ ու հանեց. ոտքն էր մնացել ուղղակի փլատակի տակ:   Բլինդաժում լիքը փամփուշտ կար,   ու,   որ վառվում էր բլինդաժը,   տաքությունից դրանք աջ ու ձախ կրակում էին,   բայց կարևորը ոչ մեկը չզոհվեց այդ օրը:

-Իսկ ո՞րն է պատերազմի թողած ամենավատ հիշողությունը: 

- Երեքօրյա հրադադարից հետո հոկտեմբերի 13-ը… Տղերքը ամսի 13-ին մսաղաց էին ասում: Այդ օրը վիրավորվեց մեր ընկերներից մեկը, իսկ մյուս ընկերը,  ով այս ամառ էր զորացրվել ու  կամավոր եկել էր մեզ մոտ,  ով մեր ուրախությունն էր,   միշտ ժպիտով,   միշտ ուրախ հումորներով… Ու ամսի 13ին… Ինքը զոհվեց…

-Ի՞նչ փոխեց քո մեջ պատերազմը: 

-Առողջական վիճակս (կես լուրջ,  կես կատակ):

-Շատ կորուստներ ունեցանք… Ու հիմա ամենից շատ ձայնի իրավունք հենց դուք ունեք,  ի՞նչ կասես պատերազմի ավարտի մասին,  ինչպիսի՞ ավարտ էիր ակնկալում դու: 

-Ես կարծում եմ,  որ 21-րդ դարում պատերազմը չպետք է որոշիչ դեր խաղա, ու ցանկացած հարց պետք է լուծվի բանակցությունների եղանակով: Դրա համար ակնկալում էի,  որ ինչքան հնարավոր է շուտ դադարեցվի հայերի ու ադրբեջանցիների գենոցիդը, հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:  Ու չեմ կարծում,  որ կար մեկը, ով եղել է մարտի դաշտում, ուզում էր պատերազմը շարունակվի: Իսկ պատերազմի արդյունքների մասին շատ բան չեմ ասի, ամեն ինչ դեռ առջևում է…

-Իսկ ի՞նչ կցանկանաս ասել մեր ժողովրդին: 

- Թո լավ ըլնեն,  հորս արև… (իր բնավորության համաձայն ՝ կատակում է, հումորի իմաստը վստահ եմ,  որ շատերդ կհասկանաք),  իսկ եթե լուրջ՝ շատ շնորհակալ եմ,  որ այդ դժվար օրերին հայ ազգը համախմբված իր զինվորի համար անում էր ամեն հնարավոր ու անհնարը, որ գոնե մի փոքր թեթևացնի նրա հոգսը և  ուսերին դրված պարտականությունը: Իսկ այն,  ինչ կատարվում է հիմա երկրի ներսում, նրանք,  ովքեր ստեղծում են անիմաստ լարվածություն այս դժվար պահին… Հավաքե՛ք ձեզ,   մենք բոլորս հայ ենք, հիմա բանակը վերականգնելու, հզորացնելու ու զոհվածների հարազատների ցավը կիսելու ժամանակն է: Հաղթում է այն կողմը,  որն իրեն պարտված չի ճանաչում, մի՛ թողեք,  որ մեզ պարտված ճանաչեն:

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս մեր ապագա զինվորներին: 

-Ինչպես Մոնթեն է ասել. «Սիրիր հայրենի հողդ այնպես, որ թշնամին վախենա այդ սիրուց»: