milena movsesyan

Հաջողության բանալին իմ ականջակալներում

Ես մեկն էի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող այն ուսանողներից, որ առավոտյան երթուղայինով գալիս են դասի, ճանապարհին ականջակալներով երաժշտություն են լսում, մտնում են լսարան՝ իմանալով, որ այդ առարկայից իրենց մասնագիտության համար օգտակար ոչինչ չեն ստանալու։

Բայց ես հասկանում էի, որ պիտի գիտելիքի պակասը որևէ կերպ լրացնեի։ Ի տարբերություն համակուրսեցիներիս՝ ես ստացածս կրթությունից ոչ թե բողոքում էի, այլ դասախոսներին զզվեցնում՝ անընդհատ հարցեր տալով ու նույնիսկ դասից դուրս՝ սոցկայքերում, մյուս հարցերիս բացատրությունը խնդրելով։

Ես գիտեի, որ լավ լրագրող դառնալու համար պետք է չափից շատ տեղեկացված լինես ու անընդհատ ինքազարգանաս։ Իսկ ես շարքային լրագրող դառնալ չէի ուզում։

Որոշեցի ինքնակրթությամբ զբաղվել։ Բայց ես գրադարաններում երկար ժամանակ չէի կարող անցկացնել. իմ գրաֆիկը գերծանրաբեռնված էր: Առավոտյան ես անգլերենի պարապմունքի էի գնում, հետո համալսարան, երեկոյան էլ աշակերտներս էին գալիս, որ անգլերեն սովորեցնեմ։ Ես պիտի ճիշտ կառավարեի ժամանակս։

Հասկացա, որ ազատ ժամանակ միայն երթուղայինի մեջ եմ ունենում։ Երևանյան խցանումների պատճառով օրվա ընթացքում միջինում երկու ժամ ծախսում էի տանից համալսարան գնալու և վերադառնալու վրա (եթե ուրիշ տեղ էլ էի գնում, ուրեմն ավելի շատ)։ Հենց այդ օրվանից էլ որոշեցի, որ կարելի է տեղեկատվությունը, գրքերն ու դասընթացները տեղափոխել ականջակալներիս մեջ, իսկ տեխնիկան տվեց այդ հնարավորությունը։ Այնտեղ այլևս երաժշտություն չէր հնչում, համենայնդեպս, ոչ ամբողջ ճանապարհի ընթացքում։

Եթե երեկոյան առանց լուրեր լսելու ուժասպառ պառկում էի քնելու, առավոտյան էլ չէի հասցնում ծանոթանալ կարևոր իրադարձություններին, բացը լրացնում էի ավտոբուսում՝ լրատվական ռեպորտաժներ լսելով։ Երբ սպառվում էին բոլոր նորությունները, ես հեռախոսով երգերիս թղթապանակը չէի բացում. չէ՞ որ դեռ պետք է ինքնակրթվեի։ Այս դեպքում էլ ինձ օգնեցին համացանցը, սոցկայքերն ու մի քանի ծրագրեր։ Դրանք հնարավորություն էին տալիս ներբեռնել աուդիոգրքեր, ֆիլմեր, կրթական, զարգացնող վիդեոներ, դասեր ու հայտնի լրագրողների վարած դասընթացներ։ Տանից դուրս գալուց առաջ ես որոշում էի՝ ինչ նոր թեմա եմ ցանկանում ուսումնասիրել, ընտրում էի համապատասխան նյութերն ու պահպանում հեռախոսիս մեջ։ Ճանապարհին իմ ականջակալներում արդեն ոչ թե հազար անգամ լսածս երգերն էին հնչում, այլ ինչ-որ մեկի ձայնը, ով բացատրում էր՝ ինչպես ճիշտ լուսանկարել, ինչպես օգտվել մոնտաժային ծրագրերից կամ ինչպես դառնալ ավելի լավ լրագրող։ Ու այս ամենը ես լսում էի անգլերենով կամ ռուսերենով, որովհետև հայերեն նմանատիպ նյութեր համացանցում քիչ կան։ Այսպիսով ես նաև զարգացնում էի իմ լեզվական կարողությունները։

Ականջակալներով անհրաժեշտ գիտելիք ստանալը շատ հարմար տարբերակ է. դու խնայում ես քո ժամանակը, կարողանում ես մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել և չես փչացնում տեսողությունդ՝ երթուղայինի մեջ գիրքը դողացնելով կարդալով։

Ես լսում էի նորություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, հետո՝ խորհուրդներ պրոֆեսիոնալ լրագրողներից, իսկ դրան գումարվում էր համակարգչային նոր ծրագրերի ուսումնասիրությունը։ Ծանոթանում էի այն բոլոր թեմաներին, որոնք հետաքրքրում էին ինձ՝ բիզնեսից մինչև ինքնազարգացում, ժեստերի լեզվից մինչև հաղորդակցման հմտություններ, երթևեկության կանոններից մինչև ճանապարհորդական ռեպորտաժներ։

Հիմա ես ունեմ լավ աշխատանք հեռուստաընկերություններից մեկում։ Եվ սրան հասնելու համար էլ պիտի շնորհակալ լինեմ ինքս ինձնից ու իմ ականջակալներից։ Դրանց շնորհիվ կարողացա խիստ զբաղված գրաֆիկի դեպքում էլ զարգացնել մասնագիտական հմտություններս, մեծացնել մտահորիզոնս, հետ չընկնել կատարվող իրադարձություններից։

Ես մասնակցեցի լրագրողական մի մրցույթի ու հաղթեցի։ Ես վստահ էի անհրաժեշտ ունակություններիս ու հմտություններիս հարցում և հավատում էի իմ հաղթանակին, իսկ երբ ինքդ հավատում ես, մյուսներին համոզելը շատ հեշտ է լինում։

Այսօր առանց ականջակալների երթուղային չեմ նստում։ Մարդկանց անձնական խնդիրներին, վարորդի և ուղևորի վեճերին, հայհոյանքներին ականջ դնելու փոխարեն գերադասում եմ ամեն վայրկյան մի նոր բան սովորել։