Հայ լինելը պատիվ է, սյունեցի լինելը՝ հպարտություն

Այդ օրը եկեղեցու զանգերը կերկեր էին, բոթաբեր: Լուրը ցնցեց ամբողջ գյուղը, մանկան ճիչը լռեց, կիրակնօրյա դպրոցում երգի ու պարի խմբակներից լսվող երաժշտությունը քարացավ, կենտրոնում հավաքված մարդիկ անզորությունից համրացան: Բոթը տնից տուն մտավ, քաղաքից քաղաք, երկրից երկիր: «Սիսիանից վեց զոհ կա, Մարտակերտում անօդաչու սարքն ընկել է Սիսիանի ավտոբուսներից մեկի վրա»,-գրվեց համացանցում:

Վեց զոհից երկուսը մեր գյուղից էին` Դարբասից: Մեկը մեր գյուղի գյուղապետը, ում «մարդ-լեգենդ» էին կոչում, նախկին ազատամարտիկն ու զինվորականը, որ լուրը լսելուն պես հասել էր Երկրապահ կամավորականների միություն և սկսել հավաքագրումը:

Մայիս Միրզոյան, դու պետք է նշեիր քո 60-ամյակը, դու նոր էիր վիրահատվել` սրտի բարդ վիրահատություն էիր տարել, քեզ էին սպասում ընտանիքդ, ծեր ծնողներդ և ողջ Դարբասը: Բայց, ինչպես ասում են, զորական մարդու ճակատագիրը ինքն է դարբնում: Դու քո մահը ընդունեցիր թշնամու նենգ զարկից, գնում էիր ոգևորությամբ, բայց մտահոգ էիր, լուռ: Գուցե ներքին ձա՞յնն էր այդպես թելադրում: Քեզ հետ էր համագյուղացիդ`Սեթոն (Սեդրակ Ասրյանը), քո կրտսեր ընկերը ու զինակիցը: Սեթոն հպարտանում էր քեզնով, ժպիտը երեսին, միշտ ուրախ: Որտեղ Սեթոն, այնտեղ ծիծաղ էր ու խնդություն: Նրա աղջիկն ու տղան 2 տարի մեր դպրոցում էին սովորում: Տղան մեր դասարանից էր: Հիշում եմ, երբ տեսնում էր մեզ, ժպտալով հարցնում էր. «Խոխեք, հո՞ւնց եք, ա, իմ կեղի խոխեքը ուրիշ են, ուրիշ… Արևնիդ կծեմ, տհենց»:

Բանաստեղծություններ էր գրում, կարդում գյուղամիջում, ակրոստիքոսներ նվիրում ընկերներին: Եկեղեցու բացման օրը կանգնել էր ջրով լի տակառի վրա ու պարում էր, պարում…

Ի՞նչ իմանար Ապունց Սեթոն, որ ինքը հայտնի է դառնալու ոչ թե իր գրած բանաստեղծություններով, սրամտությամբ, դիպուկ հումորով և իր մասին հյուսված անեկդոտներով, այլ հերոսի մահով: Ի՞նչ իմանար, որ ինքը հանգչելու է Սիսիանի զոհվածների պանթեոնում, որ իր մահը ողջ Սիսիանն է սգալու, որ ինքը 44 տարեկան հասակում ձուլվելու է այն հողին, որի համար պայքարել էր: Սիսիան-Ղարաբաղ ճանապարհին բոլորին այնքան է ծիծաղեցրել, որ չեն էլ զգացել, որ գնում են անմահանալու, գնում են հավիտենություն, գնում են հերոսանալու…

Ափսոս, հազար ափսոս.

Մայիս Միրզոյան

Սեդրակ Ասրյան

Արմեն Բեգլարյան

Դավիթ Սարգսյան

Եղիշ Նիկալյան

Սերգեյ Դանղյան

Թող լույս իջնի ձեր գերեզմաներին, թող չկրակված փամփուշտները օդ արձակվեն, և թշնամուն հիշեցնեն, որ հերոսների մարմիններով, նույնիսկ այրված, Սիսիանի հողը նորից ամրացավ:

Սոսե Զաքարյան

***

«Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը»:

Ոմանք հիշեցին, ոմանք ոչ, ոմանք էլ միգուցե չէին լսել այս արտահայտությունը: Հերոս Նժդեհի մտքերից է: Արի՛ է, այո՛, արի՛ է մեր ազգը, հա՛յ ազգը: Վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ հայն անպարտ է՝ պատրաստ միշտ ետ շպրտելու մայր հողն անպատվող ցանկացած վայրենու:

Դեռ մի քանի օր առաջ ես չգիտեի, թե ինչ է նշանակում պատերազմ: Իհարկե, շատերը կմտածեն, թե այդ ինչպես մի քանի օրում հասկացա այս բառի ողջ իմաստը, եթե պատերազմական դեպքերը կատարվում են ինձանից շատ հեռու: Մեծ ցավով պատմեմ, թե ինչու ապրիլյան երազային օրը վերածվեց մռայլ իրականության:

Բավականին ծանր օր էի ունեցել: Երեկոյան ընկերուհուս հետ իջա եկեղեցի՝ մտածելով, թե միգուցե այնտեղ հանգստություն գտնեմ. սխալվում էի: Չգիտեմ էլ ինչու, եկեղեցում ինչ-որ բան ինձ ավելի էր սեղմում և ցավեցնում, ու ակամա մի քանի արցունք գլորվեցին իմ աչքերից: Ժամերգությունը վերջանալուն պես մենք դուրս եկանք եկեղեցուց, և այն, ինչ ես տեսա, սարսափ առաջացրեց իմ մեջ: Ընկերուհիներս լաց էին լինում. ոչ, դրանք սովորական արցունքներ չէին, դրանք կորուստ էին մատնանշում: Չհասկացա, թե ինչպես մի ակնթարթում հասա նրանց մոտ և հարցրի, թե ինչ է պատահել: «Գյուղից զոհեր կան». երեք բառ ու լռություն: Իրականում այդ լռությունը միայն իմ մեջ էր, որովհետև բոլորը ամեն կողմից հարցնում էին, թե ովքեր են զոհվել:

Ոչինչ չէի զգում, նույնիսկ այն, որ արցունքները հեղեղի նման հոսում են այտերիս վրայով. զգում էի միայն այդ սուր ցավը, որը այդպես խոցեց սիրտս ու հոգիս: Ինչ որ բան էր կանգնել կոկորդիս և չէր ուզում տեղից շարժվել: Չէի հասկանում, թե որտեղ եմ և ինչ է կատարվում շուրջս: Առանց գիտակցելու երեխաների հետևից մտա եկեղեցի: Ուշքի եկա միայն այն ժամանակ, երբ տեսա, որ ընկերներս լավ չեն. հասկացա, որ իրավունք չունեմ թուլանալու, պետք է օգնեի նրանց: Ցավս կրկնակի անգամ մեծացավ, երբ տեսա այն տասնութ տարեկան երիտասարդին, ում բոլոր ընկերները սահմանին կանգնած էին, և ով ամեն վայրկյան զանգի էր սպասում: Նա թուլացած հենվել էր պատին՝ գլուխն առած ձեռքերում և չգիտեր ինչպես զանգել ընկերոջը և ասել, որ նրա հորեղբայրը զոհվել է վայրենի ազերու արձակած ռումբի պայթյունից:

Այլևս անիմաստ է շարունակելը: Զոհվեցին քաջերը, զոհվեցին հանուն ինձ, հանուն քեզ և հանուն նրանց: Արի էին՝ Նժդեհի պատկերացրած այն հերոսի նման, ով սպանել էր իր մեջ իր կաշվի համար դողացող անասունին: Ասում են, որ վերջին վայրկյաններին Աշոտ Մինասյանը ասել էր, որ անօդաչու թռչող սարքը նկարում է իրենց, իսկ նրանք հպարտորեն պատասխանել էին. «Թո՛ղ թշնամին տեսնի մեզ և պատրաստվի վատագույնին»: Նույն Աշոտ Մինասյանն է ոչնչացրել այդ սարքը, ափսոս, արդեն ուշ էր: Հիմա էլ իմ հետևում ընտանիքիս անդամները պատմում են հերոսների թաղման արարողության մասին. այդպես էլ իմ մեջ այնքան ուժ չգտա մասնակցելու դրան, չնայած բոլոր ընկերներս գնացել էին: Որքան երկար եմ մտածում, այնքան շատ եմ հպարտանում, որ հայ եմ: Մենք պատերազմ չենք ուզում, մենք զոհեր չենք ուզում, մենք խաղաղ ազգ ենք, բայց երբ ինչ-որ մեկը փորձում է բռնի տիրանալ մեր տարիներով պահած և շենացրած մայր հողին, մենք կարող ենք դառնալ այն կատաղած գազանը, ով պատրաստ է ամեն ինչի՝ հանուն ընտանիքի, հանուն ազգի, հանուն հայրենիքի: Ինչպես որ խոսքս սկսեցի, այնպես էլ ուզում եմ ավարտել հզոր ռազմիկի խոսքերով:

«Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ»:

Մերի Համբարձումյան

***

«Անմահ անուններ մեր ձորերում»

Մեր գյուղապետը` Մայիս Երջանիկի Միրզոյանը, ծնվել է 1956 թ. մայիսի 1-ին Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Դարբասի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի  թիվ 9 տեխնիկական ուսումնարանում: 1974 թ. մեկնել է խորհրդային բանակ, իսկ արդեն 1993 թվականին, հայոց բանակի կազմավորվելուց հետո, ծառայության է անցել ՀՀ ՊՆ  զորամասի պայմանագրային վաշտում, որպես դասակի հրամանատար, ստանալով ավագ լեյտենանտի կոչում:

1993 թվականի մարտի 31-ին Քելբաջարի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մղվող պայքարում վիրավորվել է: Ղարաբաղի ազատագրական շարժման բոլոր մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է կառավարական մի շարք մեդալներով: 1996 թ. ստացել է կապիտանի կոչում, իսկ արդեն թոշակի անցնելիս ուներ փոխգնդապետի կոչում: Նա նաև ԵԿՄ-ի Սիսիանի բաժանմունքի նախագահն էր: Երբ 2012 թ մեր գյուղում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, նա ընտրվեց որպես գյուղապետ:

Սա մի փոքրիկ կենսագրական տեղեկություն է մեր գյուղապետի մասին, որից կարծում եմ կարելի է եզրակացնել, որ նա իսկապես հայրենասեր մարդ է եղել: Բացի այդ նա բարի ու կենսախինդ մարդ էր:
Հիշում եմ, երբ երեխաներով միջոցառումներ էինք կազմակերպում, նա մասնակցում էր, իսկ մենք`երեխաներս, շատ էինք ոգևորվում, երբ նա ներկա էր լինում: Նա երբեք չէր մերժում մեր խնդրանքները և միշտ օգնում էր մեզ: Մինչև հիմա հիշում եմ նրա բարի դեմքը և այն ժպիտը, որ անպակաս էր նրա դեմքից…

Ապրիլի 5-ն էր: Սովորական առօրյա: Դպրոց, տուն, պարապմունքներ: Այդ օրերը լարված էին, բոլորս էլ գիտեինք հակառակորդի առաջխաղացման մասին և անհանգիստ էինք, թեև չէինք վախենում ու անգամ մենք`աղջիկներս, պատրաստ էինք գնալ սահման, եթե դրա կարիքը լիներ: Ապրիլի 4-ին կամավորական խմբեր էին գնացել սահման, գնացել էին նաև մեր գյուղապետը և նաև մեր համագյուղացիներից մեկը: Ոչ մեկիս մտքով էլ չէր անցնում, որ այդ օրը կլսենք մի շատ ցավալի լուր:  Տանն էիք, երբ հանկարծ մայրիկիս հեռախոսը զանգեց: Մայրիկիս խոսակցությունից կարելի էր ենթադրել, որ մի բան այնպես չէ: Երբ նրան հարցրեցի, թե ինչ էր պատահել, նա փորձեց ինձ այնպես ասել, որ տատիկը չլսի, քանի որ դեռ լուրերը ճշտված չէին:  Բայց տատիկս լսեց: Ադրբեջանցիները պայթեցրել էին ավտոբուսը, որի մեջ եղել էին մի խումբ կամավորներ, այդ թվում նաև գյուղապետը և մեր համագյուղացիներից Սեդրակ Ասրյանը: Երկուսն էլ զոհվել էին:
Մի պահ մենք բոլորս քարացել էինք, չէինք ուզում հավատալ, իսկ մի քանի րոպե անց ես գրկել էի տատիկիս և լաց էի լինում: Շատ տխուր օր էր:
Հաջորդ օրը գնացի դպրոց: Երբ մտա դասարան, բոլորը լուռ էին, ոչ ոք չէր խոսում, միայն տխուր նայում էինք իրար: Մի պահ ինձ թվաց, թե մենք իրար այնքան շատ բան ասացինք, միայն իրար աչքերի նայելով: Հազիվ էինք մեզ զսպում, որ լաց չլինենք: Ամեն ինչ այնքան տխուր էր…
Այն մարդիկ, ովքեր այդ օրը զոհվեցին, հավերժ կմնան մեր հիշողության մեջ իբրև ազնիվ և հայրենիքին նվիրված մարդիկ: Նրանց կյանքի գնով ենք մենք ապրում, և նրանց արյունը մեր մեջ է: Հանուն նրանց թափած արյան մենք պահպանելու ենք մեր հայրենիքը և միշտ հավատարիմ ենք մնալու նրան:

Սոնա Զաքարյան