qristine stepanyan

Հայացք

Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ պահի, ինչ-որ հանգամանքներում, կամա թե ակամա, ներառվում է այլ մարդկանց կյանքում, հաճախ նաև փոխում ճակատագրեր: Անծանոթ մարդիկ, հայացքներ, վայրկյան… Ընդամենը մի վայրկյանում մենք դառնում ենք ուրիշի պատմության մի մասը: Այս պատմությունը մի աղջկա մասին է, որին տեսել եմ մեկ անգամ շատ տարիներ առաջ…

Մշտական առօրյա, երբ ձեռքերդ փայտանում են ցրտից, երբ հայացքդ հառում ես մի ամայի կետի ու, որևէ տեղ չշտապելով, մնում ես կանգնած, կարծես տրվում ես բնությանը՝ ցրտին: Նրան տեսա մեկ անգամ՝ երթուղայինում, հայացք էր՝ կարծես պայքարից հոգնած, չմոռացվո՜ղ: Ձեռքերը տաքացնում էր բերանի գոլորշով, գոլորշին էլ կարոտած էր, ինչպես և նա: Չհամարձակվեցի օգնությունս առաջարկել, նա այդ օգնության կարիքը չուներ: Հայացքը մնաց աչքերիս առաջ: Նույնիսկ նկարիչ լինելու դեպքում չէի ցանկանա փոխանցել այդ հայացքը կտավին… Ինչպես Ռեմարկն էր գրել, նա ճչում էր, պարզապես ոչ ոք չէր լսում նրա ձայնը: Հայացքն անպաշտպան էր, անմեղ, հոգետանջ…

Արդեն մի քանի տարի է` փնտրում եմ այդ հայացքը: Հուսով եմ, նա էլ երբեք չի ունենա այն հայացքը, որով դարձավ այս հոդվածի հերոսուհին:

Ապրելով կամ չապրելով կյանքը, շնչելով կամ ոչ, լինելով կամ չլինելով ներկայում, մենք մտնում ենք ուրիշների հոգիները, դարձնելով կամ չդարձնելով այն մերը: Մենք հետք ենք թողնում դիմացինի մեջ, նույնիսկ որևէ բառ չփոխանակելով ու չճանաչելով նրան:

Լույսով լցնենք ինքներս մեզ, ու լույսով պարուրենք մարդկանց, միգուցե մենք էլ ինչ-որ մեկի հոդվածի, ինչու ոչ, նաև կյանքի մասնիկն ենք դառնում: