Դիլիջանյան մեդիա ճամբար. Հայաստանի պատանիները միասին

Ֆոտոարշավներով հագեցած երրորդ օրվանից հետո պարզ դարձավ, որ հաջորդիվ մեզ սպասվում են ավելի ծանր աշխատանքներ: Արթնանալուց հետո արդեն անում եմ ինձ համար ռեֆլեքս դարձած գործողությունը` նայում եմ օրակարգին և միաժամանակ վերհիշում երեկվա մեր կատարած հիմարությունները: Երբ Միլենան մատուցողին մաղթում էր մեր իմպուլսային թեյի պես երկար կյանք, և թե ինչպես էր նրա հետ լուսանկարվում:

Դիլիջանում առավոտները բավականին սառն են, իսկակապես թվում է, թե օդը ստեղծվում է բոլոր այն ծառերի արտաշնչանքից, որոնք ապրում են այստեղ: Մեծ ուրախություն էր ինձ համար այստեղ գտնվելը, քանի որ Հայաստանի տարածքում բացի իմ Երևանից ուրիշ ոչ մի տեղ չէի եղել և անգամ պատկերացում չունեի, որ այսպիսի հրաշքներ էլ են լինում: Եվ այնքան հետաքրքիր է անցնում մեր օրը, լի վարպետության դասերով, այդքան գիտելիքներով, որ փոխանցվում է մեզ:

Այստեղի միջավայրը էլ ավելի հիանալի են դարձնում բոլոր այն մասնակիցները, ովքեր հավաքվել են այստեղ: Որոնցից ամեն մեկը մի մեծ աշխարհ է պարունակում իր մեջ: Մի առանձին գժվելու բան: Ու այստեղ չեմ կարող չնշել Անահիտի անունը: Ում արևն ամեն անգամ տեսնելուց շոյում է, ու մի փոքրիկ արև գոյացնում իր մազերի մեջ: Երևի իր երկինք աչքերը համարելով իր բնակության վայրը: Թեև այդ լույսին երկար նայելուց աչքերդ կուրանում են, մեկ է, այդ գանգրահեր աղջիկը կմնա արևի տեղում` տիեզերքի կենտրոնում, իր մտքերով, իր ժպիտով և իր արևից կարմրած այտերով: Էլ չեմ խոսում մնացածի` Միլենայի, Լիդուշի, Հռիփսիմեի, Մարիամի, բոլոր-բոլորի, և իջևանցի մեր ընկերների մասին, և ամենատարբեր մարզերից եկածների:  Այսպես երկար կարելի է խոսել, քանզի ամեն մեկը իր մեջ մի ամբողջ տիեզերք է պարունակում:

«Մանանայի» շնորհիվ Դիլիջանում համախմբվեցին տարբեր մարզերից պատանիներ և անգամ այս չորս օրվա ընթացքում դարձան լավ ընկերներ: