Հայրեր և դուստրեր

-Պա՜պ, ո՞նց ես,- մոտեցա հայրիկիս և նրա այտին «պոնչիկ» արեցի։

-Լավ եմ, Գոգլի։ Դո՞ւ։

-Ես էլ,- ժպտալով ասում եմ ես և թխելով նրա մեծ ձեռքին, անցնում եմ իմ սենյակ։

Իմ ու հայրիկիս միջև միշտ եղել են այսպիսի ընկերական հարաբերություններ և միգուցե նրա պատճառով, որ դպրոց հայրիկս է տանում, դպրոցից հայրիկս է բերում։ Շատերը ասում են, որ ես ու հայրիկս իրար շատ նման ենք, բայց ես մտածում եմ, որ նման են միայն մեր ժպիտները և աչքերի ձևը ծիծաղելուց։

Փոքր ժամանակ, երբ պետք է գնայի քնելու, և երբ դեռ հայրիկս ննջասենյակ գնացած չէր լինում, ես ասում էի.

-Պա՜պ, արի գրկի, տար ինձ քնեցնելու։

Եվ ես գնում էի, կանգնում էի բազկաթոռի վրա, իսկ հայրիկս՝ դրա մոտ։ Ապա ես ոտքերս դնում էի նրա գոտկատեղին, ձեռքերովս էլ պինդ գրկում էի նրա վիզը։ Եվ երբ հասնում էինք իմ անկողնու մոտ, ես համբուրում էի նրան և իջնում, պառկում քնելու։ Ապա երբ վերմակով ծածկվում էի, ասում էի.

-Դե, ինձ «упаповка» արա։

Հայրիկս վերմակը դնում էր մեջքիս, ոտքերիս տակ և վերջում էլ ասում․

-Վերջ, հիմա կարանք «բանտիկ» կապենք ու տանենք նվեր։

Բայց երբեմն լինում էր այնպես, որ պառկելուց հետո ես տեղիցս վեր էի թռչում ու գնում իմ «գործերով», իսկ երբ հայրիկս ինձ տեսնում էր, ասում էր.

-Վերջ, էլ քեզ չեմ բերելու։

Բայց միևնույն է, մյուս երեկո նա էլի ինձ բերում էր քնեցնելու։ Նաև առաջին դասարանից մինչև հիմա պայուսակս տալիս եմ հայրիկիս տուն գնալուց, որովհետև պայուսակս ծանր է, իսկ ես՝ հոգնած։ Եվ քանի որ փոքր ժամանակ իմ բոլոր պայուսակները վարդագույն էին, սեպտեմբերի սկզբին հայրիկս ինձ ասում էր.

-Մանու՛շ, ի՞նչ կլինի, մի քիչ մուգ գույներով պայուսակ առ, որ աղջկական չերևամ։

Եվ վերջապես նրա երազանքը այդ երկու տարվա ընթացքում իրականացավ, իմ պայուսակը կանաչ երանգով է։ Բայց դեռ շատ է լինում, որ հայրիկս պետք է մի փոքր աղջկական բաներ անի։ Օրինակ, մի անգամ, երբ պետք է գնայի պարի մրցույթի, առավոտից պատրաստվում էի։ Մայրիկս դեռ քնած էր, և որպեսզի նրան չարթնացնեմ, դիմեցի արդեն արթնացած, հեռուստացույց դիտող հայրիկիս։

-Պա՜պ, «մանիկյուր»  կքսե՞ս։ Ախր, էս աջ ձեռքս չեմ կարում քսեմ, է։

Երկար համոզելուց հետո հայրիկս արեց դա։

Ինչպես նկատեցիք, հայրիկս ինձ շատ հաճախ ասում է «Գոգլի», իսկ երբեմն էլ` Մանուշ։ Մանուշ ասում է այն ժամանակ, երբ ուզում է, օրինակ, տնայիններս ստուգել կամ ուզում է, որ ինչ-որ բան անեմ։ Կամ էլ` երբ պարից հոգնած գալիս եմ, միանգամից փռվում եմ բազկաթոռին և դեռ երևի մեկ ժամ ոչինչ չեմ անում և միայն ժամանակ առ ժամանակ ասում եմ.

-Վայ, հոգնեցի։ Ոտքերս ցավում են։

Իսկ հայրիկս էլ այդ ժամանակ ասում է.

-Դե, որ հոգնում ես, պիտի պարից հանեմ քեզ, այ Մանուշ։

Եվ մենք երկուսս էլ սկսում ենք ծիծաղել։ Նա պնդում է, որ ինձ պարից կհանի, իսկ ես ասում եմ, որ դա պետք է իմ ուզելով լինի։

Սիրում եմ հայրիկիս, նա աշխարհի ամենալավ հայրիկն է: