Հայը

Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» հոդվածում մանրամասն ներկայացնում է հայ մարդու կերպարը, վեր հանելով մեր ազգի ինչպես բացասական, այնպես էլ դրական հատկանիշները:

Շատ տարիներ են անցել այդ հոդվածի հրապարակումից, թևակոխել ենք 21-րդ դար, նոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, նոր սերունդներ, գաղափարներ ու արժեքներ են ծնվում, բայց հայի բնավորությունը չի փոխվում՝ նույն միամիտն ենք, հյուրընկալը, պարծենկոտն ու փառահեղը:

Կարդում ես նկարագրությունն ու յուրաքանչյուր տողում գտնում ես քեզ, քանի որ դու էլ ես նախընտրում համառորեն աշխատել, կաշվիցդ դուրս գալով մի բանի հասնել, բայց երբեք ոչ մեկից ոչինչ չխնդրել:

Այո՛, այնպես է ստացվել, որ առանց մեզ հարցնելու մեր հայրենիքը բերել ու տեղավորել են այս մոլորակի ամենաթեժ և կարևոր կետերից մեկում, իսկ մենք առանց երկմտելու մնացել ու արմատներ ենք գցել այստեղ: Այնքան խորն ու ամուր են այդ արմատները, որ թշնամիներին այլ բան չի մնում, քան մեզ արմատախիլ անելն ու ոչնչացնելը: Ավա՜ղ, մենք դրան էլ ենք համակերպվել, սովորել ենք ամեն անգամ մեր վերքերը դեռ չսպիացած կրկին ոտքի կանգնել ու պայքարել, որ գոնե մեր ապագա սերունդը լավ ապրի ու այսպես մինչև օրս: Բառիս բուն իմաստով մենք գոյության կռիվ ենք տալիս ամեն օր՝ երեկ, այսօր, վաղը: Ու կարևոր չէ, որ աշխարհում գոյություն ունեն խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքեր, միջազգային կառույցներ կամ մարդու հիմնարար իրավունքների մասին կոնվենցիաներ:

Չէ՛, դրանք մեզ համար չեն, մեր հույսն ու հավատը մեր ազգն է, մեր գյուղացին ու բանակը:

Պատմությունից դասեր է պետք քաղել, չենք անում. մեր մեծագույն սխալն է:

Սահմաններին հարաբերական-կայուն լինելիս (քանի որ մեր սահմաններին երբեք խաղաղ չի լինում) մեծամտանում ենք, մոռանում ենք ամենքին և ամեն ինչ, դիվանագիտական հարաբերություններ կառուցելու փոխարեն առանձնատներ և ռեստորաններ ենք կառուցում, քանի որ աշխարհը մերն է, մենք էլ՝ ասող-խոսող, երգող-պարող ու քեֆ անող ազգ ենք, չէ՞:

Բայց բավական է ինչ որ մեկը ընդհատի մեր խրախճանքը, և էլի դժվարին պահին առաջինը հիշում ենք օտարին, նստում ու սպասում ենք, որ մեր հարցերը գերտերությունները լուծեն, իրենք էլ բաժանում են, կիսում, միացնում, անում այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս: Ու դրա համար մենք բողոքում ենք, բայց եթե հանկարծ չեն խառնվում, մենք էլի բողոքում ենք ու մեղադրում, որ չեկան, չօգնեցին:

Դեմիրճյանը մեզ համեմատում է մեր էպոսի Դավթի հետ:

Այո՛, համաձայն եմ, յուրաքանչյուր էպոս մանրամասն նկարագրում է տվյալ ազգի ամենակարևոր հատկանիշներն ու առանձնահատկությունները, բայց մեր այդ Դավիթը միշտ չափազանց ուշ է արթնանում, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում, երբ արդեն լինել-չլինելու հարցն է սեղանին դրված լինում:

«Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդն է իր դեմ ատելություն ստեղծելու»:

Հեղինակը այստեղ ընդգծում է մեր ազգի ստեղծարար և տաղանդավոր լինելու բացառիկ հմտությունը:

Այո՛, մեր ազգն այդպիսին է. մենք միշտ ձգտում ենք լինել լավագույնը, սակայն դա ոչ բոլորին է դուր գալիս:

Մենք տաղանդավոր ենք բոլոր բնագավառներում՝ գիտություն, մշակույթ, սպորտ: Բայց, ափսոս, մեր տաղանդը ճիշտ չենք կարողանում օգտագործել:

Դպրոցական դասագրքերում կարդում էինք՝

«Հովհաննես Ադամյանը տվեց աշխարհին գունավոր հեռուստացույց, որ կյանքն ավելի գունեղ դառնա…»:

Բայց այդ նույն աշխարհը մի քանի ամիս առաջ խլեց ինձնից կյանքին գունավոր նայելու կարողությունս, դասընկերներիս…

Մի՞թե Դեմրիճյանը գուշակություններ էր արել, թե՞ ուղղակի մենք էլի նույնն ենք մնացել, ու մեր պատմությունը պարբերաբար կրկնվում է: Հեղինակը նշում է.

«Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար: Ուր հեղափոխություն, այնտեղ՝ հայություն»:

Միացրե՛ք հեռուստացույցը… Բոլորը բողոքում են իրարից, երկրի ներսում թշնամիներ են փնտրում, ոչ ոք ոչ ոքի կողմ չէ, բայց միայն խոսում ենք, գործ անող չկա:

Սիրում ենք այդ ազատությունը, բայց դրան հասնելու համար մենք միշտ շատ թանկ ենք վճարում, քանի որ դեռ չենք սովորել սիրել մեր պետությունը, հարգել մեկս մյուսին և լինել միաբան: