Հայրենյաց անմահ պաշտպանը

Սեպտեմբերի 27-ին սկսած Արցախյան գոյամարտում շատերը ընկան։ Նրանցից յուրաքանչյուրը այս փոքր հայրենիքի մի մասն էր կազմում։ Պատերազմը ոչ ոքի չխնայեց, այն իր հետ տարավ ամենաթանկը՝ բազում մարդկային կյանքեր։ Այդ քաջերի թվում էր նաև Գագարին ավանի նվիրյալներից Ալիկ Իշխանի  Պետրոսյանը, ծնված 1982 թվականին։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև  2000 թվականին անցել է զինվորական ծառայության։ Ալիկի հայրը և եղբայրը նույնպես եղել են զինվորական։ Այս պատերազմին հայրը նրա հետ չէր (մահացել էր հիվանդությունից), սակայն նրա հետ էր եղբայրը, ում աչքի առաջ Ալիկը կատաղի մարտեր էր վարում, և հանուն իր զինվորների ապահովության, առանց ետ նայելու, առաջ էր գնում։ Հենց այդ պայքարի արդյունքում էլ ընկավ։ Ալիկի մասին իր հիշողություններով կիսվեց նրա եղբայրը՝ Էրիկ Պետրոսյանը, ով եղբոր հետ կատաղի մարտեր է վարել Մատաղիսում:

-Ալիկը շատ նվիրված էր հայրենիքին, հայրենիքի հանդեպ սերը մանկուց է եղել՝ պատերազմի դաշտում կռիվ տվող  մեր հոր օրինակը ունեցել ենք միշտ մեր աչքի առջև, այդպես էլ  դաստիարակվել ենք և մենք։ Մեր հայրը լավ կերպար էր մեզ համար, և դրա համար մենք նրա գործը շարունակեցինք։ Ալիկը եղել է դասակի հրամանատար, մինչև վերջին պահն էլ մտածում էր իր ազգի, հայրենիքի, ընտանիքի ու հայ զինվորի մասին։ Ալիկը ավելի քան երեք պատերազմի  է մասնակցել, 2016 թվականի Քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան մարտերին և 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սկսված պատերազմին, որի ժամանակ էլ զոհվեց։ Մենք կռվում էինք Մատաղիսում, հենց առաջնագծում, և հոկտեմբերի 4-ին եղբայրս` իմ աչքի առաջ, կատաղի մարտեր վարելու ժամանակ քաջաբար ընկավ։

2002 թվականին, երբ Ալիկը վերադառնում է ծառայությունից, որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող և 2004 թվականից սկսած մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը նա իր աշխատանքով մեծ ծառայություն է մատուցել իր երկրին։ Նա եղել է նաև Երդվյալ ազատամարտիկների միության անդամ, բազմիցս արժանացել է  խրախուսանքների, պատվոգրերի և շնորհակալագրերի։ Ալիկը ամուսնացած էր և ուներ երեք երեխա, իր հիշողություններով կիսվեց նաև Ալիկի կինը:

-Ալիկը հայրենիքին շատ նվիրված էր, շատ էր սիրում իր աշխատանքը, որը ապացուցեց մինչև վերջ։ Լավ հայր, լավ ամուսին, լավ ընկեր…  Ես հպարտանում եմ իրենով, քանի որ նա իր կյանքը տվեց՝ բազում կյանքեր փրկելով։ Իր երկու տղաների համար նա հիանալի օրինակ էր։ Հայրենասիրական մեծ ոգով էր դաստիարակում  երեխաներին, հետևողական էր, ուշադիր, քաջ…

Ալիկի նախաձեռնությամբ Գագարինում պետք է հուշաքար կառուցվեր, որը նվիրված էր լինելու համայնքի ազատամարտիկների և զինծառայողների հիշատակին, հիմքը արդեն դրված էր, բայց իր սկսած գործը թողեց կիսատ, նախքան պատերազմը պատգամել էր, որ այդ այգում հետո իր համար էլ տեղ հատկացնեն…

Ալիկի մասին խոսեց նաև նրա հարևանուհին:

-Հայրենիքի համար պայքարելը նրա կոչումն էր, մեծագույն սիրով և նվիրվածությամբ էր անում իր գործը, ակտիվ մասնակցում էր համայնքի հասարակական աշխատանքներին, անգամ հիշում եմ իր փոքրիկ տղային էր զինվորական գեղեցիկ շորեր հագցնում, եթե տեսներ ծանր տոպրակներ, անմիջապես վերցնում էր, օգնում։ Մեծ է նրա ավանդը։

Հայրենիքի փրկության համար նա չխնայեց ամենաթանկը՝ սեփական կյանքը։