Seroj araqelyan

«Հայրենիքի դարպասներ»

Այսօր ուզում եմ պատմել «Հայրենիքի դարպասներ» կազմակերպության հիմնադիր Արման Հայրապետյանի մասին: Մարդ, ում կարելի է անվանել հայրենասեր, ու եթե ֆիզիկապես` ոչ, ապա հոգով, սրտով միշտ սահմանամերձ գյուղերում է: 

Իր կազմակերպած մտահղացումների մասին կպատմեմ, բայց մինչ այդ կներկայացնեմ, թե ինչու սկսեցինք իրեն Թումոյի Արման ասել:

Մեր գյուղ՝ Բաղանիս, Դիլիջանի Թումոյից մարդիկ եկան, որպեսզի հարցերի միջոցով ընտրեն այն հինգ երեխաներին, ովքեր կանցնեն և կսովորեն Դիլիջանի Թումոյում: Այդ ամենը ներկայացնողը Արմանն էր: Երբ ինքը ներկայացավ, թե ով է, ինչի համար է եկել, այդ կարճ ժամանակահատվածում երեխաները երկու անուն փոխեցին. մեկը` պարոն Հայրապետյան, իսկ ծանոթանալուց հետո` Արման:

Սկզբից չէի ուզում մասնակցել, հյուրեր ունեինք տանը, բայց հետո ասացի` հյուրերին տեսնելու հնարավորություն միշտ էլ կլինի, բայց անվճար Թումո գնալու հնարավորություն ամեն մեկին չի տրված: Մտքումս ասացի ու վազեցի դեպի դպրոց: Երևի առավոտվա 10:00-ից մինչև 18:00 շունչներս պահած, այդ լարված ապրումներից հետո սպասում էինք լավագուն հնգյակի հայտարարմանը: Որոշ ժամանակ անց, երբ պարզ դարձավ հնգյակի անունը, այդ ժամանակ լսեցի իմ անունը՝ Առաքելյան Սերյոժա, շնորհավորում եմ: Ու երբ շնորհավորում էին ինձ, չգիտեմ ինչու` խառնվել էի իրար ու չէի հավատում, որ անցել եմ: Մի խոսքով, քվեարկությունից անմիջապես հետո մենք մոտեցանք Թումոյի Արմանին, վերցրեցինք հեռախոսահամարը, որպեսզի կապի մեջ լինենք և իմանանք, թե երբվանից ենք Թումո գնալու: Անցավ երկու ամիս, արդեն երեխաներից շատերը հույսեր չունեին, որ կգնանք: Բայց գնացինք. Թումոյի Արմանը զանգեց: Անցան այդ ամիսները, և մեր դասաժամերը վերջացան: Շատ ժամանակ, երբ գնում էինք Դիլիջան, մի պահ ուրախանում էինք, մի պահ տխրում: Ուրախանում էինք, որ նոր շրջապատի ունենք, համակարգիչներով զբաղվում ենք: Իսկ տխրում էինք, որովհետև ամեն մեկ այցից հետո մեկ դասաժամ էր պակասում:

Ուրիշների համար չգիտեմ, հնարավոր է` ժամանակ անցկացնելու վայր էր, բայց ես ստացա այն գիտելիքները, ինչը գյուղում հաստատ չէի ստանա:

Եթե Արմանի կատարած բարեգործությունների մասին պատմեմ, երևի էջը չբավականացնի: Բայց կնշեմ մի քանիսը, որոնք դժվար թե մոռանանք: Օրինակ, «Տատիկից Զինվորին» ծրագիրը, երբ տատիկներին բաժանվեցին թելեր և շյուղեր` տաք գուլպաներ գործելու, ինչպես նաև խմորեղենի անհրաժեշտ բաղադրամասեր` ավանդական թխվածքներ թխելու համար: Տատիկների գործած գուլպաները և թխած քաղցրավենիքը ուղարկվեց սահմանամերձ զորամասեր: Դրանից հետո մեր գեղարվեստի դպրոցն ապահովվեց այն պարագաներով, ինչը բացակայում էր կամ հաշված քանակով էր. թուղթ, ռետին, մատիտ, գունավոր ներկեր և այլն: Եվ իհարկե, այս ամենը Արմանի շնորհիվ: Հա, մոռացա նշել նաև մի քանի ամիս առաջ Արմանի խոստացած Երևան Թումոյի այցի մասին: Մի քանի շաբաթ առաջ մենք այցելեցինք Երևանի Թումո: Դիլիջան Թումոյից գնացինք Beeline-ի գրասենյակ, որովհետև տրանսպորտի և սննդի հովhանավոր էր հանդիսանում Beeline Armenia-ն: Գնացինք Երևանի Թումո: Շրջեցինք ամբողջ շենքով, ծանոթացանք ուսանողների, տեղի առօրյայի և մասնագետների հետ:

Հենց էնպես չէի գրել, որ ինքը՝ Արմանը, միշտ սահմանամերձ գյուղերի կողքին է: Արմանին ուզում եմ շնորհակալություն հայտնել թե իր շնորհիվ ձեռք բերած նոր շրջապատի, թե ստացած գիտելիքներ համար: